ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Պուտինի ծնունդը՝ «ԱՊՀ քաղաքական օրակարգով»․ Մոսկվայում է նաև Փաշինյանը

ՀՀ վարչապետն ու արտգործնախարարը հոկտեմբերի 7-ին մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների և արտգործնախարարների խորհուրդների նիստերին։ ՌԴ մայրաքաղաքում ծրագրվում է ԱՊՀ բոլոր 9 անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը։

Հայկական կողմի համար այստեղ ամենաուշագրավը, թերևս, մոսկովյան հարթակում Հայաստան-Ադրբեջան հնարավոր հանդիպումն է։ Վերլուծաբանները մշտապես շեշտել են մոսկովյան հարթակներն օգտագործելու Ադրբեջանի նախընտրությունը։ Վերջին անգամ Հայաստան-Ադրբեջան վերջին շփումն օրեր առաջ էր՝ Նյու Յորքում՝ արտգործնախարարների մակարդակով։ Այդ հարթակում հնչած լավատեսություններից հետո՝ ԱՊՀ հավաքից առաջ, նորից պահանջներ են հնչել Բաքվից։    

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ արտգործնախարարների մակարդակում Միրզոյան-Բայրամով հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ՝ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն է տեղեկացնում։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել են 11 օր առաջ նյույորքյան հարթակում՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում։ Այնտեղ շրջադարձային որոշումներ չեղան, եղավ պայմանավորվածություն՝ «Խաղաղության պայմանագիր» կնքելու լրացուցիչ ջանքեր ներդնել։

ԱՊՀ-ում 2024-ին նախագահողը Ռուսաստանն է, ուստի կողմերն այս տարի հավաքվում են Մոսկվայում։ Արտգործնախարարների աշխատանքին կհաջորդի ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը։ Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պաշտոնական օրակարգով ԱՊՀ երկրների ղեկավարները քննարկելու են հետագա համագործակցությունը, 2025-ին կառույցում նախագահության թեկնածուին, մի շարք փաստաթղթերում կընդունեն փոփոխություններ, առաջիկա երեք տարիների համար ԱՊՀ մշակութային քաղաքաները կընտրեն և ուղերձ կմշակեն հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակի կապակցությամբ։    

Պաշտոնականից զատ՝ կա նաև հանդիպումների ոչ պաշտոնական օրակարգ։ Թեև հիմնական նիստը  հոկտեմբերի 8-ին է, բայց հոկտեմբերի 7-ին ոչ պաշտոնական, փակ հանդիպումներ լինելու են՝ հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը․ Պուտինն իր ծննդյան 72–ամյակի օրն անցկացնելու է հենց ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ, բայց՝ ոչ տոնական։   

«Օրվա առաջին կեսին կլինեն աշխատանքային  փակ, ոչ հրապարակային հանդիպումներ, իսկ երեկոյան ԱՊՀ ղեկավարներն իսկապես կլինեն նախագահի մոտ»։

Ի՞նչ օրակարգով է Մոսկվա մեկնել Փաշինյանը, թերևս, ուրվագծվում է Պուտինին վարչապետի ուղղած շնորհավորական ուղերձից։ Մինչ Մոսկվա մեկնելը Պուտինին ուղղված շոնրհավորական նամակով Փաշինյանն այս փուլի համար առանձակի կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ  գործակցության ամրապնդման հետևողական քայլերի կարիքը բոլոր ոլորտներում։  Փոխըմբռնում, վստահություն և պետությունների շահերը հաշվի առնելով երկխոսության զարգացում՝ սրանք նամակի «բանալի» բառերից են, որոնք Հայաստանի վարչապետը ձևակերպել էր օրեր առաջ ևս՝ Երևանում  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

«Բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են։  Նույնը վերաբերում է որոշ մեկնաբանությունների, թե իբր Հայաստանն ինչ-որ տեղ, երբևէ, ինչ-որ կերպ համաձայնել է սահմանափակել իր ինքնիշխանությունը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այդպիսի բան երբեք չի եղել, և սա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը, և մենք դա երաշխավորում ենք»։

Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մոսկվա են հրավիրվել Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները։

Այս պահին որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ հաստատում չկա Մոսկվայում Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Մոսկովյան հանդիպումից առաջ, մինչդեռ, Ադրբեջանից հնչել են հերթական պահանջները։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը կրկին անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջին։ Նա հայտարարել է, թե «Հայաստանը հրաժարվում է ճանաչել նոր իրողությունները և շարունակում է չմտածված ռազմավարություն վարել՝ փորձելով ամեն գնով փաստաթուղթ կնքել»։ Սա, ըստ Բաքվի ներկայացուցչի, ավելի է խորացնում խնդիրը։   

Երևանից արձագանքելով՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերթական պահանջների մասով հայտարարել է՝ ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ երկրի դեմ տարածքային պահանջ չկա․ մեջբերում․

«Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ Հայաստանի 1990թ. Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եւ, հետևաբար, այն ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա։ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ ներքին օրենսդրությունը»։

Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ, ի դեպ, ինտրիգային էին որակել ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստին հենց Հայաստանի վարչապետի մասնակցությունը՝ զուգահեռներ տանելով թերևս ՀԱՊԿ-ի հետ առաջացած խնդիրների հետ։ Բայց պաշտոնական Երևանը մշտապես հաստատել է իր մասնակցությունը թե՛ ԱՊՀ, թե՛ ԵԱՏՄ աշխատանքներին։

Այս համատեքստում հետաքրքիր էր ԱՊՀ–ում նախագահությունը ստանձնելիս  Ռուսաստանի արտգործնախարարին ուղղված հարցը, որում կար ձևակերպում, որ քաղաքական գործիչները ոչ վաղ անցյալում ԱՊՀ-ն անվանում էին «քաղաքակիրթ ամուսնալուծությունների ակումբ»։  Այս հարցին Լավրովի պատասխանն էր․

«Եթե ​​վերցնենք այս նկարագրությունը, ապա կյանքում հաճախ է պատահում՝ մարդիկ բաժանվելուց հետո են սկսում զգալ փոխադարձ կապերի արժեքը և ավելի սուր են հասկանում փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը։ Ինձ թվում է, նման է այն իրավիճակին, երբ բաժանվելուց հետո ամուսինները լավ հարաբերություններ են պահպանում և սկսում են ավելի գնահատել միմյանց․ նման մի բան տեղի է ունենում հիմա»։

Ի դեպ, ԱՊՀ պետությունների արտգործնախարարների նիստին Լավրովն առաջարկել է առանձին որոշմամբ ԱՊՀ երկրների ղեկավարների հաստատմանը ներկայացնել ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկը։ Հաջորդ տարի մշակութային քաղաք առաջարկվում է ճանաչել, ռուսական կողմի ձևակերպմամբ, «ադրբեջանական Լաչինը», 2026 -ին՝ հայկական Մեղրին, 2027 -ին բելառուսական Մոլոդեչնոն։ Առաջարկը քվեարկության կդրվի վաղը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ժամանակ։  

Կարդացեք նաև

Back to top button