
Էլեկտրաէներգիայի և ջրի՝ վերջին շրջանում հաճախակի դարձած անջատումների հարցն ուսումնասիրելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ։
Դրանցով բարձրացվում են տույժերի սահմանաչափերը։ Մատակարարող ընկերությունները տույժեր են վճարում, եթե խախտում են էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգերն ու ժամկետները։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։
Տուգանքի սահամանաչափերի բարձրացումն ավելի որակյալ կդարձնի՞ հանրային ծառայությունները։ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը կարծում է, որ ոչ։ Ոլորտը համակարգող փոխնախարարը համոզված է, որ իրավիճակը բարելավելու համար խորքային փոփոխություններ են անհրաժեշտ։ Նա չի կիսում գնահատականը, թե նախորդ ամիսները հատկապես Երևանում բացառիկ էին հոսանքազրկումների առումով։
«Պետք է վիճակագրությունը հանել, տեսնել՝ իրո՞ք բացառիկ էր։ Կուտակում Երևանի կենտրոն ու Արաբկիր վարչական շրջանների հետ կապված՝ Երևան ՀԷԿ-ում տեղի ունեցած հրդեհի պատճառով Կենտրոն վարչական շրջանի 30, Արաբիկիրի 20 տոկոսը սնող ենթակայանը սխեմայից դուրս էր եկել»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հոսանքի ու ջրի պարբերական անջատումների վերաբերյալ քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններն ուսումնասիրելով, նոր կարգավորումներ է սահմանել։ Դրանցով ավելանում են տուգանքի սահմանաչափերը։ ՀԾԿՀ-ի ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է։
«Եթե սպառողները հոսանքազրկվել են, ու հոսանքի բաշխման ցանցային կանոններով վերականգման ժամկետը գերազանցվել է մեկ օրացուցային տարվա ընթացքում երկրորդ անգամ և ավելի, ապա այս դեպքում նախատեսվում է սպառողներին յուրաքանչյուր դեպքի համար վճարելու տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 10 հազար դրամն է»։
Ըստ ՀԷՑ-ի տվյալների՝ վթարների 33 տոկոսը տեղի է ունենում արտաքին միջամտությունների պատճառով։ Օրինակ վերջին դեպքը՝ WCIT միջազգային համաժողովի ժամանակ հոսանքի անջատումը տեղի է ունեցել հոսանքալարերի վնասման պատճառով։ Սրան գումարվում է վթարավերականգնողական աշխատանքները ժամանակին չկատարելու գործոնը՝ ասում է Հակոբ Վարդանյանը։ Առաջնային են նաև անկանոն կառուցապատման հետևանքով առաջացած խնդիրները։
«Երևանի կենտրոնում անգամերով սպառումը բարձրացել է 2000թվկանանից սկսած։ Մեկ սնուցող ենթակայան է կառուցվել կենտրոնում՝ Մալիբուի այգու ենթակայանն է, որը գալիս է Ծիծեռնակ ենթակայանից։ Ոչ միայն սնոց ենթակայաններ չկան, այլ գործող ենթակայանները, որոնք շենքերի տակ են, տրանսֆորտարային հնարավորություն չունեն տարածքային առումով։ Այդ ենթակայանները, որ մտնենք սարսափելի նեղ, չնախատռեսված, այն տրամաբանությամբ, որ կառուցապատումը իրականացվել է։ Սրանք հարցեր են, որոնք պետք է համատեղ ուժերով լուծելով գնանք»։
«Հայաստանի էլեկտրացանցերում» հանձնաժողովի որոշմանը համաձայն չեն։ ՀԷՑ էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ որպես մենեջեր վստահ չէ, որ տույժերը բարձրացնելով խնդիրները լուծվելու են։
«Մեկ-մեկ ասում են, որ լույս չկա ՀԷՑ–ի համար լավ է։ Դա մեզ համար լավ չէ, քանի որ մեր բիզնեսն է, մեր պարտականությունն է՝ հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում։ Մենք ուզում ենք մեր գործունեությունը անենք, որակյալ ծառայություն մատուցենք մեր բաժանորդներին ու վճարվենք»։
ՏԿԵ նախարարի տեղակալը ևս կարծում է, որ տուգանքի սահմանաչափը բարձրացնելը խնդիրն ամբողջապես չի լուծում։
«Մենք կարծում ենք, որ բավարար միջոցներ չեն, կապված չեն միայն ՀԷՑ-ի գործունեության հետ։ Մենք կողմ ենք, որ բոլոր ջանքերը ուղղենք՝ նույնականացնելու համար խնդիրները։ Համալիր գործողություններ պետք է կատարենք, որ արդյունք տանք։ Մեր կարծիքով՝ միայն տուգանքի բարձրացումը ոչ միայն ցանկալի արդյունքի չի բերի, այլ նաև ուղղակի արդյունքի չի բերի»։
Դժգոհությունները ոչ միայն էլեկտրաէներգիայի , այլև ջրի անջատումներից են։ Նոր կարգավորումներով կան նաև «Վեոլիա ջրի» վերաբերյալ։ Եթե մեկ օրացուցային տարվա ընթացքում ընկերությունը մեկ անգամից ավելի է 36 ժամից ավելի ջրանջատում իրականացրել, ապա պարտավոր է տույժ վճարել՝ փոխհատուցել բնակչին սպառած ջրի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը։ ՀԾԿՀ-ի տվյալներով՝ ջրի դեպքում գործնականում նման դեպքեր չկան, իսկ հոսանքազրկումների՝ թույլատրելի ժամեկտը գերազանցող դեպքերն այս տարի արդեն շուրջ 5 հազար են։




