
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել հարևան Սիրիայում և Իրաքում տեղակայված թիրախներին, որոնք կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) խմբավորման հետ։ Անկարան PKK-ին պատասխանատու է համարում չորեքշաբթի օրը Անկարայի մերձակայքում գտնվող ավիատիեզերական ընկերության կենտրոնակայանի վրա հարձակման համար, որի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։
Թուրքական ռազմական հրամանատարության հայտարարության համաձայն՝ PKK-ի օբյեկտների վրա մի շարք հարձակումների արդյունքում զոհվել է 59 մարդ, որոնց Անկարան ահաբեկիչներ է անվանում։
Սիրիայում քրդական աշխարհազորայիններն իրենց հերթին հայտնում են, որ երկրի հյուսիսում և արևելքում թուրքական հարվածների զոհ է դարձել առնվազն 12 խաղաղ բնակիչ։
Հայտնի չէ, թե կոնկրետ քանի մարդ է մասնակցել չորեքշաբթի օրը Անկարայի մոտ գտնվող Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության կենտրոնակայանի վրա հարձակմանը։
Հրապարակված տեսահսկման կադրերը շենքի ներսում ցույց են տվել առնվազն երկու զինված տղամարդ։ Հաղորդվում է, որ նրանք սկզբում գործի են դրել պայթուցիկ սարքը, ապա փոխհրաձգություն են սկսել պահակների հետ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ հարձակվողներից երկուսը՝ տղամարդ և կին, «վնասազերծվել են», իսկ մեկ օր անց հայտարարել է, որ նրանք ճանաչվել են որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ Ալի Օրեքը և Մայն Սևջին Ալչիչեքը։
Ո՛չ PKK-ն, ո՛չ էլ որևէ այլ խմբավորում դեռևս չեն ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն ոչ միայն Թուրքիայում, այլև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, 1980-ականներից պայքարում է թուրքական իշխանությունների դեմ՝ պահանջելով ինքնավարություն երկրի հարավում ապրող քուրդ բնակչության համար։
Հինգշաբթի առավոտյան քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) մեղադրել են Անկարային «հարձակումների նոր ալիք» սկսելու մեջ, այդ թվում՝ «քաղաքացիական հավաքների» վրա, որի հետևանքով զոհվել է 12 մարդ։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ հինգշաբթի ողջ գիշեր թուրքական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Սիրիայի քրդական ենթակառուցվածքներին երկրի հյուսիսում և արևելքում։ Մասնավորապես, «ինտենսիվ հարձակումների» են ենթարկվել Հասակա, Ռաքքա, Քոբանի, Մանբիջ և Թալ Ռիֆաաթ քաղաքները։




