
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում եթե ոչ շտապողականությունը, ապա հնարավորին չափ շուտ կնքելու մոտեցումները վերջին շրջանում առանձնակի են ընդգծվել թե՛ պաշտոնական Վաշինգտոնի, թե՛ եվրոպական մի շարք երկրների, թե՛ Ռուսաստանի կողմից։ Քաղաքագիտական շրջանակներում այս շահագրգռությունը տարբեր կերպ են բացատրում՝ շեշտը դնելով տարածաշրջանում էսկալացիոն ռիսկերը նվազեցնելու և ռուսաստանյան ազդեցությունը չեզոքացնելու, կամ, հակառակը, ուժեղացնելու վրա։ Այս համատեքստում ուշագրավ են նախօրեին հնչած որոշ հայտարարություններ՝ թե էսկալացիայի նոր ռիսկերի, թե խաղաղության պայմանագրի կնքման մասին։
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանն ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին Ադրբեջանի հետ ռազմական էսկալացիայի վտանգ չի տեսնում։
«Ռազմական էսկալացիայի վտանգ այս պահին չկա, իրավիճակը սահմաններում գնահատվում է իբրև հարաբերական կայուն»։
Մեկնաբանելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանում սպասվող COP-29 համաժողովից հետո, Էդվարդ Ասրյանը նկատեց՝ Հայաստանի ԱԳ նախարարը տվել է ռազմաքաղաքական, իսկ ինքը տալիս է ռազմական գնահատական։
«Ներկա դրությամբ ԳՇ-ն չի գնահատում նման իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ։ Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում, որը ոչ թե դիտարկում է մեկ ամիս, երկու ամիս, այլ դիտարկում է ողջամիտ ժամկետը, որը կարող է գերազանցել վեց ամիսը, մեկ տարին»։
Հայաստանի արտգործնախարարից բացի՝ հնարավոր էսկալացիայի ռիսկերի մասին վերջին շրջանում խոսել են նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաև կառավարության նիստերից մեկում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ԱԳՆ-ն էլ, Իրանի ուղղությամբ Իսրայելի վերջին հարվածի համատեքստում դատապարտել է տարածաշրջանային անվտանգության խաթարման և էսկալացիայի տանող գործողությունները՝ շեշտելով կոնֆլիկտները դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով լուծելու անփոխարինելիությունը։ Այս հայտարարության մեջ կարելի է ուղղակի կապ տեսնել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու՝ հայկական կողմի մոտեցման հետ, որն առաջ է տարվում Խաղաղության պայմանագրի առաջմղմամբ։
Այս պայմանագրի թեման նախօրեին շեշտել է նաև ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանը՝ ընդգծելով մինչև Ադրբեջանում COP29-ի անցկացումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելու անհրաժեշտությունը։ Օլիվիե Դեկոտինյին, մասնավորապես, ասել է․
«Ադրբեջանն ունի հատուկ պատասխանատվություն, հատկապես, որ, որպես COP 29-ի կազմակերպիչ, իր վրա է սևեռում միջազգային ուշադրությունը, ինչը նրանց համար հատուկ միջազգային պարտավորություններ է առաջացնում։ Այս փուլում նրանց հիմնական պատասխանատվությունն է՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել»։
Հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե նրանք հետաձգեն դա և հրաժարվեն համաձայնագիրը ստորագրել մինչև COP 29-ը, մեր երկրում Ֆրանսիայի դեսպանն այսպես է պատասխանել.
«Մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղության համաձայնագրի պայմաններն առկա են, և այն պետք է կնքվի հնարավորինս շուտ»։
Ինչու է ֆրանսիական կողմը դեսպանի շուրթերով շեշտում, որ խաղաղության պայմանագիրը մինչև COP29-ի անցկացումը պետք է ստորագրվի։ Էսկալացիայի ռիսկե՞ր կան, թե՞ պաշտոնյաների հայտարարությունները պարզապես զգոնության կոչ են: Համադրելով այս հարցերը՝ քաղաքագետ Արա Պողոսյանը չափազանց փոքր է համարում հավանականությունը, որ մինչև COP29 Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Պողոսյանը հետևյալ դիտարկմանն է։
«Ես չեմ կարծում, որ այս շտապողականությունը կապված է էսկալացիայի հավանականության, ռիսկերի, դրանց նվազման կամ աճի հետ։ Սա առաջին հերթին քաղաքական հայտարարություն է»։
Քաղաքագետը նկատում է, որ մինչև վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումն անցկացվում էր արևմտյան հարթակներում, և կային քննարկումներ, որ ամեն ջանք գործադրվելու է, որպեսզի մինչև COP29-ը ստորագրվի պայմանագիրը։ Ըստ քաղաքագետի՝ նաև շեշտվել է, որ COP29-ը վերջնակետ չէ, բայց լավ հնարավորություն է։ Այդ իմաստով ֆրանսիական ազդեցությունը հասցված է նվազագույնի, քանի որ Ադրբեջանն է պաշտոնական Փարիզի մոտեցումները մերժում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին, ապա, քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով, այդ կողմերը, բնականաբար, ամեն առիթի փորձելու են հնարավորն անել, որ նախաձեռնությունը մնա իրենց դաշտում և չտեղափոխվի ռուսական հարթակ կամ «3+3» ձևաչափ։
«Ընդ որում, այս պարագայում թե՛ Եվրոպական միությունը, և թե՛ Միացյալ Նահանգները հաճախ գործում են բավականին սինխրոն։ Այսինքն՝ համագործակցված, որպեսզի Ադրբեջանը չձգտի գնալ դեպի ռուսական կամ այլ հարթակներ, որոնք ցանկալի չեն Միացյալ Նահանգներին և Եվրոպական միությունը։ Այդ իմաստով, ես կարծում եմ, որ ակտիվությունը կպահպանվի։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ամեն կերպ հնարավոր յուրաքանչյուր առիթ կօգտագործի, որ իրեն հարմար պահի ներմուծի, օրինակ, երկկողմ ձևաչափը, այնուհետև՝ 3+ 2 ձևաչափ, երբ իրեն հարմար կլինի՝ նաև, ինչու՞ ոչ բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակները»։
Այսպիսով, հնարավոր էսկալացիայի ռիսկի մասին գնահատումները տարբեր են։ Այս ընթացքում COP29-ին ընդառաջ՝ եվրոպական մի շարք կարևոր հարթակներից արդեն հնչել են ազդակներ՝ ուղղված Ադրբեջանին և շեշտելով հարգել իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնք պարունակող միջազգային փաստաթղթերի տակ հենց Բաքվի ստորագրություն է։




