
Ավելի քան 7 ժամ՝ վերջին 5 տարվա հանցավորության պատկերը Հայաստանում․ ներքին գործերի նախարարն Ազգային ժողովում շատ երկար ու հանգամանորեն զեկուցել է երկրում հանցավորության պատկերը, պատճառներն ու խոսել անելիքներից։ Դրանց անդրադարձել է նաև երկրի գլխավոր դատախազը։
Ըստ վիճակագրության՝ մեկ նախադասությամբ՝ Հայաստանում առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների թիվն աճել է։ Որո՞նք են ամենատարածված հանցագործությունները, և ինչո՞վ է պայմանավորված վիճակագրության վատթարացումը:
Վերջին 5 տարում հանցավորության միջին աճը 11.1% է՝ Ազգային ժողովում ներկայացրել է Ներքին գործերի նախարարը։ Առանձնապես ծանր հանցազործություններն ավելացել են շուրջ 58%-ով, ծանր հանցագործությունները՝ ավելի քան 13%-ով։ Վահե Ղազարյանը ներկայացրել է, թե որ հանցագործություններն են «ստեղծում» այս վիճակագրությունը․
«Հիմնական հանցատեսակներից աճել են մի քանիսը․ սպանության միջին աճը՝ 12.1%, սպանության փորձի միջին աճը՝ 18.4%, զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառության միջին աճը՝ 15.6%, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու աճը՝ 13.9 %, խուլիգանության աճը՝ 23.2%, թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճը՝ 46.6 % և խարդախությունների աճը՝ 14 տոկոս»։
Գողության, կողոպուտի դեպքերը նվազել են 11-ական տոսոկով, 3,4 տոկոսով էլ՝ դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու դեպքերը։ Հանցագործությունների 83 տոկոսը միջին ծանրության են։ Վահե Ղազարյանը շեշտում է՝ ամեն տարվա ավարտին հանցագործությունների հիմքով նախաձեռնված որոշ վարույթներ կարճվել են՝ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի բացակայության հիմքով։ Այնուամենայնիվ, դրանք արտացոլվել են տարեկան վիճակագրության մեջ։ ՆԳՆ-ն հանցագործությունների թվի ավելացումը բացատրում է այլ պատճառներով ևս։

«2021-2022 թվականի ծանր վիրավորանք հասցնելու քրեականացումը, 2022-ի հուլիսի 1-ից սկսած՝ հանկարծամահության բոլոր դեպքերով սպանության հատկանիշներով քրեական վարույթներ են նախաձեռնում։ 2023-ի ընթացքում ձերբակալված 2533 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման միջոց կալանք կիրառելու մասին, որից 458-ը մերժվել է, իսկ 2024 թվականի 8 ամիսներին 1972-ից մերժվել է 168–ը։ Այսպես, օրինակ, թմրամիջոց իրացրած անձը գրավի դիմաց ազատ է արձակվել և գտնվելով ազատության մեջ, կատարել է ավազակային հարձակում, գողություն, խուլիգանություն, ինչպես նաև ապօրինի պահել է զենք և ռազմամթերք։ Բնակարանային գողություն կատարած անձը գրավի դիմաց ազատ է արձակվել, որից հետո կատարել է 4 բնակարանային գողություն և այլն, իսկ ոչ մեծ ծանրության գողություն կատարած անձինք, ունենալով մեղադրելի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակում են կատարել տասնյակ հանցագործություններ»։
Նախարարը հանցագործությունների աճի պատճառ է համարում նաև համաներումները։ Ասում է՝ 2018-ին համաներված 4976 անձից 1152-ը հետագայում հանցանք է կատարել, նրանցից 240-ը՝ 2 և ավելի անգամ, այդ թվում՝ սպանություն, սպանության փորձ։ Առհասարակ, վերջին 5 տարում նախկինում դատապարտված անձանց կողմից կատարվել է 1980 հանցագործություն։
Հանցագործությունների թիվն ավելացել է նաև թմրաշրջանառության դեպքերի բացահայտման մոտ 50 տոկոսով աճի հաշվին։ 5 տարում՝ ընդհանուր 1 .2 տոննա թմրանյութ է հայտնաբերվել։
«Վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46.6%: Ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին, ապա, ըստ Ոստիկանության հաշվառումների, թմրամիջոցների իրացման և գործածման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել 10»։
2019-ին բացահայտվել է հանցագործությունների 50 տոկոսը՝ ասում է Վահե Ղազարյանը, 20 թվականին բացահայտումների տոկոսը մոտ է 60 տոկոսին, 21-ին՝ 57.3 տոկոս, 23-ին՝ մոտ 37 իսկ 23-ին՝ 65.2։ Ոստիկանության տեսանկյունից հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ ի հայտ է գալիս հանցանք կատարելու մեջ կասկածվող անձ։
Հանցագործությունների աճը փաստող թվերը նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ձեռքում են։ Վստահեցնում է՝ յուրաքանչյուր հանցատեսակի նվազեցման ուղղությամբ ՆԳՆ-ին առաջարկներ է ներկայացրել։ Միևնույն ժամանակ փորձում են բացառել հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից իրավախախտումները։ Նախորդ տարի քառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 551 միջնորդություն է ներկայացվել։
«Քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ՝ քրեական պատասխանատվության։ 9 դատախազի նկատմամբ արտահերթ ատեստավորում նշանակելու մասին որոշում է կայացվել, 10 դատախազի նկատմամբ նշանակվել է նկատողություն, 5 դատախազի նկատմամբ նշանակվել է խիստ նկատողություն, 1 դատախազի նկատմամբ՝ դասային աստիճանի իջեցում 1 աստիճանով, 2 դատախազի նկատմամբ՝ պաշտոնից ազատում»։
23-ին և 24-ի առաջին կիսամյակում գլխավոր դատախազությունն արդարադատության նախարարին ներկայացրել է 25 հաղորդում, որով առաջարկել է կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին։ Դրանցից 12-ի հիման վրա հարուցվել է վարույթ։ 7-ը Բարձրագույն դատական խորհրդում է։




