
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Լեռնային Ղարաբաղի դատախազության այսօր տարածած հայտարարության համաձայն՝ իրավապահ մարմիններն այսօր քրեական գործ են հարուցել Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փաստի առիթով: Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի Հանրապետության երկու քաղաքացի, որոնք զինված են եղել: Երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, որի արդյունքում նա ոչնչացվել է:
Հավաքագրված նախնական նյութերի հիման վրա, պետական սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ: Այն ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում է, տարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիները պատասխան կտան մեր օրենսդրության և միջազգային նորմերի պահանջների համաձայն։
«Դիվերսիոն հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում՝ հակառակորդի բանակի ղեկավարությունն այդ գործունեությունն իրականացնելու հարցում օգտագործում է նաև հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին։ Նրանք մեր օրենսդրության համաձայն հանցագործություն են կատարել, հարուցվել է քրեական գործ, և նրանք պատասխան կտան մեր օրենքների, միջազգային նորմերի պահանջների համաձայն»,- այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում՝ «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրի ամփոփման ժամանակ։
Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական գործողությունների ժամանակ, հիշեցնենք, սպանվել է 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 37-ամյա Կարինե Դավթյանը, ով այժմ ծանր կայուն վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Պատասխանելով հարցին, թե տեսակետ կա, որ սահմանը հատած ադրբեջանցիները դիվերսիոն նկրտումներ չեն ունեցել, նախարարը հորդորել է սպասել քննության ավարտին և ձեռնպահ մնալ սիրողական գնահատականներից։ «Թույլ տանք, որ մասնագետները համապատասխան եզրակացություն տան: Եթե բանակային գործընթաց է, և հարցը վերաբերում է զինված ուժերին, թույլ տվեք, որ զինված ուժերի ղեկավարությունն ու փորձագետները վերջնական գնահատականները տան: Մենք մեր գնահատականը տվել ենք, որ դիվերսիոն- հետախուզական գործողություն է։ Քրեական գործը մինչև վերջ կպարզի»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նախարաը նաև չբացառեց, որ Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի անհետացումը նույնպես կապ ունի դիվերսիոն խմբի գործողությունների հետ: Այս հարցի պատասխանը նույնպես, ըստ Սեյրան Օհամյանի, կտա քրեական գործով վարվող նախաքննությունը։




