Մատենադարանում բացվել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների նոր լաբորատորիա: Ձեռագրերի պահպանման արդիական այս ենթակառուցվածքն ընդլայնելու է գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման հնարավորությունները։ Այս հնարավորությունը Մատենադարանին ընձեռվել է շնորհիվ ԱրարատԲանկի հետ համագործակցության։
«Սա բորբոսասունկ է, որն անջատվել է Մատենադարան բերվող կամ այստեղ պահվող շատ ձեռագրերից»․ Մատենադարանի նորաբաց կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայում մասնագիտորեն բացատրում են, թե այստեղի սարքերով ինչպես են որոշում՝ տվյալ ձեռագիրը որքանով է վնասված, այն վերականգնելու ինչ աշխատանքներ են պետք և թե բացառիկ արժեքով գրքերն «ախտորոշելու» ինչ նոր հնարավորություններ ունեն արդեն։
«Ձեռագիրը, երբ գալիս է Մատենադարան կամ բերվում է մեր արխիվներից, առաջին հերթին մտնում է կենսաբանական լաբորատորիա։ Լաբորատորիա գալուց հետո մենք նմուշ ենք վերցնում, և ախտահանման պրոցեսում արդեն պարզ է դառնում՝ գիրքը «հիվա՞նդ» է, թե ոչ։ Այս պրոցեսը մինչ այժմ տևում էր ավելի քան տասնհինգ օր։ Սակայն այսօր այդ ժամանակահատվածը կրճատվել է՝ շնորհիվ նոր ձեռք բերված լաբորատոր սարքի։ Այժմ 5-7 օրում պարզ է դառնում ամեն ինչ»,-ասում է լաբորատորիայի աշխատակից Արմինե Պարոնիկյանը։
Մատենադարանի գրավոր ժառանգության վերականգնման բաժինն իր գոյության ավելի քան 60 տարում կուտակել է մասնագիտական հսկայական փորձ՝ վերականգնելով հազարավոր ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր ոչ միայն սեփական հավաքածուներից, այլև Հայաստանի մյուս թանգարաններից ու գրադարաններից։
Մատենադարանի վերականգնող լաբորատորիայի վարիչ Գայանե Էլյազյանն ասում է․
«Քանի որ չունեինք անհրաժեշտ ժամանակից լաբորատորիա, մենք դիմում էինք տարբեր այլ լաբորատորիաների՝ համատեղ աշխատանքներ կատարելու, բայց այժմ մենք ունենք ամեն ինչ, ինչ պետք է, որպեսզի մեր գիտական աշխատանքներն ու փորձերը դարձնենք համահունչ պահանջներին ,որոնք հիմա ներկայացվում են»։
Գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման նոր և կարևոր հնարավորություններ ընձեռող կենսաքիմիական լաբորատորիայի բացումն իրականություն է դարձել Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև համագործակցության շնորհիվ։ ԱրարատԲանկ-ի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը շեշտում է՝ այս ներդրումը բանկի վարկանիշն ավելի բարձրացնելու նպատակով չէ, սա ներդրում է հայ մշակույթի պահպանման համար։
«Համոզված եմ՝ երբ ցանկացած հայ մարդ մտնում է Մատենադարան, մթնոլորտն այնպիսին է, որ տրամադրում է, որպեսզի յուրաքանաչյուրս կանգնենք մեր ազգային արժեքների ու դրանք ստեղծողների կողքին։ Սա էր հիմնական պատճառը, որ ԱրարատԲանկը փորձեց ինտեգրվել ու համապատասխան ծրագիր իրականացնել։ Մեր հիմնական սոցիալական ծրագրերի ուղղվածությունը բերում ենք հենց այն հարթակ, որտեղ ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների ստեղծման, կրթության վաղվա օրվան միտված ծրագրերի և հիմնականում հայ մարդուն միտված միջոցառումներն ենք առաջնահերթ համարում»,-նշում է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։
«Ձեռագրերի վերականգման մասնագիտական հմտությունները Մատենադարանում շատ բարձր մակարդակի են, որոշ հարցերում՝ անգամ անմրցելի», — ընդգծում է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։ Բայց նաև բացատրում՝ այս առումով խոսքն առավելապես ֆիզիկական վերականգման մասին է, իսկ կենսաքիմիական հետազոտությունների առումով շատ մեծ աշխատանք կա անելու։
«Լաբորատորիայի ստեղծումը որակապես նոր որակի վրա է դնելու Մատենադարանի գործը։ Մենք մտադիր ենք ձևավորել «շտապօգնության» խմբեր՝ այսինքն՝ վերականգնող մասնագետներից կազմված խմբեր, որոնք կմեկնեն մեր ձեռագրական կենտրոններ՝ տեղում մշտադիտարկում անելու և վերականգման գործընթացը կազմակերպելու համար ։ Ես կարծում եմ, որ, ի դեմս ԱրարատԲանկի, մենք նվաճում ենք հովանավորության մի նոր մակարդակ, երբ հովանավորը չի դիրքավորում իրեն իբրև հովանավորի ու աջակցողի, այլ սա անում է քրիստոնյայի խոնարհությամբ և այն բարձր գիտակցությամբ, թե ինչ է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Իսկ ես միշտ ասել, որ սա համահայկական պատասխանատվության կենտրոն է»։
Մատենադարան-«Արարատ» բանկ գործակցությունն այսքանով չի սահմանափակվում։ Արդեն 13-րդ անգամ Մատենադարանում անցկացվում է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը, որը համախմբում է գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող նշանավոր հաստատությունների: Միջազգային այս սեմինարը նույնպես ֆինանսավորել է բանկը։
ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյան․ «Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև համագործակցությունը ոչ միայն ներդրում է հայ մշակույթի պահպանման գործում, այլև հնարավորություն է տալիս մասնակից լինել համաշխարհային նշանակության գիտական առաջընթացին։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք նպաստել այս կարևորագույն առաքելությանը և վստահ ենք, որ այս նախաձեռնությունը կծառայի ապագա սերունդներին»։
13 տարիների ընթացքում սեմինարն իր շուրջն է համախմբել ավելի քան 130 միջազգային կառույցի հարյուրավոր մասնագետների, հաստատել նոր գործնական կապեր: Այս անգամ հյուրընկալող կողմը Մատենադարանն էր։
«Մենք մեծ երջանկություն ենք համարում Մատենադարանի այս արժեքների կողքին կանգնելը և ինչ-որ բանով նպաստելը»,-նշում է Մհեր Անանյանը։
Կենսաքիմիական լաբորատորիայի բացումը Մատենադարանի զարգացման նոր ռազմավարության շրջանակում է, որը նպատակ ունի ընդլայնել հաստատության դերը գրավոր ժառանգության պահպանման ոլորտում՝ ներառելով աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնները։




