
«Գիտության շաբաթը» պետական և համազգային մակարդակով գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակմանը նպաստող միջազգային ձևաչափ է։
Այն հասարակությանն ավելի մոտ է դարձնելու գիտությանը և տեխնոլոգիաներին, ուսանողներին և դպրոցականներին վաղ տարիքից ոգևորել և սովորեցնել հասկանալ, գնահատել, սիրել ու ներգրավվել գիտության մեջ։

Գիտության շաբաթվա շրջանակում երկիրը հանրառչակելու է գիտությունը և տեխնոլոգիաները։ Կազմակերպվելու են ապակենտրոնացված միջոցառումներ՝ ընդգրկելով հանրապետության տարբեր քաղաքներ և գյուղեր։

«Մի քանի ուղղություններով իրազեկման աշխատանքներ են կազմակերպվել։ Առաջին փուլում մենք ֆոկուս խումբ էինք ձևավորել՝ դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ, որ իրենք կարողանաին իրենց կարծիքը արտահայտել կատարված աշխատանքի նկատմամբ, որպեսզի մենք էլ ժամանակ ունենաինք լրամշակել, փաթեթները վերջնականացնել։ Իսկ «Գիտության շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված ապակենտրոնացված միջոցառումները կարող են ինտեգրվել հանրակրթության մեջ։ Այսինքն, երբ դու տեսական ինչ որ բան ես անում, այն ավելի ամրապնդվում է՝ գործնական քայլեր կատարելով։ Մենք չենք ասում, որ դպրոցներում չկան գործնական պարապմունքներ, բայց մենք մի փոքր ուրիշ մոտեցում ենք բերել այս նախագծային ուսուցմամբ։ Անգամ ֆոկուս խմբի ժամանակ բազմաթիվ դասվարներ, ուսուցիչներ ասում էին, որ այնքան հետաքրքիր միջոցառումների փաթեթ եք մշակել, որ այն կարող է դառնալ նախընտրելի ձևաչափ և կարող է նպաստել մեր դասերի ավելի հետաքրքիր դառնալուն», – ասում է «Գիտուժ» նախաձեռնության գործառնությունների տնօրեն Լիլիթ Մարգարյանը։

««Գիտության շաբաթ» միջոցառման գլխավոր նպատակն է հանրության շրջանում գիտության հանրահռչակումը և գիտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Բացի բուն փառատոնից՝ հանրապետության մանկապարտեզներում, դպրոցներում և ԲՈՒՀ-երում անցկացվելու են ապակենտրոնացված միջոցառումներ։ Մենք հույս ունենք, որ մեծ թվով մանկապարտեզներ և դպրոցներ կմասնակցեն այս միջոցառումներին, որովհետև դրանք ավելի հետքրքիր են դարձնում դասընթացը, երեխային ավելի հասանելի ձևով են ցույց տալիս, թե կոնկրետ տվյալ գիտակարգը ինչպե՞ս է աշխատում ու ավելի շատ հետաքրքրություն են առաջացնում երեխաների մոտ։ Նաև հույս ունենք, որ ապակենտրոնացված միջոցառումները կանցկացվեն ոչ միայն «Գիտության շաբաթ»-ի ընթացքում, այլ նաև շարունակաբար։ Այս միջացառումների նպատակները շատ են, բայց գլխավորը՝ դպրոցներում, մանկապարտեզներում այն երեխաների բացահայտումն է, ովքեր հետաքրքրվելով գիտությամբ, ապագայում իրենց մասնագիտությունը կկապեն հենց այդ ոլորտի հետ»,– ասում է «Գիտության շաբաթ» նախագծի բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը։




