ԱՄՆ-ում մահացել է թուրք հոգևոր, հասարակական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը, որի անունը տասնամյակներ շարունակ ասոցացվել է Թուրքիայի ներքաղաքական լարվածությունների և թուրք-ամերիկյան հարաբերությունների խութերի հետ։
Գյուլենի մահը կարող է ազդել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա՝ բացահայտելով, թե արդյոք Գյուլենի կերպարը դեռ դերակատարում ուներ երկու երկրների փոխադարձ դինամիկայում։ Փորձագետները նկատում են, որ Գյուլենի մահը, գուցե, խորհրդանշական է, բայց Էրդողանի քաղաքականությունը վաղուց դուրս էր եկել այդ հակամարտության շրջանակներից։
Փորձագետները համակարծիք են, որ Գյուլենի մահը կարող է վերացնել ԱՄՆ-ի դեմ Էրդողանի հռետորաբանության կարևոր բաղադրիչներից մեկը, սակայն դա հազիվ թե հանգեցնի հարաբերությունների արմատական բարելավման։
Հենց Գյուլենի անմիջական աջակցությամբ է 2011 թ.-ին Էրդողանի կուսակցությունը ընտրություններում կրկին հաղթել։ Չնայած դրան, Էրդողանի համար Ֆաթուլլահ Գյուլենն անձնական թշնամու կերպար էր, որին նա օգտագործում էր սեփական քաղաքականությունն ամրապնդելու համար։ Հիշարժան է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, որի համար Էրդողանը անմիջականորեն մեղադրեց Գյուլենին՝ պնդելով, որ հեղաշրջման հետևում նաև ամերիկյան աջակցություն կա։ Այդուհետ Անկարան Գյուլենի կազմակերպությունը կոչեց «ՖԵԹՈ», որը բացվում է որպես ֆեթուլաիստական ահաբեկչական կազմակերպություն։ Գյուլենը հերքել էր թուրքական կառավարության բոլոր մեղադրանքները։
Մինչ այդ, Թուրքիայի ներքաղաքական կյանքում գյուլենականները բավականին մեծ դեր ունեին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը։
«Ընդհանրապես, Էրդողանի իշխանության գալու, իր իշխանության ամրապնդումը մեծապես պայմանավորված էր նույն Գյուլենով ու գյուլենական ցանցի շնորհիվ»։
Անհաջող հեղափոխությունն ամրապնդեց Էրդողանի դիրքերը՝ նկատեց թուրքագետը։ Էրդողանն օգտագործեց Գյուլենի գործոնը որպես հարմար հռետորաբանություն՝ իր հակաամերիկյան ուղերձն ուժեղացնելու համար։ Ըստ որոշ փորձագետների՝ Գյուլենի ներկայությունը ԱՄՆ-ում թույլ էր տալիս Էրդողանին լարվածություն պահպանել Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում։
Թուրքագետ Նելլի Մինասյան. «Էրդողանն արդեն մեղադրեց Գյուլենին և «գյուլենականությունը» որակեց որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սկսեցին հետապնդումներ, փակեցին հիմնական հաստատությունները։ Մինչև այսօր էլ դեռ ձերբակալում են մարդկանց, որովհետև շատ մեծ էր ցանցը ու տարբեր համակարգերում էին իրենք»։
Վերջին տարիներին Էրդողանը «թուլացրել» էր գյուլենականության գործոնը, քանի որ հասցրել էր ամրացնել իշխանությունը այլ գործոնների միջոցով, ներառյալ՝ ներքին ռեպրեսիաներն ու արտաքին խաղացողների նկատմամբ ճնշումները, ասում է թուրքագետը։
«Իրականում շատ մեծ հարված է հասցվել գյուլենականներին Թուրքիայում։ Այսօր նրանք այնքան մեծ ազդեցություն այլևս չունեն ներքաղաքական գործընթացների վրա, ինչը որ ունեին մինչև ռազմական հեղաշրջման փորձը»։
2016-ին Թուրքիա ժամանած այն ժամանակվա ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը Էրդողանը պահանջել էր Գյուլենի արտահանձնումը։ Սակայն Բայդենը հիշեցրել էր, որ նման հարցերը որոշում են ամերիկյան դատարանները՝ ի հեճուկս Սպիտակ Տան քաղաքականության։ Այս դրվագը շեշտադրում է ԱՄՆ և Թուրքիայի միջև եղած կառավարման մշակույթների տարբերությունը, որը հաճախ էր թիրախավորվում Էրդողանի հռետորաբանության մեջ։
Թե ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Գյուլենի մահը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա՝ թուրքագետ Նելլի Մինասյանի կարծիքով, դա միայն Գյուլենով չի կարող պայմանավորված լինել։
«Իմ կարծիքով՝ միայն Գյուլենով չի պայմանավորված Ամերիկայի և Թուրքիայի հարաբերությունների այդ դժվարությունները։ Հետևաբար, չեմ կարծում, որ եթե Գյուլենը չլինի, իրենց հարաբերությունները կկարգավորվեն»։
Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն այս պահին ձևավորվում են նոր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խաղի կանոններով։ Այսպիսով, ըստ թուրքագետի, Ֆաթուլլահ Գյուլենի մահը, որը երկար տարիներ առանցքային դեր էր խաղում թուրք-ամերիկյան լարվածության պահպանման գործում, կարող է ազդել երկկողմ հարաբերությունների որոշ նրբությունների վրա։ Սակայն, փորձագետները համակարծիք են, որ Գյուլենի բացակայությունը միայն մակերեսային փոփոխություններ կբերի, քանի որ նրա՝ որպես գործոնի քաղաքական ազդեցությունը, ըստ էության, արդեն ավարտված էր՝ ընդգծում է Մինասյանը։ Ըստ փորձագետի՝ այս իրադարձությունը գուցե կարելի է դիտարկել որպես թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր փուլի հնարավոր սկիզբ, բայց՝ ոչ շրջադարձային պահ։