Սարգիսը կրում է Շահեն Մեղրյանի ջոկատի մարտիկ հորեղբոր անունը, որը զոհվեց 1993 թվականին արցախյան առաջին պատերազմում։ Այս պատերազմում վիրավորվել է հայրը, իսկ զինվորական երեք եղբայրները մասնակցել են արցախյան գրեթե բոլոր պատերազմներին։ Սարգիսին բաժին հասավ 44-օրյան։ Սարգիս Հարությունյանը ծնվել է 2000 թվականին Արցախի հանրապետության Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։
Ավարտելով Ստեփանակերտի Արհեստագործական ուսումնարանը 2019-ի հունվարին զորակոչվել է բանակ, ծառայել Մարտակերտի շրջանում։ Մեկ ու կես տարվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, կռվել է հիմնականում Մարտակերտի ու Մարտունու դիրքերում։ Հոկտեմբերի 28-ին արկի հարվածից կորցրել է երկու ոտքը։ Վեց վիրահատություն է տարել, 2021-ի հունվարին պրոթեզավորվել է։ Մեր հերոսի համար ճակատագրական դարձավ հանդիպումը Հայաստանի Զինված ուժերի փոխգնդապետ, Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի և աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանի հետ։
«Սարգիսն այցելում էր վիրավոր զինվորներին, ովքեր ձեռք կամ ոտք էին կորցրել, իր օրինակով խորհուրդներ էր տալիս, ոգեշնչում։ Միշտ տղերքի կողքին է եղել։ Ինձ բախտ վիճակվեց, մեր տուն էլ եկավ։ Նրան նայելով մտածեցի՝ եթե ինքը կարող է, ուրեմն ես էլ կարող եմ»,-պատմում է Սարգիսը։ Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում Սարգիսն այսօր ոչ միայն վերականգնողական բուժում է ստանում, այլև զբաղվում պրոֆեսիոնալ բազկամարտով՝ գրանցելով բազմաթիվ հաջողություններ։
Հասցրել է դառնալ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն տարբեր առաջնություններում։ Վերջինը 2024-ի օգոստոսին Մոլդովայում կայացած պարաբազկամարտի աշխարհի առաջնությունն էր, որտեղ Սարգիսը դարձավ արծաթե և բրոնզե մեդալակիր։ Ի դեպ, նույն առաջնությունում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը թիմային հաշվարկով նվաճեց չորրորդ հորիզոնականը։