
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում է․ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագիծն օրակարգ ընդգրկելուն։ ԱԺ լիագումար նիստերը սկսվելու են հոկտեմբերի 22-ին։
Առ այսօր երկու երկրների հանձնաժողովների միջև կայացել է 9 հանդիպում, ստորագրվել է 2 համատեղ փաստաթուղթ՝ 2024-ի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման և մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները, նաև ստորագրվել է վերոնշյալ կանոնակարգը՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովում նկատել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է երեք ժամ։ Ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության անդամները ակտիվ մասնակցել են քննարկումներին, բայց որոշում ունեն բոյկոտել այս հարցով լիագումար նիստերում նախատեսված քննարկումները։
Հայաստանի իշխանական վերնախավում մտավախություն չունեն, որ Ադրբեջանը ճանապարհի կեսից հետ կկանգնի և չի վավերացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի ստորագրված առաջին պետական փաստաթուղթը՝ սահմանազատման կանոնակարգը։ Որպես գործընթացին ներգրավված հիմնական անձանցից մեկը՝ Մհեր Գրիգորյանը դրա իմաստը պարզապես չի տեսնում։
«Դե եթե ստորագրվել է փաստաթուղթը, պաշտոնապես, իհարկե, սկսվել է։ Իսկ ո՞վ է ասել, որ շտապում ենք, և եթե կան ռիսկեր, ապա ի՞նչ, տապալե՞նք գործընթացը, չանե՞նք։ Իսկ դուք գիտե՞ք, որ կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է, այն փաստով, որ կա կանոնակարգ»։

Երկու՝ հայկական և ադրբեջանական հանձնաժողովների միջև կա հստակ պայմանավորվածություն՝ հայելային և զուգահեռ աշխատել։ Թեև ո՛չ կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում այս պահին տեղեկություն չունեն, թե որ փուլում է Ադրբեջանում փաստաթղթի վավերացումը, բայց համոզված են, որ Հայաստանի խորհրդարանի կողմից այս շաբաթ կանոնակարգի վավերացումը նոր խնդիրներ չի բերի։ Փոխվարչապետը վկայակոչում է սահմանված ընթացակարգերը և այն, որ երկարատև բանակցված փաստաթուղթը չվավերացնելը բացատրություն չի ունենա, առավել ևս՝ այն չէր ստորագրվի, եթե չհամաձայնեցված հատվածներ լինեին՝ ասում է Գրիգորյանը։
«Բայց, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլը, որ կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ միջազգային իրավունքի համաձայն փոխանակվենք ծանուցումների բնօրինակներով։ Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի։ Այդ իմաստով ես կարծում եմ մենք չենք ունենա իրավական մի իրավիճակ, որ մեր վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ ադրբեջանական կողմում չունենանք վավերչացված հայելանման տեքստ»։
Փաստաթղթերի չվավերացման «դառը փորձ», ինչպես ասում են ընդդիմադիրները, Հայաստանն ունի։ Հիշեցնում են հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվեցին ամենաբարձր մակարդակով և միջնորդությամբ, բայց այդպես էլ չվավերացվեցին։ Հակառակ փոխվարչապետի լավատեսությանը, ընդդիմադիրները սահմանազատման գործընթացում բազմաթիվ խնդիրներ են տեսնում՝ քարտեզներից սկսած, վերջացրած հրապարակային հայտարարություններով։ Քարտեզների հարցը փոխվարչապետն իսկապես համարում է սահմանազատման ամենաբարդ հարցերից։ Ըստ Գրիգորյանի՝ կա բացատրություն, թե ինչու կանոնակարգում որևէ հղում չկա հստակ քարտեզի։
«Ամբողջական քարտեզ գոյություն չունի։ Կան քարտեզներ տարբեր մասշտաբի, տարբեր ժամանակահատվածում հաստատված, տարբեր ժամանակահատվածների։ Մենք ունենք սահման, և այդ սահմանը նկարագրված է ամենաշատը 69 թվականի քարտեզի կազմման ժամանակ, որն ուղղակի ամբողջական չէ։ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների կազմման գործընթացը տևել է 1974-1978թթ, բաղկացած է մոտ 20 կտորից: Այդ բոլոր քարտեզներն անցել են հերթապահություն 1979 թվականին: Բայց նույնիսկ միայն Գլխավոր շտաբի քարտեզին հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, ռիսկային է: Այո, ես կարծում եմ, որ մեկ քարտեզի հղում տալը շատ ռիսկային կլինի թե՛ այս փուլում, թե՛ որևէ այլ փուլում»։
Գրիգորյանը պարզաբանում է, որ 1976 թվականի քարտեզը վերաբերելի է միայն Տավուշի հատվածին: Սյունիքինը 78 թվականինն է՝ ասաց փոխվարչապետը՝ այլ փակագծեր չբացելով:
Փոխվարչապետը պատրաստ է մի շարք հարցերի էլ անդրադառնալ միայն փակ քննարկումներում, ոչ հրապարակային։ Դա վերաբերում է նաև սպառնալիքի մթնոլորտին՝ կոնկրետ հատվածներում սահմանազատում չանելու դեպքում նոր պատերազմի մասին հայտարարություններին, որի հեղինակը նաև վարչապետն էր՝ Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Արդյոք Մհեր Գրիգորյանը որպես ուղիղ բանակցությունների մասնակից զգացե՞լ է այդ ազդակները՝ հարցին պատասխանում է․ «Սպառնալիքների հետ կապված կամ մեր քննարկումների կոնտենտի հետ կապված ավելի բան, քան հանդիպումների արդյունքում հրապարակվել է որպես մամլո հաղորդագրություն, ես չեմ կարող ձեզ հիմա ասել»։

Երեք ժամ տևած քննարկումներից հետո ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը բազմաթիվ խնդիրներ և վտանգներ է պարունակում։ «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը ներկայացնում է 7 հիմնավորում, թե ինչու, ըստ իրենց, պետք չէ վավերացնել այդ փաստաթուղթը։
Կետերից մեկով ընդդիմադիրները եզրակացրել են. «Սույն փաստաթուղթը ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո, ինչը հաստատում են նաև գործող իշխանություններն իրենց հայտարարություններով, որ չստորագրելու այլընտրանքը պատերազմն է։ Այնինչ, սա անգամ չի վերացնում նոր պատերազմի հնարավորությունը։ ԱԺ-ն այս առումով կվավերացնի այսպես կոչված մի համաձայնություն, որը կայացել է փաստացի, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ներքո»։
Հակառակ հանձնաժողովում քննարկումներին ակտիվ մասնակցությանը՝ «Հայաստան» խմբակցությունը որոշել է չմասնակցել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու քվեարկությանը:
Ընդդիմադիրների կարծիքով՝ ժողովրդավարության լավ օրինակ կլիներ, եթե կանոնակարգը դրվեր Հանրաքվեի։ Սակայն, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ նման անհրաժեշտություն չկա։

«Տարածքի փոփոխություն չի եղել և ես ընդհանրապես չեմ հասկանում տարածքի փոփոխության մասին ինչո՞ւ ենք այստեղ խոսում, երբ այս կանոնակարգը ի՞նչ կապ ունի այդ ամեն ինչի հետ»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պարզաբանումներով՝ կանոնակարգը բնավ իրավական այն հիմքը չէ, որի հիման վրա վերականգնվելու է սահմանը։ Դա պարզապես աշխատանքային փաստաթուղթ է համարվում երկկողմ հանձնաժողովների հետագա աշխատանքի համար։ Երրորդ կողմերին այս աշխատանքներին ներգրավվելը Հայաստանի փոխվարչապետը վտանգավոր է համարում։




