
Oգոստոսի 24-31-ը Հայաստանի Լոռու մարզի Դեբեդ գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի հոբելյանական 10-րդ միջազգային փառատոնը։ Կցուցադրվի շուրջ 40 ֆիլմ 20 երկրից, վավերագրական կինոյի տարբեր ժանրերում: Կարճամետրաժ և լիամետրաժ մրցութային ծրագրերում ընդգրկված է 19 ֆիլմ, որոնց մի մասն արդեն ցուցադրվել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում՝ Բեռլինում, Վենետիկում, Ռոտերդամում, Ամստերդամում և այլն, իսկ մի քանիսն իրենց համաշխարհային պրեմիերան կունենան փառատոնի շրջանակում։
«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնն արդեն 10 տարեկան է։ Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանի խոսքով՝ այս ընթացքում փառատոնն իր դեմքն է գտել։
«Եթե համեմատում ենք ամենաառաջին փառատոնի հետ, ապա հիմա փառատոնն իր դեմքն է գտել։ Այն ժամանակ ցանկությունն այն էր, որ վավերագրական կինոյի առանձին փառատոն կազմակերպենք, քանի որ հենց ոչ խաղարկային կինոյի մեջ էինք տեսնում հայ կինոյի հետագա զարգացման հնարավորությունները»։



Տարիներ անց գաղափարին գումարվեց նաև երկրորդ տարրը՝ փառատոնն անցկացնել մայրաքաղաքից հեռու։ Առաջին կանգառը Ուջանն էր, հիմա արդեն՝ Դեբեդ գյուղը։ Այս տարի փորձելու են հանդիսատես ներգրավել նաև Վանաձորից և Ալավերդիից։ Հատուկ արտամրցութային ծրագրով հարգանքի տուրք կմատուցվի Սերգեյ Փարաջանովին՝ 100-ամյակի կապակցությամբ։ Արթուր Վարդիկյան․
«Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում օգոստոսի 29-ին հատուկ ցուցադրություն կանենք Փարաջանովի այսպես կոչված վավերագրական ֆիլմերի, դրանք են «Հակոբ Հովնաթանյանը», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով»։
Այս տարի փառատոնը կունենա 25-ից 30 տեղացի և արտասահմանցի մասնակից։ Իսկ հաղթողներին կորոշի եռանդամ ժյուրին, որի մեջ ներառված են անվանի ֆրանսահայ կինովավերագրող Ժակ Քեբադեանը, իրանցի ռեժիսոր Մեհդի Բաղերին և հայ կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը։



Արտամրցույթային ֆիլմերի ցանկում է 1922-ին նկարահանված «Նանուկը Հյուսիսից» համր ֆիլմը՝ ամերիկացի հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ֆլաերթիի 140-ամյակի կապակցությամբ։ Ֆիլմը պատմում է Հուդզոնի ծոցի սառցե ափերին ապրող էսկիմոս Նանուկի (թարգմանաբար՝ արջ) և նրա ընտանիքի կյանքի ու կենցաղի մասին։
Ուշագրավ է նաև Վելսան Սորելի և Առնո Լամբերտի վավերագրական «Միայն Գոդար» ֆիլմը՝ հիմնված Ժան-Լյուկ Գոդարի անձնական արխիվի վրա։ Ֆրանսիական նոր ալիքի հիմնադրի մասին երկու ռեժիսորները պատմում են՝ հիմնվելով նրա իսկ մտորումների վրա։
«Սա բացառիկ վավերագրական ֆիլմ է, որտեղ հավաքված են հանճարեղ կինոռեժիսոր Ժան Լյուկ Գոդարի բոլոր ձայնագրություններն իր անձնական արխիվից, որտեղ ինքը խորհում, փիլիսոփայում է կինոյի էության, սեփական մեթոդաբանության մասին։ Ֆիլմի շրջանակում այդ ամենը շատ հետաքրքիր մատուցվում է հանդիսատեսին»։

Փառատոնային ֆիլմացանկից Արթուր Վարդիկյանը հիշատակում է նաև պորտուգալական «Կրակ ցեխի մեջ» ֆիլմը՝ նկարահանված Գվինեա-Բիսաուում։
«Ֆիլմը մաքուր կինոզգացողության օրինակ է, երբ որ ֆիլմում գործողության առումով, ըստ էության, շատ քիչ բան է կատարվում։ Ընդամենը գյուղացիներ են, արտերն են իրենց մշակում, ամենօրյա գյուղական կյանքն է, բայց աչքդ պոկել չես կարող, որովհետև այնքան գեղեցիկ է նկարված, և ռիթմը, մթնոլորտն այնքան ճիշտ է, որ երկու ժամ տևող ֆիլմն ուզում ես անընդհատ շարունակվի»։
Փառատոնի փակման ֆիլմ է ընտրվելԷռնեստ Մարտիրոսյանի 10 րոպեանոց «Շառլ Անզնավուրը Հայաստանում» վավերագրությունը՝ Անզնավուրի 100-ամյակի կապակցությամբ։ Ֆիլմը նկարահանվել է 1964-ին և պատմում է Անզնավուրի Հայաստան առաջին այցի մասին։




