Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնին որպես ռեժիսոր իր դեբյուտային աշխատանքով մասնակցում է նաև դերասանուհի Նարե Հայկազյանը: «Թակոց», այսպես է կոչվում ֆիլմը, որի 18 րոպեների մեջ միավորվել են անցյալի ու ներկայի խաչմերուկները: Ֆիլմը նվիրված է հեղինակի մորը՝ արձակագիր Ջուլիետա Մատինյանին:
Պատկերների խտացումներն էին, որ ստիպեցին նրան բարձրանալ բեմ որպես դերասանուհի: Օրերից մի օր էլ կտավին թողած վրձնահարվածների մեջ նա փորձեց տարալուծել այդ խտացումներն ու բացահայտել կյանքի իր գույները: Տաղանդներ շնորհողից դժգոհելը նրա դեպքում իսկական երախտամոռություն կլիներ, որովհետև պատկերների խտացումները նույն թեթևությամբ և կարծեք հաջողությամբ ամրագրում են Նարե Հայկազյան արվեստագետի տեղը նաև կինոյում՝ որպես ռեժիսոր: Դեբյուտային աշխատանքը «Թակոցն» է, կարճամետրաժ ֆիլմ, որը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում:
Ֆիլմի հիմքում նաև տունդարձի ճանապարհի անվերջ որոնումներն են, որոնց հանգուցալուծումը կարելի է գտնել ընդամենը մեկ թակոցի մեջ: Անցյալի ու ներկայի խճճված խաչմերուկներ, որոնք կինոյից դուրս՝ նաև Նարեի կյանքում են: Տարիներ առաջ նա մեկնեց Միացյալ Նահանագներ: «Այո, ես դարձա ճամփորդ, բայց երբեք չկորցնելով հողի զգացողությունը»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է Նարե Հայկազյանը: «Ես հիմա այստեղ տուն ունեմ, որի մասին երազում էի»:
Արվեստի մի տեսակի մեջ ընդհատվում ու շարունակվում է մեկ այլ տեսակի մեջ: Մատուցման ձևից ավելին՝ ասելիքն է, որտեղ կանացի սկիզբն անհերքելի է, բայց հիմքում համամարդկայինն է: «Համամարդկային ստեղծարար հոգին սեռ չի ճանաչում»,-ասում է Նարե Հայկազյանը: Համամարդկային իր անկյունից դիտակետում միշտ Հայաստանն է:
«Ես շատ եմ ուզում ապրել այստեղ, բայց չեմ ուզում մաքառել: Ուզում եմ ազատ ստեղծագործել»,-ասում է Նարե Հյակազյանը: