ԿարևորՄիջազգային

Հունգարիայի՝ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ քաղաքականությունը վտանգ է ներկայացնում․ Ֆոն դեր Լեյեն

Հունգարիան Եվրոպայի անվտանգության համար վտանք է ներկայացնում՝ հայտարարել է եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը։ Նա իր ելույթում կոշտ կերպով քննադատել է Բուդապեշտի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ հայտնում է Reuters-ը։

Եվրախորհրդարանում հյուրընկալված Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանավեճի ժամանակ Վոն դեր Լեյենը մատնանշել է, որ Բուդապեշտը չի ցանկանում Եվրամիության միանալ գործընկերներին՝ օգնելու Ուկրաինային։ Նա նշել է, որ Օրբանի որոշումները նպաստում են Մոսկվայի և Պեկինի հետ կապերի ամրապնդմանը։

Ի պատասխան՝ Օրբանն ասել է, թե ինքը զարմացած է Ֆոն դեր Լեյենի ելույթից և հրաժարվում է զուգահեռներ անցկացնել Խորհրդային ճնշման դեմ 1956 թվականի Հունգարիայի ապստամբության և Ուկրաինայի՝ սեփական տարածքները պաշտպանելու պայքարի միջև։
Նա կրկնել է Ուկրաինայում հրադադար հաստատելու մասին իր կոչը։ Օրբանը, որը 2010 թվականից զբաղեցնում է վարչապետի աթոռը և որի երկիրն այժմ նախագահում է Եվրամիությունում, բազմիցս վիճաբանության է բռնվել Եվրոպական հաստատությունների հետ։ Վերջիններս պնդում են, որ Օրբանը խարխլում է Հունգարիայում գործող դեմոկրատական նորմերը, և Ռուսաստանի ու Չինաստանի հետ սերտ կապերի կողմնակից է։ Իսկ դա Եվրամիության արտաքին քաղաքականությանը դեմ է։

Ֆոն դեր Լեյենը քննադատել է հունգարական այն ծրագիրը, որի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ռուսներին և բելառուսներին, ինչպես նաև դեմ է Բուդապեշտի և Պեկինի միջև այն պայմանավորվածությանը, որը չինացի ոստիկաններին թույլ է տալիս գործել Հունգարիայում՝ տեղացի ոստիկանների հետ միասին։ Նա նաև մատնանշել է Հունգարիայի՝ ռուսական էներգիայից կախման մեջ գտնվելն այն բանից հետո, երբ եվրամիության 27 անդամ երկրներից շատերն արդեն կրճատել են Ռուսական գազի ներմուծումը։ Հունգարիայի ընդդիմության ղեկավար Պետեր Մագիարը նույնպես ելույթ է ունեցել խորհրդարանում և հայտարարել, որ Օրբանը արդեն 14 տարի է, ինչ պաշտոնավարում է և որ այդ տարիներին նա անսահմանափակ իշխանություն է բանեցնում։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button