Վերնատուն

Հայկական կինոյի ու «Օսկարի» բարդ ու խճճված հարաբերությունները. «Վերնատուն»

Ամերիկյան կինոկադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված այս տարվա հայկական ֆիլմը բուռն արձագանքներ գտավ հանրության շրջանում։ Հայաստանի ազգային կինոակադեմիայի ընտրությունը կանգ առավ  ռուս — հայկական համատեղ արտադրության ֆիլմի և ոչ՝ մեկ տարվա ընթացքում մի շարք հեղինակավոր փառատոններում բազմաթիվ մրցանակների արժանացած ֆիլմի վրա։

 «Օսկար» մրցանակաբաշխությանը մասանակցելու համար ներկայացված չորս ֆիլմերից ընտրվել է Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» խաղարկային ֆիլմը։ Մասնակից մյուս երեք ֆիլմը՝  Շողակաթ Վարդանյանի «1489», Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով — Ս․Փարաջանով» վավերագրական և Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» խաղարկային ֆիլմերն են։

Ինչի՞ շուրջ է աղմուկն ու քննարկումները․  ֆիլմերի գեղարվեստական արժանիքների՞, թե  խոսքը դրանց ներկայացուցչականության ու քաղաքական ուղերձներին է վերաբերվում։

Կինոփորձագետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանը և Հայաստանի կինոլրագրողների ու կինոքննադատների ասոցիացիայի անդամ Դավիթ Վարդազարյանը խոսում են Կինոակադեմիայի «անհաջող» ընտրության ու հանրության արձագանքների, «Օսկար»-ի կարճ ցանկում հայտնվելու շանսերի, հայկական կինոյի և «Օսկարի» հարաբերությունների և այլ հարցերի մասին։

Մելիք Կարապետյանն ասում է, որ Ակադեմիան ո՛չ այս և ո՛չ էլ նախորդ տարիներին երբևէ չի հայտարարել, թե ինչ ֆիլմեր են դիմել, ինչպես են ընտրվել, ո՛ր ֆիլմը քանի ձայն է ստացել և ինչպես ինքն է ասում՝ հենց այդ «մութ դաշտն» էլ առիթ է ստեղծում հանրության բուռն արձագանքներին։

Դավիթ Վարդազարյանը նշում է, որ կարևորը ոչ թե մրցանակի, այլ բարոյականության հարցերն են և այն բարոյական ճգնաժամն ու դիլեման, որ իրենց որոշմամբ ստեղծել են կինոգործիչները, իրենք էլ պարտավոր են ելքեր գտնել։

Բանախոսները կարևորում են այս քննարկումները, նշում են, որ հազվադեպ է լինում կինոյի հետ կապված որևէ բան, որ այսպիսի մեծ արձագանք ունենա։

Կարդացեք նաև

Back to top button