ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

3+3` կրկին հավասար է 5-ի․ խաղաղության մասին կրկին խոսել են բոլորը, բայց կրկին տարբեր շեշտադրումներով

Ստամբուլում «3+3» հարթակում իրենց երրորդ հանդիպումն են անցկացրել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները․ 3+3 հանդիպումը կայացել է կրկին վեցից մեկով պակաս։ Կողմերը հարթակի հանդիպումը կարևոր քայլ են համարում տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։

Ելույթներում առավելապես շեշտադրվել է խաղաղության, զարգացման և հաղորդակցությունների վերագործարկման կարևորությունը։ Չնայած հանդիպման ընթացքում հնչած քաղաքական և տնտեսական տարբեր դիրքորոշումներին՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել գործակցությունը՝ համոզվածությամբ, որ «3+3» կարող է դառնալ հարթակ, որտեղ երկխոսությունը կփոխարինի առճակատումներին և երկարաժամկետ  գործակցության հիմք կդրվի տարածաշրջանի բոլոր երկրների միջև։

Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում։

Միրզոյանը, մասնավորապես շեշտել է․

«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին և շփումներին։  

Մենք խորապես հավատացած ենք, որ այս նպատակին հասնելու համար բոլոր տարածաշրջանային դերակատարների պատասխանատու մոտեցումներն ու կառուցողական ջանքերը միաժամանակ մեծապես կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Որպես ներառական և ոչ խտրական տրանսպորտային կապերի երկարամյա ջատագով՝ Հայաստանն անկեղծ հետաքրքրված է մեր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։

Տարածաշրջանային կապերի ամրապնդման վերաբերյալ մեր տեսլականը հստակ արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում, որը Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեկ տարի առաջ։ Այս նախագծի հիմնական նպատակն է զարգացնել հաղորդակցությունները տարածաշրջանի բոլոր երկրների միջև և դրանից անդին՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների և էլեկտրագծերի վերակառուցման, կառուցման և շահագործման միջոցով։

Այս նախագծի իրականացման համար կարևոր են չորս սկզբունքներ՝ բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավազորության հանդեպ հարգանք, ինչպես նաև հավասարություն և փոխադարձություն։

Իրականացման դեպքում «Խաղաղության խաչմերուկը» կարող է դառնալ գլոբալ լոգիստիկ երթուղիների անբաժանելի մասը՝ ապահովելով ապրանքների տեղափոխման ավելի մեծ արագություն և արդյունավետություն։ Այս նախաձեռնությունը ողջունել են մեր բազմաթիվ գործընկերներ, և Իրանը նրանց շարքում առաջիններից էր։

Ունենալով փոխադարձ հանձնառություն՝ ընդլայնելու մեր առևտրային և հաղորդակցային կապերը՝ Հայաստանը ձեռնարկում է ակտիվ գործնական քայլեր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, գնահատում է Չաբահար նավահանգստի օգտագործման առավելությունները, ինչպես նաև աշխատում է մեր երկրների միջև ճանապարհային վճարները փոխադարձաբար նվազեցնելու ուղղությամբ։

Ավելի զարգացնելով մեր սահմանային ծառայությունների և մաքսային հսկողության հնարավորությունները հարևանների հետ՝ Հայաստանի սահմանապահ ծառայությունը 2025 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կստանձնի Հայաստան-Իրան սահմանային անցակետում գործողության ապահովումը։ Այս կապակցությամբ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և ծառայության համար։

Ուրախությամբ եմ հայտնում նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև կամրջի համատեղ գնահատումից հետո Հայաստանն արդեն ավարտել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող Մարգարա սահմանային անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը։ Բացի այդ, Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները։

Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի հետ միասին անմիջապես արդյունավետ կապ կապահովի Պարսից ծոցի, Սև ծովի, Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև: Այս տեսլականը հաշվի առնելով, ինչպես դուք բոլորդ տեղյակ եք, մենք Ադրբեջանին առաջարկել ենք մեր երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու երկրների ինքնիշխանության և իրավասության լիարժեք հարգմամբ անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ:

Եզրափակելով՝ ես կցանկանայի վերահաստատել, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է և արդեն բազմիցս ցույց է տվել իր հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային կապուղիների զարգացմանը և իր հարևանների հետ փոխկախվածության ամրապնդմանը հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության և քաղաքական անկախության վրա»։

Միրզոյանի շեշտադրումներին զուգահեռ՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքը ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

ՌԴ-ն և Իրանը պատրաստ են աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը, եթե կողմերը հետաքրքրություն դրսևորեն՝ հավելել է Լավրովը։ Ստամբուլում տարածաշրջանային պլատֆորմի հանդիպմանը հաջորդած ասուլիսում Լավրովը հիշեցրել է նաև այն նախապատրաստական ​​քայլերը և փաստաթղթերը, որոնք ձեռնարկվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ռուսաստանի միջնորդությամբ։ Դրանք վերաբերում են ինչպես հաղորդակցությունների ապաշրջափակմանը, այնպես էլ սահմանազատմանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը, փաստացի, նաև պատասխաններ է պարունակել Ադրբեջանի և Բաքվի կողմից հնչած որոշ հայտարարությունների։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, թե Հայաստանը պետք է սահմանադրական փոփոխություններ կատարի՝ հետպատերազմյան իրավիճակի մարտահրավերներին արձագանքելու համար։ Նա նշել է, թե Ադրբեջանը և տարածաշրջանի մյուս երկրները մշակել են ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ, որը ներառում է անվտանգության, էներգետիկայի, առևտրի և տրանսպորտի ոլորտները։

Բայրամովը կարծիք է հայտնել, թե նախկին հակամարտության հետևանքները հաղթահարելու համար սահմանադրական բարեփոխումները կարևոր դեր կխաղան՝ նպաստելով կայուն խաղաղության ապահովմանը։

Խաղաղության և զարգացման հարցում ներկայացնելով իր երկրի շեշտադրումները՝  Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել է, թե Թուրքիան հավակնություն չունի որևէ երկրի հողերի նկատմամբ և թե առաջնահերթություն է տալիս տարածաշրջանային զարգացմանն ու բարեկեցությանը։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի երկրները լավագույնս հասկանում են իրենց խնդիրները և կարող են գտնել համապատասխան լուծումներ:

Ֆիդանը նշել է, որ պատմական հաշտեցումը Հայաստանի հետ կարող է ճանապարհ հարթել խաղաղության և զարգացման համար ողջ տարածաշրջանում։

«3+3» հարթակում նաև ՀՀ և Իրանի արտգործնախարարներն են երկկողմ հանդիպում ունեցել։ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

Արաղչին վստահեցրել է, որ Իրանն ակտիվորեն աջակցում է Հայաստանի նախաձեռնություններին՝ հատկապես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման և Չաբահար նավահանգստի օգտագործման ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button