
Հայաստանում առաջին անգամ Համազգային գիտության շաբաթ է անցկացվում: Կազմակերպիչը «Գիտուժ» նախաձեռնությունն է, որը հասարակության բոլոր շերտերին հասնելու և գիտության՝ ամենուրեք լինելը ցույց տալու նպատակ է դրել։ Վեց օր շարունակ Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, զուգահեռ՝ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ:
«Կարող ես բահով սկսել, հետո այ սա է քեզ օգնության հասնելու։ Դուրս բերված ավազը սրա մեջ լցրու, որ մաղես, տեսնենք՝ ինչ է մնում։ Ավելի աշխույժ, ավելի եռանդով, մենք դեռ չգիտենք՝ ինչ ենք հայտնաբերելու»։

Ազատության հրապարակի ճիշտ կենտրոնում ակտիվորեն հող փորողները Գիտության շաբաթվա կրտսեր հյուրերն են։ Սա նրանց առաջին ծանոթությունն է հնագիտության հետ։ Ի՞նչ կգտնեն նրանք հողի ստորին շերտերին հասնելուց հետո՝ դեռ հայտնի չէ, բայց որ իրենց մեջ գիտության նկատմամբ սիրո նոր չափաբաժին են գտնելու՝ կազմակերպիչները վստահ են։ Հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում Գիտության փառատոն, իսկ մարզերում՝ ապակենտրոնացված միջոցառումներ են անցկացվելու հենց այդ նպատակով։
Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարյան․
«Դպրոցականների համար շատ ավելի հետաքրքիր կլինեն տարբեր գիտափորձերը, ցուցադրությունները, նկարագրված է, թե ոնց է աշխատում բնության մեջ այս կամ այն երևույթը։ Ավելի բարձր տարիքի համար, ովքեր սկսել են մտածել իրենց ապագա մասնագիտության մասին, մասնագիտական կողմնորոշման ուղղությունը ավելի հետաքրքիր կլինի, անմիջական շփումը ինստիտուտների, համալսարանների հետ՝ հասկանալու համար, թե ինչ են նրանք առաջարկում, ինչ հեռանկարներ կարող են տալ։ Իսկ ավելի մեծ տարիքի, ավելի խորը հետաքրքրվող մարդկանց համար՝ անցկացվող դասախոսությունները, քննարկումները, որոնց ընթացքում տարբեր հետաքրքիր գիտակարգերի մասին խորացված պրեզենտացիաներ և դասախոսություններ են լինելու»։


Գիտության շաբաթը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Այն կրում է «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագիրն ու հենց այդ նպատակն էլ ունի։ Վեց օր ընթացող միջոցառումները երեք ուղղություն են ունենալու։ Հոկտեմբերի 1-2-ն, օրինակ, «Գիտությունն ամենուրեք» ենթախորագիրն ունի։ Այս օրերին այցելուները կարող են մասնակցել գիտափորձերի, հանդիպել գիտնականների հետ, ներկա լինել ցուցադրությունների ու քննարկումների միջոցով բացահայտել գիտության տարբեր ոլորտները։
Հոկտեմբերի 3-4՝ «Ապագա գիտնականները» անունը կրող երկօրյակը այցելուներին տալու է մասնագիտական կողմնորոշում, հուշելու է՝ ինչու և ինչպես դառնալ այս կամ այն մասնագետը, իսկ հոկտեմբերի 5-ն ու 6-ը «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՛ր» ենթախորագրով, նվիրված կլինեն գիտական ֆանտաստիկայի աշխարհի ուսումնասիրությանը՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, օրինակ, իր տաղավարում արդեն ներկայացրել է ֆիզիկայի գրեթե բոլոր ուղղություններին վերաբերող փորձանմուշներ։
«Այս սարքը, որը Դուք պտտում էիք, տեսնում եք, որ լամպը վառվում է․ ինչի՞ հաշվին է վառվում, որովհետև մենք էստեղ ունենք մագնիս, սա մագնիս է, սա հաղորդալարերից պատրաստված գալար է, այս հաղորդալարերի գալարը պտտում ենք մագնիսի մեջ՝ ստանալով փոփոխական էլեկտրական դաշտ, դրա հաշվի ստեղծվում է էլեկտրական հոսանք»։
Կողքի տաղավարում այցելուներին առաջարկում են վիրտուալ իրականություն տեղափոխող ակնոցով տիեզերք թռչել․Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչները ընտրության հնարավորություն էլ են տալիս՝ ուզում եք Մարսո՞ւմ լինել, Լուսնի վրա՞, թե՞ տիեզերանավում։ Հայացքդ բարձրացնում ես տիեզերքից ու հայտնվում Մատենադարանում՝ միջնադարյան ձեռագրերի աշխարհում․
— Երկու ուղղությամբ ներկայացնում ենք Մատենադարանի գիտական ներուժը։ Նախ՝ թվայնացման բաժնից խոսեմ, ներկայացնելու ենք 3Դ սկանավորման սարք, որը վերջերս ենք ձեռք բերել։ Այն մեզ թույլ է տալիս եռաչափ սկանավորել մատյանների կազմերը։ Ինչպես գիտեք՝ մատյանների կազմերը հայկական ձեռագրերի առանձին արվեստի գործ են հանդիսանում՝ արծաթյա, փղոսրկյա, ոսկյա, տարբեր թանկարժեք քարերով զարդարված ու ունեն շատ խորը ռելիեֆներ ու դրանց սկանավորումը միշտ մեզ համար խնդրահարույց է եղել։ Ռեստավրացիոն բլոկը գուցե Արմինեն ներկայացնի՝ մեր վերականգման բաժնից։
— Մենք գիտական խումբ ունենք կենսաքիմիական, զբաղվում ենք մեր հայկական բնաշխարհից վերցրած բույսերի հակասնկային հատկություններով։ Գրքերն ենք բուժում միկրոսկոպիկ սնկերից։ Բույսերից անջատված յուղերն են ու դրանց ջրային մզվածքները։

Բացի Ազատության հրապարակից՝ գիտությունը շաբաթը տարածվելու է նաև մարզերում։ Դպրոցներն ու մանկապարտեզները ապակենտրոն միջոցառումների ծրագրեր են ստացել։ Դրանցում մանրամասն ներկայացված են, թե տարիքային որ խմբի հետ ինչ գիտափորձեր կարելի է կատարել, ինչ նյութեր են անհրաժեշտ դրանց համար, ինչ շեշտադրումներ կարող է անել ուսուցիչը, կարճ ասած՝ ամբողջական պլան՝ բոլոր դետալներով։ Արման Գասպարյանի խոսքով՝ կրթօջախները դրանք մեծ ոգևորությամբ են ընդունել․
«Երբ քայլ առ քայլ նշված են քայլերը ու անհրաժեշտ նյութերը, ու երբ էդ նյութերը հնարավորինս հասանելի են դպրոցին, անկախ նրանից՝ էդ դպրոցում կա լաբորատորիա, թե չկա, դա դպրոցի համար, իհարկե, ոգևորիչ է։ Մանավանդ, որ 60 միջոցառում է, ուսուցիչը կարող է ընտրել դրանցից ցանկացածը, կարա ամեն շաբաթ անցկացնի, կարա շարունակական լինի, կարա նորը հորինի, փոփոխի»։




Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսված են նաև մրցույթներ։ Այսպես, օրինակ, ապակենտրոն միջոցառումների շրջանակում անցկացված գիտափորձերը երեխաները կարող են նկարահանել և ուղարկել առաջին մրցույթին։ Կազմակերպվել են նաև «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները։




