Վերնատուն

Ազատ ապրելու արժեքը․ «Վերնատուն»

Ինչպե՞ս են դրսևորվել և տարածվել ազատական գաղափարները Խորհրդային Հայաստանում։ Այս նախագիծը ներկայացնում է 60-80-ականների հասարակական կյանքի ազատականացման պատմությունը, որի հետազոտության ու իրականացման հեղինակները մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն է և ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն՝ Տաթև Սարոյանը։

«Նախագծում կարևոր դերակատարում ունի ուսանողը և թե ինչ քայլեր արեցին նրանք 1960–80– ական թվականներին, որպեսզի արևմտյան մշակույթը, բարքերը և ազատական գաղափարները մուտք գործեն Խորհրդային Հայաստան։ Ինչպե՞ս շրջանցեցին արգելքները և ինչպե՞ս ձևավորվեց ազատական միտքը Հայաստանում։ Երաժշտություն, հագուստ, սրճարանային մշակույթ, 80–ականների այլախոհական շարժումը։ Այս ամենի մեջ երիտասարդությունն ուներ իր մեծ և կարևոր դերակատարումը, որը դարձավ մեր ուսումնասիրության կիզակետը», – ասում է Տաթև Սարոյանը։

Աղասի Թադևոսյանը պատմում է, թե ինչ բեկումնային փոփոխություններ սկսվեցին խրուշչովյան «ձնհալի» տարիներին, ինչպես փոխվեց խորհրդային կյանքի պատկերը և, որը հատկապես նկատելի դարձավ Խորհրդային Հայաստանում։

«Շատերն էին նշում, որ Հայաստանը եղել է այդ փոփոխությունների առաջամարտիկը՝ շնորհիվ «ազատ աշխարհն» արդեն տեսած սփյուռքահայ ներգաղթյալների։ Ժողովրդական լեզվով ասած՝ «ախպարները» դարձան ազատականացման մունետիկները», –նշում է Աղասի Թադևոսյանը։

Հետազոտական աշխատանք է տարվել շուրջ 20 բանասացի հետ։ Աղասի Թադևոսյանն ասում է, որ ամենահեղափոխականն ու առաջնայինը, որ նրանք հիշում են, այն էր, որ նրանք կարողացան խոսել մի բանի մասին, ինչն արգելված էր և որի մասին ուզում էին խոսել։

Նախագիծը կազմված է հետազոտական աշխատանքից, թանգարանային ցուցադրությունից և զեկուցումներից։ 4 տարբեր օրերի կներկայացվի 4 զեկուցում– հարցազրույց։

Սեպտեմբերի 24-ին, ժամը 14։00-ին ԵՊՀ պատմության թանգարանում կլինի Դավիթ Հովհաննիսյանի առաջին բանախոսություն-զրույցը՝ մտքի ազատականացման մասին։ Ցուցադրությունը կբացվի հոկտեմբերի 15-ին, որի շրջանակներում կներկայացվեն նյութեր ու լուսանկարներ․ ազատականության խորհրդանիշ համարվող հագուկապը, երաժշտությունը, արգելված գրականությունը, 88-ի այլախոհական շարժումը։

«Կարևոր է որ մեր երիտասարդությունը հասկանա, որտեղից է գալիս անկախությունը և գնահատի այսօրվա ազատ ապրելու արժեքը։ Մի բան, որի իրավունքը նվաճվել է այդ սերնդի կողմից», – ասում է Աղասի Թադևոսյանը։

Կարդացեք նաև

Back to top button