
Միացալ Նահանգներում դժգոհ են, որ Իսրայելը ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրերի մասին Վաշինգտոնին հաճախ տեղեկացնում է վերջին պահին։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին։ Չնայած դժգոհությանը՝ Վաշինգտոնը շարունակում է «երկաթյա» հանձնառությամբ պաշտպանել Իսրայելի անվտանգությունը։ Այս դիրքորոշումը ԱՄՆ նախագահը վերահաստատել է Իսրայելի վարչապետի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Փորձագետները կարծում են, որ այդ զրույցի ընթացքում չի շրջանցվել Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը։
Իսրայելի պատասխանը իրանական հրթիռային հարձակմանը կլինի մահացու, ճշգրիտ և անսպասելի՝ հայտարարում է Իսրայելի ՊՆ Յոավ Գալանտը։ Նա հետախուզական ստորաբաժանման շուրջ 10 հազար անդամների հետ հանդիպման ժամանակ որոշ փակագծեր է բացել։ «Թեհրանը չի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել, պարզապես կտեսնի արդյունքները»,- ասել է նա։
Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Իսրայելի անելիքը որոշված է, հարվածները կլինեն թիրախային։
«Մահացու նշանակում է, որ թիրախ են դառնալու, օրինակ, հեղափոխության գվարդիայի սպաներ, նաև ռազմական և տնտեսական օբեյկտներ։ Նաթանյահուն այս մեկ տարվա ընթացքում ջանքներ էր գործադրում Իրանին ներքաշել պատերազմի մեջ և միաժամանակ նաև ԱՄՆ-ին, որովհետև առանց Վաշինգտոնի շատ բան չի կարող անել, թեև բազմիցս նախագահի մակարդակով Իսրայելին զսպվածության կոչեր են արվել»։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը, համադրելով փաստերը, նախ նկատում է, որ Իսրայելի ՊՆ հայտարարությունը, թե Իրանին հարվածը կլինի՝ «մահացու, ճշգրիտ և անսպասելի» ավելի շատ քարոզչական է․ նպատակն Իրանին սարսափի մեջ պահելն է։ Պետրոսյանը կարծում է, որ առաջիկա օրերին Իսրայելից հարված կլինի, բայց՝ խորհրդանշական։
«Առաջիկա օրերին շատ կանխատեսելի է այդ գործողությունը։ Հնարավոր թիրախների մասին կդժվարանամ ասել։ Այն իմ գնահատմամբ լինելու է շատ ավելի ազդեցիկ և շատ ավելի հուժկու, քան ապրիլին եղած պատասխանն էր»։
Կայացել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու սպասված հեռախոսազրույցը։ Այն երկար է տևել՝ մոտ 50 րոպե՝ հաղորդում է Սպիտակ տունը։ Բայդենը հաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին «Հեզբոլլահ»-ից, որը հազարավոր հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը համոզված է, որ Իսրայելն այս պահին պատրաստ չէ Իրանի հետ հակամարտության նոր ճակատ բացելուն։ Կարծում է՝ Գազայի և Լիբանանի ուղղություններին զուգահեռ նոր ճակատը կբարդացնի Իսրայելի վիճակը։
«ԱՄՆ ևս խուսափում է այս պահին մեծ պատերազմից և կարծես կա փոխհամաձայնություն, որ սա ևս խորհրդանշական պատասխան լինի»։
Վերլուծաբանի կարծիքով՝ կարելի է անգամ ենթադրել, թե ինչ հայտարարություններ են հնչելու իսրայելայկան սպասվող հարվածից հետո։
«Իսրայելը կներկայացնի, որ հուժկու հարված է հասցրել, ԱՄՆ-ն ևս նման գնահատական է հնչեցնելու, Իրանը կասի զրոյաական արդյունավետության գործողություն է տեղի է ունեցել, քանի Թեհրանը ևս կարծես թե պատրաստ չէ գնալու ռազմական գործողության․ բոլորը սպասում են ԱՄՆ ընտրություններին»։
Ի տարբերություն արաբագետի՝ իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Իսրայելի հնարավոր հարվածը Իրանին կարող է լինել հուժկու և հակամարտության մեջ ներքաշել ողջ տարածաշրջանը։
«Իրանն էլ բազմիցս ասել է, որ կպատասխանի ու դա բավականին ազդեցիկ պատասխան կլինի, ոչ ոք չի կարող կանխատեսել թե ինչ կլինի, գուցե ողջ տարածաշրջանը ներքաշվի, իսկ դա մեզ համար խիստ վտանգավոր է։ Եթե ԱՄՆ-ն էլ ներքաշվի, գուցե դա լինի Հարիսի պարտությունը, հետևաբար գուցե զսպվածություն լինի»։
Փորձագետների կանխատեսումները տարբերվում են հարվածի ուժգնության հարցում, մեկ կետում, սակայն, գնահատականները համընկնում են․ իսրայելական հարվածը կլինի մինչև ԱՄՆ–ում նոյեմբերի 5-ին սպասվող ընտրությունները։
«Կարծես թե կանխատեսվում է, որ առաջիկա օրերին կլինի Իսրայելի պատասխանը։ Վաղը, մյուս օրը Իսրայելում կրոնական տոն է և չի բացառվում, որ գործողությունը լինի այսօր երեկոյան, կամ վաղը՝ տոնական տրամադրություն հաղորդելու սեփական հասարակությանը թշնամու դեմ հերթական հաջողությունները արձանագրելու մասին»։ Ժամանակը սուղ է, չի բացառվում, որ այսօր վաղը դա տեղի ունենա, որովհետև վերջնական որոշումը կայացվել է»։
Բայդեն-Նաթանյահու հեռախոսազրույցից առաջ The Wall Street Journal-ը, հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին, գրել էր, որ Միացյալ Նահանգներում դժգոհություն է առաջացնում նաև այն, որ Իսրայելն իր գործողությունների մասին հաճախ զգուշացնում է վերջին րոպեին։ Հաշվի առնելով տարածաշրջանում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայությունը՝ ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաները կարծում են, որ հրեական պետությունը պետք է նախօրոք տեղեկացնի Պենտագոնին իր ծրագրած խոշոր հարձակումների մասին։




