ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

ԵՄ-ն զգուշացնում է Թեհրանին՝ դուռն ամբողջությամբ չփակելով

Իրանի նախագահը զգուշացնում է Ադրբեջանին իր տարածքում օտարերկրյա պետությունների պլացդարմ ստեղծելու հնարավոր հետևանքների մասին։ Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանում երրորդ երկրների ներկայությունը հակասում է տարածաշրջանային երկրների շահերին։ 

Իրանը բազմիցս շեշտել է, որ կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը՝ տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ Իսրայելի թիրախում Իրանի ոչ թե միջուկային կամ նավթային, այլ ռազմական օբյեկտներն են՝ գրում է Washington Post-ը։

Իրանագետ Արմեն Վարդանյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում վերլուծելով վերջին հայտարարություններն ու դրանց փոփոխվող բնույթը,  կարծիք է հայտնում, որ ամերիկյան  մոդեռատորությամբ փորձ է արվում նվազագույնի հասցնել Իսրայելի կողմից Իրանին հնարավոր պատասխան հարվածի ուժգնությունը։

«ԱՄՆ-ն փորձում է այնպես անել, որ նվազագույն վնասներով ավարտվի այս հարվածը։  Եվ Իրանի հարվածը Իսրայելին, և Իսրայելի պատասխան հարվածը Իրանին միանշանակ կոորդինացվելու է ԱՄՆ-ի կողմից․ ԱՄՆ-ն փորձում է այնպես անել, որ կողմերի կորուստները նվազագույնի հասցվեն։ Իսրայելը դիտարկում էր երեք հարված՝ թիրախավորել Իրանի միջուկային օբկեկտները, հարված հասցնել նավթագազային ենթակառուցվածքներին և հարվածել ռազմական օբյեկտներին։ Միջուկային օբյեկտներին հարվածն ի սկզբանե արգելվել  էր ԱՄՆ-ի կողմից։ Նավթագազային կառույցներին հարվածը նույնպես արգելվեց, քանի որ այն կարող էր բերել նավթի համաշխարհային գների բարձրացմանը, իսկ դա չի բխում ԱՄՆ-ի շահերից, դրանից կօգտվեր ՌԴ-ն։ Որպես տարբերակ մնում են ռազմական օբյեկտները, և կարծես հենց այդ ուղղությամբ էլ հարվածը կլինի»։

Արաբագետ Հայկ Քոչարյանի մեկնաբանմամբ՝ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ ուժգնությամբ հարված կհասցնի Իսրայելը Իրանին։ Բոլորը սպասողական վիճակում են՝ ասում է։

«Միայն Իսրայելի գլխավոր շտաբում գիտեն, թե ինչ հարված կլինի։ Բացի նրանից, որ հռետորաբանության փոփոխություն կա, սա խոսում է այն մասին, որ բացի Իսրայելից մյուս բոլոր խաղացողները շատ կոշտ են արձագանքել հնարավոր բարդացման սցենարին»։

Ըստ Washington Post-ի աղբյուրների՝ Իսրայելի պատասխան գործողությունը կձեռնարկվի մինչև նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Իրանագետ Արմեն Վարդանյանը սա պատահական դիտարկում չի համարում։

«Նայած, թե ով կընտրվի։ Եթե Հարիսն ընտրվի, Իսրայելը գործողությունների ամբողջական ազատություն կստանա։ Հիմա շանսերը 50/50 են, Թրամփը լրիվ իսրայելամետ դիրքորոշում ունի, Հարիսը փորձում է հավասարակշռություն ապահովել»։

Իրան-Իսրայել փոխադարձ հայտարարություններին զուգահեռ ԵՄ խորհուրդը հավանություն է տալիս Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը։ Պատժամիջոցներ են սահմանվել ևս 7 ֆիզիկական անձի ու ևս 7 ընկերության դեմ՝ նշվում է ԵՄ խորհրդի որոշման մեջ։ Որպես հիմնական պատճառ է նշվում «Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, ինչը հերքում են թե՛ Իրանը և թե Ռուսաստանը։ Իրանագետի կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ ԵՄ-ն դռներն ամբողջությամբ չի փակում Իրանի առաջ։

«Արևմուտքում սպասում էին, որ Բեզեշքյանը՝ որպես բարեփոխիչ, որոշակի քայլեր կձեռնարկի Արևմուտքի հետ, եթե ոչ մերձեցում, ապա գոնե հարաբերությունների բարելավում, բայց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նա էլ չի տարբերվում իր նախորդից և կոշտ դիրքի կողմնակից է, նունիսկ հարված է հասցնում Իսրայելին ու զենք է մատակարարում ՌԴ-ին, դրանից հետո ԵՄ-ն որոշում կայացրեց գնալ պատժամիջոցների։ Այսպիսով՝ ԵՄ ևս մեկ անգամ հիշեցնում է Իրանին չմերձենալ ՌԴ հետ, բայց մյուս կողմից էլ ամբողջովին դռները չեն փակում, հնարավորություն են տալիս, որ Իրանը ՌԴ-ից շրջադարձ կատարի դեպի Արևմուտք»։

Իրանի նախագահը Ադրբեջանի փոխվարչապետի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ  դժգոհել է նաև ադրբեջանա-իրանական ցամաքային սահմանի փակ լինելու հանգամանքից։ Ավելի քան չորս տարի  Բաքուն շարունակում է փակ պահել հարևանների հետ ցամաքային սահմանները՝ որոշումը պայամանավորելով COVID համավարակով։ Ըստ այդմ՝  Իրանի նախագահը կարևորել է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը և երկու երկրների միջև երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների ստեղծումը։

Ի պատասխան «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ռուստամովը Իրանի երկաթուղային ադմինիստրացիայի ղեկավարի հետ Իրանում հանդիպման ժամանակ քննարկել է  Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային երթուղին կառուցելու, և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու հարցերը։

Կարդացեք նաև

Back to top button