ՀասարակությունՌեպորտաժներ

Բելգիայում ՏԻՄ ընտրություններ են. Արմինե Հարեյանը` ավագանու թեկնածու

Հոկտեմբերի 13-ին Բելգիայում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Դրանց, ինչպես և Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցել են շատ հայեր։

«Ռադիոլուր»-ը զրուցել է ՏԻՄ ընտրություններում  թեկնածու առաջադրված մեր հայրենակից Արմինե Հարեյանի հետ, որը «Բարեփոխումների շարժում» կուսակցության ցուցակով մասնակցել էր Եվրախորհրդարանի ընտրություններին։

Հոկտեմբերի 13-ին Բելգիայում տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններն են, երբ ամեն համայնք ընտրելու է իր ղեկավարին և ավագանու անդամներին։

Բելգիայի «Բարեփոխումների կուսակցության» կողմից Բրյուսելի Վոլյուվե Սէն Լամբերտ համայնքում թեկնածու է առաջադրվել մեր հայրենակից Արմինե Հարեյանը։ Արմինեն 2010 -թվականին անձնական պատճառներով տեղափոխվեց Բելգիա բնակության։ Առաջին օրվանից ներգրավվել է երկրի հայ համայնքի կյանքին։ 44-օրյա պատերազմի ընթացքում ու մինչ այսօր Բելգիայի և Եվրոպական տարբեր ատյաններում աշխատում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի խնդիրների բարձրացման ու հարևան պետության ոտնձգությունների մասին իրազեկման ուղղությամբ։

«Մեր նպատակն է՝ համապատասխան արձագանք ապահովել և՝ Բելգիայի, և թե՝ Եվրոպական ինստիտուտների կողմից։ Արցախյան 2020 թվականի պատերազմից հետո, Բելգիայի խորհրդարանը մի շարք բանաձևեր ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանին, որոնց ձևակերպման ու առաջ մղման հարցում իմ համեստ լուման ունեմ»։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը պատմում է, որ իրեն արդեն քաղաքական բավականին լայն շրջանակներում են ճանաչում, ու հենց դրա արդյունքում է, որ առաջարկ ստացավ «Բարեփոխումների շարժում » կուսակցությունից` մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին։ Նման առաջարկն ուղղակի մերժել չէր կարելի, ասում է, քանի որ Եվրախորհուրդը լավագույն հարթակն էր համայնքին հուզող հարցերը բարձրաձայնելու, լինեն առօրյա խնդիրներ, ինչպիսիք են սոցիալական հարցերը, թե՝ ավելի ընդգրկուն թեմաներ , օրինակ` ՀՀ անվտանգությանը վերաբերող։

«Կուսակցության պատգամավորներից Միշել դե Մագդը, որը հայերիս շատ է սիրում և տարբեր ատյաններում միշտ բարձրացնում է մեզ հուզող հարցեր, ինձ առաջարկեց իրենց կուսակցության ցուցակով մասնակցել ընտրություններին։ Կուսակցության եվրոպական ցուցակը գլխավորող  Սոֆի Վիլմեսը քովիդի տարիներին եղել է Բելգիայի վարչապետը,որը շատ մեծ հեղինակություն ունի Բելգիայում։ Իսկ նման հնարավորությունը չէի կարող բաց թողնել։ Ես, անկեղծ, անակնկալի եկա, քանի որ մտածում էի քաղաքական դաշտում կհայտնվեմ տեղական ինքնակառավարման ընտոություններին մասնակցելու ձևաչափով»։

Ընտրությունների ավարտին՝ հունիսի 9-ին Արմինե Հարեյանը բավականին շատ ձայներ է հավաքում, ինչն աննախադեպ ցուցանիշ է համարվում։

«Ես 23 հազարից մի քիչ պակաս  ձայն էի հավաքել ու իսկապես անակնկալի էի եկել,քանի որ այդքան ընտրող հայ էլ չունենք համայնքում։Այսինքն ինձ ձայն էին տվել նաև օտարերկրացիները։ Ես դա զգում եմ նաև հիմա, երբ տեսնում են ու ասում, վա՜յ մենք ձեզ տեսել ենք,ձեզ ձայն ենք տվել։ Այսինքն բելգիացիները արդեն ինձ ճանաչում են»։

Հենց այս փորձն էլ հաշվի առնելով Արմինեն որոշեց մասնակցություն ունենալ նաև տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններին։ Զրուցակիցս այսօր նաև Բելգիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչ է։ Մեզ հետ զրույցի պահին Հայաստանում է՝ մասնակցելու Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ֆորումին։ Ասում է` քարոզարշավի ամենաբուռն շրջանում մասնակից է դառնում մի միջոցառման,որը շատ կարևոր հարթակ է Հայաստանի համար։

«Հոկտեմբերի 13-ին ընտրություններն են, ես վերադառնում եմ հոկտեմբերի 8-ին։ Արդեն երկու շաբաթ է` ես Հայաստանում եմ ,դա նշանակում է ,որ ես բաց եմ թողնում քարոզարշավի ամենակարևորը օրերը։ Սակայն ես այստեղ եկել եմ ծրագրով,որի վրա Բելգիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների հետ աշխատել ենք մեկ տարի։ Մենք Բելգիացի գործարարներին համոզել ենք գալ Հայաստան ու հետազոտել ներդրումների դաշտը  մի  քանի ոլորտներում։ Հետևաբար ծրագիրը ինձ համար շատ կարևոր է,քանի որ այս ծրագրից Հայաստանը կարող է օգտվել, իսկ դա առավել քան առաջնային է ինձ համար»։

«Ռադիոլուր»-ի զրուցակցի խոսքով` Սփյուռքում ցանկացած ազգային փոքրամասնություն ինքնությունը պահպանելու առաջ է կանգնած ՝ կիրակնօրյա դպրոցներից մինչև հասարակական կենտրոններ սատարելու կարիք ունեն։ Հետևաբար պետք է ակտիվություն ցուցաբերել և համայնքի խնդիրները վեր հանել։

«Վերջին շրջանում Բելգիայի հայ համայնքը քաղաքական առումով բավականին ակտիվացել է։ Մինչեւ վերջերս այդ միտումը չէր նկատվում, բայց երիտասարդ նոր սերունդը շատ ակտիվացել է, ու տարբեր ցուցակներում հայեր կան։ Իմ ցուցակում կա ևս մեկ հայ, ու սա բացառիկ երևույթ է։ Իհարկե, մենք չունենք որևէ մրցակցություն,քանի որ ընտրողը կարող է և՛ ինձ ձայն տալ, և՛ մյուս թեկնածուին՝ Խաչիկ Հովհաննիսյանին»։

Ւսկ ընտրվելուց հետո Արմինե Հարեյանի ուշադրության կենտրոնում կլինեն համայնքային կյանքի զարգացման հարցերը և բնականաբար այս հնարավորությունը կօգտագործի հայ համայնքի հետաքրքրող և հուզող հարցերը բարձրաձայնելու և լուծումներ տալու համար։

Կարդացեք նաև

Back to top button