Սահակ Պողոսյանի «Խուլի տունը» պոստմոդեռնիստական նախագիծը, բացվել է անցյալ տարի նոյեմբերին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում և շարունակվել գրեթե 10 ամիս։
Արվեստագետը, կապ ստեղծելով անցյալի հետ՝ ուղերձ է հղում ներկայի քաղաքական, հասարակական, մշակութային խնդիրներին։
«Խուլի տունը» ցուցադրությունն ամփոփվեց օրերս պատկերագրքի շնորհանդեսով։ Սահակ Պողոսյանը խոսում է ցուցադրության արձագանքների և ուղերձների մասին։ Բոլոր հարցերի պատասխանները պարփակված են «Խուլի տունը» ցուցադրության անվան մեջ, ասում է արվեստագետը։
««Խուլի տունը» ցուցահանդեսը կյանքի և մահվան միջև գործող տիրույթի մասին է։ Կյանքի անհատական գիտակցության ու վերլուծության իմ տեսանկյունը փորձել եմ ներկայացնել այնպես, ինչպես իմ նախորդ ժամանակաշրջանների երկու արվեստագետներն են ներկայացրել», – նշում է նա։
Խոսքը՝ Գոյայի ու Պիկասոյի մասին է, որոնց ստեղծագործությունները ցուցադրության հիմքն են հանդիսացել և որոնց գործերը Սահակ Պողոսյանը փորձել է վերլուծել, վերարժևորել և ինչպես ինքն է ասում վերհասցեավորել այսօր ապրող և այս ժամանակաշրջանի մարդուն։
«Գոյան և Պիկասոն եղել են իրենց ժամանակի վավերագրողը, հիմա այս ժամանակի վավերագրողը ես եմ, ժամանակը իմ իրականության տիրույթ է տեղափոխվել և այդ տիրույթից ես իմ եզրակացություններն եմ անում փոխանցելով հաջորդին։ Գոյայի, Պիկասոյի ու Սահակ Պողոսյանի ժամանակաշրջանների տարբերությունները տեխնոլոգիաների զարգացման հետ է կապված», –ասում է արվեստագետը։
««Խուլի տունը» այս ժամանակաշրջանը փոխում է նոր ժամանակաշրջանի», – մեկնաբանում է արվեստագետը,– որը կամ կգա, կամ չի գա։ Կասկածների, արհեստական բանականության, միջուկային արմագեդոնի, վտանգավոր իրականության, որ մարդու էվոլուցիան նորից քարե դարի կհասցնի, մենք այդպիսի ժամանակաշրջան ենք ապրում»։
Խոսելով արդի զարգացումների և հայկական մշակութային իրականության մասին Սահակ Պողոսյանը նշում է․ «Եթե մինչև տիեզերք Քրիստոսի արձանը կանգնեցնեք, միևնույն է Իլոն Մասկի արբանյակը շատ ավելի բարձր է թռչելու»։




