ՀասարակությունՌեպորտաժներ

Մրգաշատցիները պատրաստվում են մաճառի տոնին

Հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքը պատրաստվում է նշել մաճառի տոնը: Գյուղում տոնը նշում են 2002թ-ի հոկտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին: Այդպես մրգաշատցիներն ամփոփում են նաև  գյուղատնտեսական տարին:

Թեպետ այս տարի խաղողի բերքն այնքան էլ առատ եւ որակով չէր, բայց դժգոհելու առիթ չունեն: Մրգաշատցիները  դրա ելքը ունեն՝ գինի և օղի են թորում, իսկ մինչ այդ՝ համտեսում են մաճառը:

Խաղողի այգեկութը մոտենում է ավարտին, բերքը հիմնականում քաղել են, մի մասը վաճառել, մյուսները լցրել տակառների մեջ, որ գինի պատրաստեն  և օղի թորեն: Բերքը  տրորում են, տակառների մեջ պահում և հետևում խմորման ընթացքին: Մաճառ ստանալու համար մեծ ջանքեր է պահանջվում:

Մանրամասնում է Աբրահամ Հարությունյանը. «Մաճառը ստանում ենք խաղողի տարբեր սորտերից՝գառան դմակից, ռկածիթելիից, մեղրաբույրից, խառնում ենք իրար ու ավելի համեղ գինի ու մաճառ է ստացվում: Պետք է 15 օր շարունակ նորմալ տիրություն անել: Նախ՝ խաղողը տրորելուց հետո պետք է քամել, հետո մի երկու անգամ զտել, բերանը փակ պահեն մառլյայով, որ մլակ չնստի վրան: Եթե մլակն ու մոծակը նստեցին՝ թթվելու է: Պետք է տիրություն անել, հսկել: Դա մի քանի օր հետո դառնում է գինի»:

Մաճառի տոնով Մրգաշատում գրեթե եզրափակվում է գյուղատնտեսական տարին: Բերքահավաքն արդեն ավարտել են ու ամփոփում են արդյունքները: Թեպետ գարնանային տեղումները խանգարել են խաղողի փոշոտմանն ու ազդել բերքատվության վրա, այնուամենայնիվ  եղածից էլ չեն դժգոհում.

«Ինչպես մրգաշատցիներն են սիրում ասել՝  կարևորը գինի և օղի կքաշվի»:   

Մրգաշատում մաճառի տոնը նշվում է 2002թ-ից, նախաձեռնողը  համայանքի նախկին ղեկավար Գևորգ Դանիելյանն է: Մինչև 44-օրյա պատերազմը տոնն ամեն տարի նշվել է հոկտեմբերի կեսին: Այս տարի վերականգնվել է տոնակատարությունը ու փոխվել կազմակերպման ձևաչափը: Վարչական  ղեկավար Մարատ Հովհաննիսյանն ասում է, որ խոշորացումից հետո մաճառի տոնին մասնակցելու են  նաև Մեծամոր համայնքի  բոլոր բնակավայրերը: Մեծամորում ներառված է 30 գյուղական բնակավայր ու Մեծամոր քաղաքը:

«Համայնքի 30 գյուղերն իրենց սեղանները կդնեն՝ իրենց պատրաստած  մաճառով: Նախկինում լինում էր 15 սեղան՝ դպրոցի ավարտական դասարաններն էին, մանկապարտեզը, մշակութի տունը, փոստային բաժանմունքը, երաժշտական դպրոցը, այդ կառույցներն էին, իսկ հիմա համայնքի ամեն մի գյուղ իր սեղանն է դնելու»:

Մաճառի տոնին դպրոցականները, մանկապարտեզի ու մշակույթի տան խմբերի սաները հանդես են եկել երգ ու պարով, ներկայացրել ազգային ուտեստները, իսկ մաճառ պատրաստել են ավագներն ու իրենք էլ համտեսել: Մշակույթի տան տնօրեն Աննա Գալստյան է ներկայացնում.

«Նկարչական խմբակի երեխաների մասնակցությամբ ցուցահանդեսներ են եղել, ըմբշամարտի, պարի երեխաներն են հանդես եկել իրենց համարներով: Ամբողջ գյուղը մեծ ոգևորությամբ միշտ նշել է և հիմա, այս տարի էլ սպասում ենք»:        

Տոնի կազմակերպման հիմնական ծանրությունն ընկած է Մրգաշատի վարչակազմի ուսերին: Մաճառ ստանալու համար համագյուղացուց գնել են մեկ տոննա խաղող ու անցել մաճառի պատրաստման բուն գործընթացին:

«Որ զտել ենք, մենք 580 լիտրից ավելի շիրա ենք հանել, լցրել պարկերի մեջ ու ոտքով տրորել: Այդ 600 լիտրը միայն 3 անգամ մի տեղից մյուսն ենք քաշել: Երեսը մաքրում ենք, հետո թողնում ենք նստվածք տա, նորից ենք զտում, վերջում՝ մառլյայով: Միայն 7 օր այդտեղ ենք չարչարվել, հետո շիշ լցրել»:

Մեկ տոննա խաղողից ստացել են 405լ մաճառ, որոնք լցրել են պլաստմասսայե մեկ լիտրանոց շշերի մեջ ու պահել սառնարանում:

Մրգաշատ գյուղի բնակիչ Ժորա Սեդրակյանը բակի խաղողը լրիվ քաղել, մի մասը վաճառել է, մնացածը  լցրել տակառների մեջ, գինի և օղի է ստանալու: Տրորված խաղողից անջատվել է հյութը, որը հիմա խմորվում է: Փակ տակառները Ժորան երբեմն բացում է, խառնում ու հետևում ընթացքին: Մինչև գինի ստանալը, որոշել է մաճառ սարքել: Խմորման գործընթացը պայմանավորված է ջերմաստիճանով՝ ասում է Ժորա Սեդրակյանը:

«Հիմա մաճառ է, հյութը միշտ իջնում է ցած, պետք է խառնես, որ վերևի չոր զանգվածն էլ իջնի ցած: Սա մի 10-15 օրից արդեն պատրաստ կլինի: Մաճառ պատրաստելու համար հիմա պետք է շիրան վերցնենք ու մի քանի օրից արդեն մաճառը խմելու կլինի: Կոնկրետ ես սրանից  օղի եմ թորելու, բայց հնարավոր է մաճառ էլ ստանամ, գինի էլ»:

Մաճառի տոնին գյուղում ավանդական կերակուրներ են  պատրաստել,  գաթա թխել ու մաճառի հետ հյուրասիրել: Սեղաններից անպակաս է եղել հարիսան,  գառան խորովին ու քուֆթան: Մրգաշատի վարչակազմի աշխատակիցները  հարիսան  օջախի վրա են պատրաստել:

«11-12 կաթսա հարիսա ենք եփել ու բաժանել ժողովրդին, դրա հետ մեկտեղ նաև քուֆթա ու մաճառ: Մեր տոնը միշտ ուրբաթ օրն է նշվել, առավոտը դեռ լույսը չբացված, ժամը 6-ին, մեծ- մեծ հավերը կտրտել ենք, լցրել կաթսաների մեջ, եռացրել, հետո ձավարն ենք լցրել, բայց չենք խառնել: Վերջում ենք խառնել, որ չկպներ»:

Հիմա էլ են նույն ուտեստները պատրաստելու: Մաճառի տոնն այս անգամ  լայնածավալ է կազմակերպվելու: Մրգաշատի հրապարակում այդ օրը համտեսելու են Մեծամոր համայնքի բոլոր բնակավայրերի պատրաստած մաճառն ու գնահատելու են որակը:

Կարդացեք նաև

Back to top button