ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ոչ թե հրադադար, այլ պատերազմի նոր թափ․ Իսրայելը կանտեսի 12 երկների կոչը՝ կարծում են փորձագետները

12 երկիր կոչ է արել Իսրայելին ու Լիբանանին ժամանակավոր՝ 21 օրյա հրադադար հաստատել, սակայն փորձագետները թերահավատ են այս հարցում։ Նրանք հիշեցնում են, որ Գազայում պատերազմի ժամանակ անգամ չէր հաջողվում հրադադար հաստատել, և միայն գերիներին փոխանակելու համար հնարավոր եղավ։ Նրանք համոզված են, որ Իսրայելը կօգտվի «բաց պատուհանից» ու կշարունակի պատերազմը Լիբանանում, ինչը դեմ է նաև ԱՄՆ շահերին։

12 երկիր Իսրայելին և Լիբանանին կոչ են արել 21 օրով հրադադար հաստատել։ Այդ երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հրադադարը հաստատվելու դեպքում կողմերին հնարավորություն կտրվի բանակցություններ վարել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։

Սակայն Իսրայելը ոչ թե ժամանակավոր հրադադար է կնքելու, այլ փորձելու է մեծացնել պատերազմի մասշատբները, համոզված է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Լիբանանի դեմ այս ռազմագործողությունն Իսրայելի ռազմավարական ծրագրերից մեկն է ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, այսինքն՝ դեռ 2023 թ հոկտեմբերին Գազայում նախաձեռնած գործողության շարունակությունն է Լիբանանում Հեզբոլլահի դեմ ռազմագործողությունը։ Իսրայելը փորձում է օգտվել բարենպաստ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակից և բարելավել սեփական անվտանգային միջավայրը։ Այնպես որ, պարտերազմը Հեզբոլլահի դեմ նախաձեռնել է Իսրայելը և վստահ չեմ, որ Իսրայելը այս պահին պատրաստ է կանգնել։ Այլ բան է, որ տարբեր քարոզչական, դիվանագիտական մանևվրեր են իրականացվում՝ ցույց տալու, թե պատրաստ են, բայց իրականում մեղքը բարդում են հակառակորդ կողմի վրա»։

Եթե հրադադարի կոչից անմիջապես հետո որոշ փորձագետներ տեսնում էին դրա հնարավորությունը, ապա օրվա ընթացքում ավելի ուշ տարածվող տեղեկությունները և որոշ վերլուծություններ լավատեսության քիչ հիմք են տալիս։ Մասնավորապես, իսրայելական կոալիցիայի ներկայացուցիչները վարչապետ Նեթանյահուին հրապարակայնորեն կոչ են անում չհամաձայնել հրադադարին, հստակեցնելով, որ այդպիսով թույլ կտան Հեզբոլլահ շարժմանը վերականգնել ուժերը, խմբավորվել նոր հարվածների համար։

«Թշնամուն չի կարելի ժամանակ տալ սթափվելու ստացած ծանր հարվածներից և վերախմբավորվելու 21 օր հետո պատերազմը շարունակելու համար»,- Х –ում գրել էր Իսրայելի ֆինանսների նախարար Սմոտրիչը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ևս մերժել է հրադադարի մասին առաջարկները։

«Ոչ մի հրադադար հյուսիսում չի լինի։ Մենք կշարունակենք պայքարը մեր ողջ ուժերով, մինչև հաղթանակ և հյուսիսի բնակիչների վերադարձ իրենց տներ»,- ասել է նա։

Մարտական գործողությունների դադարեցման դեմ են արտահայտվել իսրայելացի այլ նախարարներ ևս, նշելով, որ չկա բարոյական հիմնավորում հրադադարի համար, և որ միայն լիբանանյան շարժման կապիտուլյացիան կարող է կանխել պատերազմը հյուսիսում։

Իսրայելի կառավարության որոշ անդամներ էլ վտանգավոր կեղծավորություն են որակել 21 օրյա հրադադարի մասին 12 երկրների կոչը։

Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Կանադան, ԵՄ, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ, Միացյալ Թագավորությունը, Կատարը և Ավստրալիան ։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը հիշեցնում է, որ Գազայում ևս հնարավոր չեղավ հրադադար հաստատել, թեև շատ գերտերություններ ձգտում էին դրան․

«Հեգեմոն պետությունների ղեկավարները նույն կերպ փորձում էին ժամանակավոր դադար հաստատել, խաղաղության հասնել նաև Գազայի հատվածում, բայց ստացվում էր, որ իսրայելական կողմը չէր կարող պահպանել այդ ռեժիմը։ Մենք խոսում ենք հանդուրժողականության մասին, բայց այս պահի դրությամբ արդեն վիրավորների թիվը 1400 է հասել, ըստ պաշտոնական տվյալների, և դրանք կավելանան վստահաբար, քանի որ Նաթանյահուն պաշտոնապես հայտարարել է, որ Լիբանանի հարավում ռազմական գործողությունները շարունակելու միտում ունի»։

Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակից հստակեցնում են, որ հրադադարի մասին լուրերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ որ Նեթանյահուն անգամ չի պատասխանել այդ առաջարկին, ընդհակառակը նա ցուցում է տվել իսրայելական ուժերին շարունակելու մարտը ողջ ուժով՝ ըստ կազմած պլանի։

Արաբագետ Արմեն Պետրոսյանը համոզված է, որ մինչև ԱՄՆ ընտրություններն Իսրայելը կշարունակի պատերազմը Լիբանանում․

«Եթե Իսրայելը տեսնում է ռազմական գործողությունները շարունակելու հնարավորություն, ապա վստահաբար կարելի է պնդել, որ այդ գործողությունները շարունակվելու են, և դա ռազմավարական նշանակության խնդիր է այս ժամանակային պատուհանի ընթացքում ապահովելու իր անվտանգային միջավայրը, իսկ այս պատուհանը մինչև այս տարվա ավարտը, մինչև ԱՄՆ նոր իշխանության ձևավորումը բաց է լինելու։ Դրանից հետո կոշտ մեթոդներով կփորձեն գործել իսրայելական ծայրահեղական կառավարության դեմ, որը ապակայունացնում է ոչ միայն տարածաշրջանը, այլև լուրջ բովանդակային խնդիրներ է առաջացնում ԱՄՆ համար»։

Փորձագետները համոզված են, որ մինչև ԱՄՆ ընտրություններ Իսրայելը նաև ցամաքային գործողությունների կանցնի։ Իսրայելին կանգնեցնելու մեկ ձև կա, ըստ փորձագետների՝ նպատակային քայլերը խոշոր դերակատարների կողմից, իսկ մինչ այդ որոշ երկրներ ջանքեր են գործադրում տարածաշրջանը մեծ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով սեպտեմբերի 23-ից սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 620-ը։ Մոտ կես միլիոն  մարդ տեղահանված է։  

Կարդացեք նաև

Back to top button