Վերնատուն

Քարանձավային բնակավայրերից՝ երկհարկանի առանձնատուն․ Գորիսի արդիականացման գործընթացները՝ Գուրոսի լուսանկարներում. «Վերնատուն»

«Պատկեր և Պատում․ 20-րդ դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» պատկերագիրքը ներկայացնում է  20–րդ դարի Սյունիքի փոխակերպվող սոցիալ-տնտեսական ու պատմամշակութային միջավայրը։ Գիրքը նախաձեռնել է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, հետազոտության հեղինակը ՊՈԱԿ-ի աշխատակից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Արգամ Երանոսյանն է։

Գուրոսը՝ Գուրգեն Պարոնյանը ծնվել է անցյալ դարասկզբին, Գորիս քաղաքում։ Լուսանկարել է Գորիսի բնակիչներին, նրանց բնակավայրերը, առօրյան, կենցաղը, բնությունն ու պատմամշակութային հուշարձանները՝ 20-30-ականներին և 50-70-ական թվականներին։

Լուսանկարիչը աստիճանական զարգացմամբ ներկայացնում է Գորիսի քարանձավային բնակավայրերից անցումը դեպի երկհարկանի առանձնատներ, մանրամասն լուսանկարում է լքված բնակավայրերը, ավանդական առօյայի արդիականացման գործընթացները, 31 թվականի երկրաշարժի ավերածություններն ու հետերկրաշարժյան իրավիճակը։ Գուրոսը համագործակցել է մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների՝ ազգագրագետների, հնագետների, ճարտարապետների հետ։

Արգամ Երանոսյանը լուսանկարների վավերագրական պատմության կարևոր առանցքներից մեկը համարում է 20-30-ականներին տարածաշրջանի բնակավայրերի վավերագրումն ու 50-ականներին նույն այդ բնակավայրերը լքելու գործընթացների արձանագրումը, երբ գյուղերը կիրճերից ու ձորերից սկսեցին տեղափոխվել հարթավայրեր և նոր բնակավայրեր։ Լուսանկարներում մանրամասն երևում է լքված բնակավայրերը, փոփոխություններն ու արդիականացման գործընթացները։ Նա մանրամասն լուսանկարել է նաև գյուղական աշխատանքային ու կենցաղավարական պրոցեսները՝ ավանդականի աշխատանքային գործիքների փոխարինումը արդի տեխնիկայով, Գորիսի առաջին մեքենան, կամուջների կառուցումն ու ենթակառուցվածքային փոփոխությունները։

«Պատկեր և Պատում․ 20-րդ դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» պատկերագրքում ներկայացված է շուրջ 450 լուսանկար։ Լուսանկարներից շատերը տպագրվում են առաջին անգամ։

Կարդացեք նաև

Back to top button