Կմնա՞ կայուն մեծամասնության դրույթը Սահմանադրության մեջ
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը համաձայն է, որ կայուն մեծամասնության մասին դրույթը վերանայվի, բայց համաձայն չէ, որ փոփոխությունը կատարվի առանձին ՝ սահմանադրական ռեֆորմից անջատ։ Առաջարկն արել էր հանձնաժողովի՝ քաղհասարակությունը ներկայացնող թևը, որի գնահատմամբ 2015 թվականին ներդրված մեխանիզմը հակասում է պառլամենտարիզմի էությանը․ բոնուսային տեղեր ստացած ուժը խորհրդարանում ավելի շատ է ներկայացված լինում, քան իր ընտրողների տեսակարար կշիռն է։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի ընդունել Սահմանադրության՝ կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու վերաբերյալ հարցը: Խորհուրդը, սակայն, դեմ է արտահայտվել առաջարկի առանձնացմանը, ինչը կնշանակեր, որ այդ փոփոխությունը կներկայացվեր առանց ընդհանուր սահմանադրական բարեփոխումների նախագծի՝ 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան.
«Միանշանակ է, որ որպես հայեցակարգ և հանրաքվեին դրվող դրույթ կայուն մեծամասնությունից հրաժարվելը ընդունելի է, բայց դա որպես առանձին վերցրած հատված, կտոր, փոփոխությանը ես դեմ եմ»։
Միևնույն ժամանակ, խորհուրդը քվեարկել է Սահմանադրությամբ սահմանված «կայուն քաղաքական մեծամասնություն» դրույթը վերացնելու առաջարկի օգտին, ինչը մատնանշում է պատրաստակամություն՝ փոփոխություններ իրականացնելու հարցում, բայց ժամանակացույցի և մեթոդի շուրջ տարակարծություններ են պահպանվում:
Որն է «կայուն մեծամասնության» դրույթի էությունը։
Ըստ 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության, եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը, և երկրորդ փուլի հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն՝ անկախ ընտրությունների առաջին (հիմնական) փուլում իր ունեցած հանրային աջակցությունից:
Որպես հիմնավորում նշվում էր, որ այս մեխանիզմը ներդրվում է քաղաքական անորոշությունները նվազեցնելու նպատակով։ Այն ժամանակվա ընդդիմությունը, այդ թվում այժմյան իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, դեմ էին այդ դրույթին՝ նշելով դրա անհամապատասխանությունը ժողովրդավարական սկզբունքներին:
Կայուն մեծամասնության պահանջի դադարեցման առաջարկով հանդես է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը։ Կառույցի նախագահ Դանիել Իոաննիսյան.
«Սա շատ հակաժողովրդավարական մեխանիզմ է, որը կարող է իշխանությանը ապահովել արհեստական հաղթանակ, բայց որը շատ ցածրացնում է իշխանության լեգիտիմությունը»։
Կարևորը, մինչդեռ, ըստ Իոաննիսյանի, իշխանությունների լեգիտիմությունն է։ Հետևաբար՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ գործող դրույթը սահմանադրական մակարդակով պետք է փոխվի, և դրա համար անհրաժեշտ չէ սպասել 2027-ի սահմանադրական հանրաքվեին։
Ըստ իրենց առաջարկի՝ Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է փոփոխություն կատարել Սահմանադրության 89-րդ հոդվածում , ու այն կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ⅔-ի ձայներով:
«Նախաձեռնությանը բավական հստակ և աներկբա կերպով սատարում էին խորհրդի քաղհասարակության անդամներկայացուցիչները, այսինքն՝ բացի ինձանից Արթուր Սաքունցը և Տիգրան Եգրարյանը, ինչպես նաև՝ արտախորհրդարանական ուժերի կողմից ներկայացված Էդմոն Մարուքյանը»։
Չնայած խորհրդի որոշմանը՝ մերժել հարցի առանձնացումը, քաղհասարակության ներկայացուցիչները քննարկումները շարունակում են։ Նրանք համոզված են, որ կայուն մեծամասնության մասին սահմանադրական նորմը պետք է փոխել մինչև 2027 թվականին նախատեսված սահմանադրական մեծ ռեֆորմի հանրաքվեն, որպեսզի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ խնդրահարույց մեխանիզմն արդեն չգործի: