
Հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակած ամբողջական տեքստը և որոշման մեջ առկա որոշ ձևակերպումներ տարբեր մեկնաբանությունների առիթ են դարձել։ Մտահոգ կողմը կասկած է հայտնում, թե լուրջ փոփոխությունների «հող է նախապատրաստվում»։ ԱԺ-ն բարձր մակարդակով նման թեզերն անհավանական է համարում։ Հինգ օր առաջ ՍԴ-ն որոշում հրապարակեց սահմանազատման կանոնակարգի սահմանադրականության մասին, իսկ որոշման ամբողջական տեքստը հրապարակվեց ավելի ուշ։ Այժմ լայնորեն քննարկվում են որոշման բովանդակությունը և դրանում առկա խնդիրները՝ կապ ենթադրելով Անկախության հռչակագրի հետ։
Հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը պետք է վավերացվի ոչ խորհրդարանում, այլ պետք է դրվի Հանրաքվեի՝ խորհրդարանական ընդդիմությունից պնդում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Կանոնակարգի մասին խոսելով՝ նա առանձնացնում է կոնկրետ կետ, որին Սահմանադրական Դատարանը չի անդրադարձել։ Կանոնակարգի կետերից մեկով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, իսկ այդ «օպտիմալացում» բառը, ըստ պատգամավոր Մինասյանի, նշանակում է տարածքի, սահմանագծի փոփոխություն։
«Ինչը, Սահմանադրության համաձայն, Հանրաքվե է պահանջում։ Հետևաբար, եթե հետևողական լիներ ՍԴ–ն, պետք է ասեր, որ այս կանոնակարգը ենթակա է Հանրաքվեով հաստատման, որովհետև նման իրավասություն ԱԺ-ն չի կարող տալ գործադիր իշխանությանը։ Այս փաստաթուղթը, առավել ևս՝ կանոնակարգը պետք է անպայմանորեն անցնեն Հանրաքվեի ճանապարհով»։
Սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը մասամբ է գոհացրել ընդդիմադիրներին։ Գոհ են որոշման այն հատվածից, որտեղ ինքնասահմանափակման կանոնն է դրված, և որտեղ Սահմանադրության նախաբանը սահմանվել է որպես անփոփոխելի հոդված։ Այսինքն՝ այն չի կարող որևէ մեկը փոփոխության ենթարկել, այդ թվում նաև՝ ժողովուրդը, որը և ընդունել է այն։
Հիմնական մտահոգությունը, սակայն, կապված է ՍԴ որոշման մեկ այլ հատվածի հետ, որտեղ կա «ծնողին խժռող զավակի» մասին այլաբանությունը։ Այն վերաբերում է Մայր օրենքին և դրա նախաբանում Անկախության հռչակագրի հղմանը։ Ընդդիմության շարքերում սա հասկացել են որպես կոնկրետ գործողությունների և ծրագրերի նախապատրաստող քայլ․
«Ակնհայտ է, որ ՍԴ–ն իր այս որոշմամբ փորձել է մոլորության մեջ դնել հանրությանը՝ փորձելով արհեստական հակասություն ձևակերպել անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության միջև»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անհավանական է համարում պնդումները, թե ինչ–որ գործողությունների համար «հող է նախապատրաստվում»։ Առավել ևս անհավանական է համարում դիտարկումները, թե դա արվում է Ադրբեջանի պահանջով։
«Որպես իրավաբան եմ նաև ձեզ պատասխանում․ իրավական նորմերն արդեն իսկ սահմանված են Սահմանադրությամբ։ ԱՄՆ Անկախության հռչակագրի մեջ նույնիսկ այնպիսի բաներ կան, որ հիմա գոյություն չունեն իրականության մեջ, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն Հռչակագիր չունի կամ որևէ այլ բան։ Եկեք տարբերակենք իրավական փաստաթղթերը, իրավական դրույթները և հռչակագրերը, սիմվոլները։ Որևէ մեկը որևէ բան չի չեղարկում։ Ես վստահ եմ, հիմա էլ եմ վստահեցնում ձեզ, որ նման բան չկա ու չի կարող լինել։ Չեմ բացառում, որ, ենթադրենք, օրեր անց, երբ կփարատվի այդ խոսակցությունը, որն, ըստ իս, միջազգային կառույցներում արդեն մարդիկ հասկացել են, և կարծում եմ, որ Ադրբեջանը արդեն պետք է, որ այդ մեսիջները ստացած լինի, որ Սահմանադրության վերաբերյալ այդ պնդումը շատ անհիմն է, ես չեմ բացառում, որ վաղը մյուս օրը մի նոր պատճառ գտնեն կամ նոր ինչ–որ բան ասեն»։
Անգամ այդ դեպքում, ըստ Ալեն Սիմոնյանի, Հայաստանն աշխատելու է խաղաղության ուղղությամբ։ Հիշեցնում է, որ սկզբնական փուլում ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանը միջազգային 5 սկզբունք էր առաջ մղում խաղաղություն հաստատելու համար։ Այսօր արդեն կա վերջնականապես հաստատված 13 և բովանդակային առումով համաձայնեցված ևս 3 դրույթը, որոնք այդպես էլ չեն ստորագրվում։
«Առաջարկները հարթակ տրամադրելու առումով նաև մեսիջ են այն մասին, որ միջազգային հանրությունը սպասում է, ասում է՝ ինչո՞ւ չեք կնքում այդ պայմանագիրը, որովհետև արդեն անհասկանալի է Ադրբեջանի այդ դիրքորոշումը։ Միջազգային գործընկերների հետ ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում, իրենք էլ, անկեղծ ասած, զարմացած ասում են՝ լավ, հասկացանք, որ այդ Սահմանադրության հատվածը մի քիչ ուռճացված է, բայց ինձ են հարցնում՝ կարո՞ղ է գիտեք՝ ի՞նչն է պատճառը, կարո՞ղ է ուրիշ բան էլ կա, դեռ չեն ասել։ Այսպիսի անորոշության մեջ են։ Մենք նորից առաջարկում ենք և կոչ ենք անում միջազգային հանրությանը խոսել սրա մասին Ադրբեջանի գործընկերների հետ»։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ խաղաղության հաստատման առումով գնդակը վաղուց Ադրբեջանի դաշտում է, և Հայաստանը սպասում է այդ որոշմանը։
Թե ինչու է Ադրբեջանը հապաղում ու չի սկսում սահմանազատման կանոնակարգի վավերացումը՝ Սիմոնյանը դժվարանում է պատասխանել։ Ենթադրում է, որ Ադրբեջանում միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգն այլ է և տարբերվում է մերից։ Ըստ պայմանավորվածության, ասում է, հրապարակումներն ու վավերացումը պետք է զուգահեռ լինեին։ ԱԺ նախագահը չի կարծում, որ հապաղումից հետո ադրբեջանական կողմը կհրաժարվի վավերացումից։ Դա ավելի անլուրջ և անազնիվ քայլ կդիտվի, քան հենց սկզբից փաստաթղթի չստորագրելը՝ ընդգծում է։




