
Հայաստանում սրվել են սեզոնային շնչառական վարակները, որոնք տարածվում են օդակաթիլային ճանապարհով։ Գրիպի վիրուսի շրջանառվող ենթատեսակներն ամեն սեզոնի փոխվում են։ Այդ պատճառով գրիպի ամեն սեզոնի համար մշակվում է այդ սեզոնին հատուկ և առավել արդյունավետ պատվաստանյութ, որն արդեն առկա է բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում։
Ջերմություն, հազ, հևոց, թուլություն, քթահոսություն, փորացավ․ Հայաստանում սուր շնչառական վարակներն ակտիվացել են։ Դեպքերը շատ են ինչպես բժշկի դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերի ցուցանիշերով։ Առավել խոցելի խմբում են երեխաները։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին շաբաթում հոսպիտալացվածների 90 տոկոսը մինչև 18 տարեկան են։ Սակայն ԱՆ մասնագետը հավաստիացնում է՝ նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակները պասիվ են, բայց
«Կանխատեսվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության որոշակի ակտիվացում, և այդ առումով կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները»։
Կանխարգելիչ միջոցառումներից լավագույնը պատվաստումն է։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն ընդգծում է․
«Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով՝ նախատեսված 2024-2025 թթ սեզոնի համար։ Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերին, սակայն կարող են պատվաստվել նաև բոլոր ցանկացողները։ Իսկ ռիսկի խմբում առաջնահերթ 65 տարեկանից բարձր քաղաքացիներն են, ուղեկցող հիվանդություններ ունեցողները, 6 ամսականից մինչև 5 տարեկանները, հղիները, բուժաշխատողները»։
Գրիպը կարող է նաև բարդ ընթացք ունենալ՝ լուրջ հետևանքներով։ Պատվաստման նպատակը նաև ծանր դեպքերը նվազեցնելն է։ Մի սեզոնին շրջանառվում են տարբեր հարուցիչներ․ Սվետլանա Գրիգորյանը հիշեցնում է՝ չի բացառվում, որ գրիպի դեմ պատվաստված անձը վարակվի այլ սուր շնչառական վիրուսով։
«Երկրում առկա սեզոնային գրիպը քառավալենտ է, և դա նշանակում է, որ պատվաստանյութը պաշտպանում է տվյալ սեզոնի առավել շատ շրջանառվող գրիպի չորս ենթատեսակից՝ երկու Ա տեսակի և երկու Բ տեսակի։ Այսինքն՝ գրիպի դեմ պատվաստվելով՝ առնվազն այս չորս ենթատեսակից պաշտպանված ենք լինելու։ Սակայն սա չի նշանակում, որ այլ վարակներով չեն կարող պատվաստված անձինք հիվանդանալ»։
Բարդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ինքնաբուժմամբ չզբաղվել, խուսափել վարակակիրների հետ շփումից, հակաբիոտիկներից, հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային բժշկին։ Ինչ վերաբերում է «Արևմտյան Նեղոսի» տենդին, ապա այս պահին ՀՀ–ում հաստատվել է 132 դեպք, 4-ը՝ մահվան ելքով։ Տենդի ակտիվ սեզոնը հունիսից հոկտեմբերն է։ Առողջապահության նախարարությունում կանխատեսում են դեպքերի նվազում։ Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում առաջին անգամ է արձանագրվում։ Եթե առողջ մարդկանց մոտ հիվանդությունը հիմնականում աննկատ է անցնում, ապա ծանր և քրոնիկ հիվանդություն ունեցողները պետք է զգուշանան՝ ասում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
«Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց չկա։ 80 տոկոս դեպքերում գրեթե առանց ախտանիշի է ընթանում, ու բուժօգնության դիմելու համար որևէ գանգատ չի լինում։ Ծանր դեպքերում ախտահարվում է մարդկանց նյարդային համակարգը։ Հոսպիտալացված պացիենտների մոտ հիմնականում ինտոքսիկացիոն հիվանդություններին բնորոշ երևույթներ են գրանցվում»։
Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է: Առողջապահական գերատեսչությունը դեռ արձակուրդային սեզոնի ավարտին էր հրահանգել կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումներն ուսումնական հաստատություններում։




