ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Գործադիրը հրաժարվում է հարկման արտոնյալ ռեժիմներից, փորձագետները ծառայությունների թանկացում են կանխատեսում

Կառավարությունը որոշել է փուլ առ փուլ  հրաժարվել  հարկման արտոնյալ ռեժիմներից։ Խոսքը, մասնավորապես, շրջանառության հարկի մասին է, որը, գործադիրի գնահատմամբ, այլընտրանքային լինելու փոխարեն վերածվել է արտոնյալ համակարգի: Այս գնահատականի հիմքում այն վերլուծություններն են, ըստ որոնց՝  գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկման բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկինը։ Կառավարությունն առաջարկում է գործունեության որոշ տեսակներ դուրս բերել շրջանառության հարկի դաշտից։ Փորձագետները փոփոխության հիմնավորումներն ընդունելի են համարում, բայց նաև համոզված են՝ նոր կարգավորումները ծառայությունների թանկացման են բերելու։

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երեք ամսից, բայց քննարկումները դրանց շուրջ սկսվել են երկու տարի առաջ։ Հայաստանում 2025-ի հունվարից գործունեության որոշ տեսակներ դուրս կգան շրջանառության հարկի դաշտից ու կանցնեն ավելացված արժեքի հարկման դաշտ։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը հիշեցնում է՝ հարկային եկամուտների կառավարման՝  2022-2025 թթ․ ծրագրով առանցքային  փոփոխություններից մեկը վերաբերում է շրջանառության հարկին։

«Այս հարկատեսակի նպատակը եղել է փոքր բիզնեսի համար հարկային հաշվառման պարզեցված կանոններ սահմանելը և մեղմ վարչարարության պայմաններում գործունեություն ծավալելու հնարավորություն ապահովելը, սակայն փորձը ցույց է տվել, որ որոշ դեպքերում շրջհարկի համակարգը այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է արտոնյալ համակարգի կամ այլ կերպ ասած՝ դարձել է փաստացի ավելի քիչ հարկեր վճարելու տարածք»։

Գործադիրում ու մասնագիտական շրջանակներում համոզված են, որ շրջանառության հարկի դաշտում գործունեությունը զարգացրել է  ստվերային տնտեսությունը։  Գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկման բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկինը։ Մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարա­յին հարկային բեռը գերա­զան­ցում է շրջանա­ռու­թյան հարկի բեռը 2 անգամ, շինարարու­թյան ու առևտրի ոլորտներում՝ ավելի քան 2․5 անգամ, անշարժ գույքի ոլորտում՝ 2.1 անգամ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծում է․

«Շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի»։

Հարկային արտոնյալ ռեժիմները խանգարում են բիզնեսի զարգացմանը։ Ֆինանսների նախարարն ասում է՝ քննարկումների ժամանակ արմատական փոփոխությունների առաջարկներ են ստացել, բայց որպեսզի տնտեսվարողները շոկի չենթարկվեն, դրանց ընթացք չի տրվել։ Նախարարը վիճակագրությունն է ներկայացնում։

«2022-ի տվյալներով 56 հազար շրջհարկ վճարող կա, որոնք երկու անգամ ավելի շատ են, քան ընդհանուր հարկման համակարգում գործող տնտեսվարողները։ Նրանք վճարել են հակերի 2․3 տոկոսը։ Սա ցածր ցուցանիշ է»։    

Գործադիրը որդեգրել է շրջանառության հարկից փուլ առ փուլ հրաժարվելու քաղաքականությունը։ Այս փուլում առաջարկվում է վերանայել այս հարկատեսակի դրույքաչափերը և կրճատել երկու համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը: Տնտեսագետ Մերի Բոյաջյանը նույնպես ընդգծում է՝ տվյալ դաշտում  գործունեությունը հաճախ հանգեցրել է ստվերի ավելացմանը։

«Գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռը անհամեմատ ավելի բարձր է, քան շրջհարկինը․ մշակող արդյունաբերությունում ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցել է շրջարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ»։

Հունվարի 1-ից գործադիրը նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող գործել շրջանառության հարկով: Դրանք տեղափոխվում են ԱԱՀ-ի համակարգ, ինչը նշանակում է, որ ավելի շատ հարկ են վճարելու։ Փոփոխությունների նպատակը ոչ միայն հարկային համընդհանուր կանոններ սահմանելն է, այլև կառավարության ծրագրով սահմանված հարկային եկամուտների թիրախին հասնելը՝ կարծում է  տնտեսագետ Մերի Բոյաջյանը․

«Հարկային բարեփոխումների արդյունքում հարկեր- ՀՆԱ ցուցանիշը պետք է 2020 թվականի համեմատ բարելավվի 2.6 տոկոսային կետով եւ 2026 թ.-ին կազմի 25 %։ Միաժամանակ կարեւոր է, որ ընդհանուր հարկային դաշտ անցումը լինի սահուն, ինչի ապահովումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ կարող է վնասել ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին՝ նրանց դուրս մղելով շուկայական մրցակցությունից»։

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ գերփոքր բիզնեսի համար փոփոխությունները ծանր են լինելու։ Խոսքը մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսի մասին է։ Չի հերքում, որ տնտեսվարողների մի մասը, շրջհարկի տակ քողարկվելով, հարկերից խուսափում է, բայց, ասում է,  փոփոխություններից  մյուս հատվածն  է տուժելու։

«Իրական հասցեատերը մարզային, փոքր արտադրողներն են, որոնք մյուսների՝  խաբողների պատճառով ընկնելու են  ծանր հարկային բեռի տակ։ Մեր նախնական հաշվարկներով՝  ծանր վիճակում են հայտնվելու։ Նրանք իրենց բիզնես մոդելը հենց շրջհարկով են ձեւավորել ու կազմել։  Այժմ, ասենք, նոյեմբեր ամսին ընդունվում է որոշում, որտեղ նշվում է, որ այդ բիզնեսը  հարկման այդ ռեժիմով չի  աշխատելու»։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փրոձագհետ Մերի Բոյաջյանը նշում է՝ փոփոխությունը դրական ազդեցություն կունենա պետբյուջեի եկամուտների ավելացման մասով։ Վիճակագրական տվյալներով՝ վերջին տարիներին ՓՄՁ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների քանակն ավելացել է։

«ՓՄՁ–ների քանակը 2022 թ.–ին 101  532 է  եղել՝   նախորդ տարվա շուրջ 90 հազարի համեմատ, իսկ խոշոր բիզնեսում տնտեսվարողների քանակը եղել է 142 ՝ 2021 ի 133-ի համեմատ։ 2018 թ.-ին ՓՄՁ  տնտեսվարողների քանակը եղել է 68654։ Այսինքն՝ 4 տարվա ընթացքում ՓՄՁ  տնտեսվարողների քանակըն աճել է 48 % -ով»։

ՓՄՁ ասոցիացայում հաշվարկել են նաև, թե շրջանառության հարկի համակարգից ԱԱՀ դաշտ անցնելն ինչպես կազդի ծառայությունների արժեքի վրա։

«Նախնական գնահատականներով ՝ հարկային բեռն ավելանալու է շուրջ  30 %–ով,  այդքան էլ կարող է բարձրանալ  ծառայությունների արժեքը»։

ՓՄՁ-ում կարծում են, որ միասնական հարկային համակարգ ունենալու ճանապարհին  առավել ընդունելի տարբերակը պարզեցված հարկային ռեժիմին անցնելն է։

Կարդացեք նաև

Back to top button