Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակից ու վերջերս Փարիզ 2024-ից վերադարձած հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մտքի ուժով փազլ է հավաքում։
Սարքը չափում է մարզիկի լարվածությունը։ Առաջադրանքը համարվում է կատարված, եթե մասնակիցը հանգիստ է։ Այսպես մարզիկը սովորում է վերահսկել իր հույզերն ու մարմինը:
Սպորտային հոգեբանները պատմության կարիք չունեն։ Նրանք թիվ են ուզում։ Սարքը նրանց տալիս է մարզիկի հոգեվիճակի մասին տվյալ, նրանք մարզիկին՝ այդ հոգեվիճակը բարելավելու բանաձև։
Հավաքական թիմերում ներգրավված մարզիկների համար այս փորձառությունն անվճար է։ Նրանք կարող են համոզվել, որ լարվածությունը կարելի է սանձել, հաղթանակը՝ պլանավորել, պարտությունը՝ վերլուծել նաև այլ՝ անձնական-հոգեբանական տեսանկյուններից։




