
Օրերս Ալավերդու ավագանին միաձայն քվեարկությամբ հավանության է արժանացրել համայնքի տեղական երիտասարդական քաղաքականության նախագիծը։ Մայրաքաղաքից հետո Ալավերդին առաջին համայնքն է, որ ունի նման փաստաթուղթ։ Փաստաթղթով տեղական բյուջեի 1 տոկոսը կուղղվի դրա իրականացմանը։
Համայնքի ղեկավարին առընթեր կստեղծվի երիտասարդական խորհուրդ, որը կհամակարգի քաղաքականության իրականացման ընթացքը։ Նախագիծը կյանքի է կոչվել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի «Երիտասարդ Օրակարգ» ենթածրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում:
Ամիսներ շարունակ ալավերդցի երիտասարդները գրում, գծում, բանակցում ու քաղաքականություն էին մշակում։ Փաստաթուղթ, որը, ինչպես իրենք են ասում, ավելի համագործակցային ու մասնակցային կդարձնի Ալավերդու տեղական կառավարումը։ Հպարտ են, որ մայրաքաղաքից հետո Ալավերդին 2-րդ համայնքն է, որ երիտասարդական քաղաքականություն ունի։ Անի Կոնյանը փաստաթուղթը մշակող թիմից է։ 7 ամիսների տքնաջան աշխատանքն այս փաստաթղթում ենք ամփոփել, որի շնորհիվ արդյունավետ համագործակցություն կունենանք ՏԻՄ-ի հետ՝ ասում է։
«Մենք կլինենք առաջինները, ովքեր հիմքն են դնում այս ամենի։ Երկու կողմի համար էլ արդյունավետ փաստաթուղթ է, երբ արդեն կա փաստաթուղթը, թե երիտասարդների ձայնը լսելի կլինի, թե երիտասարդների կարծիքը հաշվի կառնվի համայնքապետարանի կողմից»։

Թող Ալավերդու աշխուժացումը մեզնից սկսվի՝ Բակուր Գորգինյանն է ասում, ու մեր օրինակը վարակիչ լինի Հայաստանի մյուս համայնքների համար։ Խոսրով Դուլգարյանը, որ փաստաթղթի մշակման նախաձեռնողներից է, ասում է՝ կարողացել են ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, ամրագրել բոլոր այն կետերը, որոնց շուրջ ամիսներ շարունակ բանակցել են Ալավերդու տեղական իշխանությունների հետ։
«Քաղաքականությունն ունի ամրագրված սկզբունքներ, որոնք պետք է քաղաքականության իրականացման հիմք դառնան ՏԻՄ-ի կողմից. հավասարությունը, փաստահենությունը, այսինքն՝ իրականացվելիք բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն փաստաթղթի վրա, երիտասարդակենտրոնությունը, մասնակցությունը։ Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ներգրավված լինի որոշումների կայացմանը։ Ինչով է լավ էս քաղաքականությունը, որ այն հիմնված է կարիքների վերհանման վրա»։
Ամենակարևորը ֆինանսավորումն է՝ ասում է Խոսրովը, որին հասել ենք անմիջական բանակցությունների արդյունքում։ Երիտասարդներն առաջարկել են քաղաքականության իրագործմանը հատկացնելհամայնքի տարեկանբյուջեիծախսերի 2 տոկոսը։Փաստաթղթով, սակայն,համայնքապետարանըպարտավորվել է տարեկան բյուջեի 1 տոկոսն ուղղել երիտասարդականծրագրերին։ Ալավերդու համայնքապետի տեղակալ Հարություն Ձավարյանն ասում էլավ գաղափարների համար լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ միշտ կգտնվեն.

«Վերջին աղետը նաև ցույց տվեց, ինչ կարևոր է մեր երիտասարդության մասնակցությունը տարբեր գործընթացների: Բացիացի այդ, իրենք բավական ռացիոնալ են մտածում: Էդ ռացիոնալիզմը և իրենց կրեատիվությունը փորձելու ենք մտցնել համակարգի մեջ: Եթե երիտասարդներն ունենան լավ ծրագրեր, մենք պատրաստակամ ենք ֆինանսավորելու»։
Փաստաթղթի ստեղծմանը շուրջ 300 մարդ էմասնակցել՝ երիտասարդներ, ՏԻ ևՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, փորձագետներ։ Բազմաթիվառաջարկներ են հավաքվել նաև ամռանն Ալավերդիում կայացած երիտասարդական ֆորումի ժամանակ։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանն ասում է՝ բոլոր նրանք, ովքեր թերահավատ էին, թե ինչ է տալու երիտասարդական քաղաքականությունը Ալավերդուն, կարող են վստահ լինել, որ այս փաստաթղթի շնորհիվ փոխվելու է համայնքի մասնակցային կառավարման որակը։ Եթե նախկինում խոշոր համայնքներում հիմնականում նույնաբովանդակ շարադրանքով պատենճված քաղաքականություններ մշակելու փորձեր արվել ու ձախողվել են, Ալավերդու պարագայում ամեն ինչ երիտասարդներն են արել։ Թերացումների և հաջողությունների պատասխանատուն իրենք են լինելու։

«Քանի որ մշակվում է պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը, դրա շրջանակում քննարկվում է համայնքներում երիտասարդական քաղաքականություն պարտադիր դարձնելու հարցը։ Եթե լինի պարտադիր, դեռ չի նշանակում, որ իրենք նույն ձևաչափով կմշակվեն։ Ուղղակի փաստաթղթեր կկազմեն, իսկ բնական պրոցեսը, որ ամբողջովին երիտասարդները իրականացնեն, իրենց կարիքները գնահատեն, հանդիպումներ անցկացնեն, բանակցություններ վարեն, չի լինի»։
Շատ կարևոր է, որ համայնքներն ունենան երիտասարդականքաղաքականություն, որի շնորհիվ իրենց ձայնն ավելի լսելի կդառնա համայնքներում, նրանց ներուժն ավելի արդյունավետ կուղղորդվի՝ ասում է ծրագրի փորձագետ Արմեն Բեժանյանը։ Փոքր համայնքներից մեծ է երիտասարդների հոսքը դեպի մայրաքաղաք։ Գնում են սովորելու ու մնում այնտեղ։ Մեծ հույս ունեմ, ասում է, որ այս առումով փաստաթուղթը զսպող ազդեցություն կունենա

«Անհրաժեշտ է, որ ցանկացած համայնք առանձնակի կարևորություն տա երիտասարդների ներգրավմանը և դրանով հստակ ուղերձ հղի, որ երիտասարդները մեծ արժեք են, հակառակ պարագայում երիտասարդների թիվը հատկապես փոքր համայնքներում կշարունակի պակասել ու համայնքները ծերանալով մի օր կմարեն, որի ցավալի օրինակներն ունենք։ Երիտասարդական քաղաքականությունը հայեցակարգ է, որը ուղորդում է, թե ինչպես է պետք ստեղծել և պահպանել այդ միջավայրը»։
Երիտասարդական քաղաքականության հայեցակարգով Ալավերդու համայնքապետին առընթեր կստեղծվի նաև երիտասարդական խորհուրդ, որ կհամակարգի փաստաթղթի իրականացման ընթացքը։ Գործողությունների ծրագիրը համատեղ կմշակեն երիտասարդական խորհուրդն ու համայնքապետարանը։ Հայեցակարգը՝ որպես օրինակելի մոդել, իր մեթոդաբանությամբ առաջիկայում կներկայացվի նաև ԿԳՄՍև ՏԿԵ նախարարություններին։




