Հայ-ուրուգվայական հարաբերություններն առանձնահատուկ են. Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: Դա տեղի է ունեցել 1965 թվականին՝ այդ երկիրը ապրիլի 24-ը հայտարարելով «Հայ նահատակների հիշատակի օր»:
Հանրային ռադիոյում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանները պատմում են դեսպանություններ հիմնելու առաջադրանքի, իսկ հետագայում՝ առաքելության մասին:
Այսօրվա հաղորդումից մենք կիմանանք, թե ի՞նչ է նշանակում ամենահայասեր երկրներից մեկում դեսպան լինել:
Դիվանագիտական գործ N1
-Երբ մեկնում էի Ուրուգվայ, ես չգիտեի, որ այնտեղ եմ գնում որպես դեսպան, որովհետև մեր պայմանավորվածությունն այլ էր՝ պետք է այնտեղ հիմնեի դեսպանությունը և վերադառնայի «Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժին»՝ այնտեղ, որտեղ աշխատում էի:
Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Մարիամ Գևորգյանին դիվանագիտությունը միշտ է հետաքրքրել, սակայն դեսպան՝ առավել ևս առաջին դեսպան դառնալու մասին անգամ չի երազել: Բայց իրադարձություններն այլ ընթացք ստացան:
-Ես չէի նախատեսում Հայաստանից մեկնել, բայց շատ պարտավորեցնող էր, ոգևորիչ, որովհետև այդպիսի փորձ յուրաքանչյուր դիվանագետի չէ, որ բախտ է վիճակվում կարիերայի ընթացքում ունենալ, դեսպանություն հիմնել հատկապես Ուրուգվայում, որն առաջինն է աշխարհում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Լատինական Ամերիկայի մասին հաղորդումը պատրաստելիս ինձ համար ակնհայտ էր, որ մենք գործ ունենք հայասեր մայրցամաքի հետ, որի մի մասն է կազմում նաև Ուրուգվայը:
-Աշխարհի ամենահայասեր երկրներից մեկն է, և ես հեռակա այն շատ լավ ճանաչում էի, քանի որ մասնագիտական տեսանկյունից աշխատել էի այս երկրի հետ: Ես մեծ հուզմունքով, պատասխանատվությամբ, անհանգստությամբ որոշեցի ստանձնել այդ գործը և մեկնեցի այնտեղ:
Լեգենդներ են պտտվում նաև Ուրուգվայում ապրող հայ համայնքի մասին: Երբեմն դրա ազդեցիկությունը համեմատում Ամերիկայում ապրող հրեաների «ուժի հետ»: Զրուցակցիցս հետաքրքրվում եմ՝ արդյո՞ք դա այդպես է:
-Ուրուգվայում համոզվեցի, որ համայնքը շատ ավելի սիրված ու հարգված է, քան մենք այստեղ պատկերացնում ենք, ու չկա մի ոլորտ, որտեղ չլինեն ներգրավված հայեր և չլինեն առաջատար դիրքերում։
***
— Ինձ համար էլ էր դա բացահայտում, հատկապես պարոն դեսպան Ռոզենբրոկի հետ հանդիպման ժամանակ։ Հարցուպատասխան ձևաչափով քաղաքական գործընթացների շուրջ շփումներ էին, և զարմանալի էր, թե Ուրուգվայում որքան տեղեկացված են Հայաստանի մասին։
Արտասահմանյան գրականության մասնագետ, իսպաներենի թարգմանիչ, Երևանի պետական և Վալերի Բրյուսովի անվան պետական համալասարաններում դասախոս Ռուզաննա Պետրոսյանի՝ իսպաներենի հանդեպ սերը վաղուց տարածվել է նաև իսպանախոս երկրների վրա:
Ուրուգվայական գրականության երկրպագուների համար թարգմանչուհին նորություն ունի:
-Հիմա արդեն կարող ենք ասել, որ Ուրուգվայի գրողներից պատմվածքների ձևով ունենք՝ Կիրոգա, Օնեթի, Մարիո Բենեդետի պոեզիայի ընտրանի, որն ինքս եմ թարգմանել, կան Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրություններ, մենագրություններ, թեզեր, որոնք համալսարնում են ուսումնասիրվում:
Իսպանալեզու ժամանակակից գրականությունից հայ ընթերցողին հետ չպահելու առաքելությամբ Ռուզաննա Պետրոսյանը բոլորովին վերջերս տպավորվել էր թարգմանած մի գրքից, որի հեղինակը իսպանացի գրող է, նկարագրածը՝ Հայաստանը:
— Ես մի գիրք թարգմանեցի՝ Խավիեր Սիեռայի «Անկյալ հրեշտակը»։ Հեղինակը մեր ժամանակակիցն է, երիտասարդ գրող Իսպանիայում, և մենք գիրքը որոշեցինք թարգմանել հենց նրա համար, որ Հայաստանի հետ առնչություն ուներ, էնտեղ կային Արարատ լեռան, Նոյան տապանի նկարագրություններ:
Երբ Ռուզաննա Պետրոսյանը ճշտումներ անելու նպատակով կապ է հաստատում Խավիեր Սիեռայի հետ, գրողին հարցնում է, թե ինչո՞ւ է վերջինս Հայաստանն ընտրել:
«Որովհետև ինձ պետք էր գրել գիրք, որը սկզբից մինչև վերջ ողողված կլիներ միստիցիզմով, իսկ Հայաստանն ինձ համար աշխարհի ամենամիստիկ, առեղծվածային երկիրն էր»,-պատասխանել է գրողը։
Հայաստանի հանդեպ սերը Խավիեր Սիեռան մի ռադիոհաղորդման էր տարել, և անդրադարձել էր նաև այն ժամանակներին, երբ Լևոն 5-րդը Իսպանիայի ներկայիս մայրաքաղաքի բարձրագույն իշխանություն էր:
-Խոսեց Լևոն թագավորի մասին, խոսեց որպես Մադրիդի թագավորի, որին նվիրել են Մադրիդ քաղաքը որպես ընծա, էդպես են իսպանացիները հիշում Լևոնին՝ որպես Մադրիդի թագավոր:
***
Դիվանագիտական գործ N2
— Միասնական դիրքորոշում կա Հայաստանի վերաբերյալ և դրա վառ ապացույցը վերջերս Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ տիկին Անա Օլիվերայի այցն էր Հայաստան, որն այս պահին ընդդիմություն է և նրան ուղեկցում էր Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, ազգությամբ հայ Պեդրո Խիսդոնյանը: Սա ամենավառ ապացույցն է, որ երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, ապա Ուրուգվայում իշխանությունը և ընդդիմությունը նույն ձայնն ու կարծիքն ունեն:
Գաղտնիք չէ, որ Ուրուգվայի քաղաքական դաշտում հայերը շատ են և որոշում կայացնողներ են: Հետաքրքրական է նաև, որ նրանից շատերը, առնվազն մեկ մայրցամաք այն կողմ գտնվելով, կարողանում են հայ մնալու ձևերը չկորցնել։
-Ուրուգվայի համայնքը քաղաքական կշիռ ունեցող համայնք է: Խորհրդարանում ունենք պատգամավոր Պեդրո Խիսդոնյանին, ունենք սենատոր Լիլիամ Քեշիշյանին, որը նախկինում Զբոսաշրջության նախարարն էր, ու եթե չեմ սխալվում 2014 թվականին այցելել է Հայաստան, ունենք Առողջապահության փոխնախարար Խոսե Լուի Սաջյանին, որը պարել է այնտեղ գործող «Գայանե պարային համույթում», ՀՀ-ում եղել է 2000 թվականին, ունենք Ռոբերտո Մարկարյան, որը եղել է Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտորը, նրա եղբայրը շատ հայտնի մարզիչ Սերխիո Մարկարյանն է:
Ի տարբերություն շատ երկների, որտեղ հայերի նկատմամբ սերը ելույթներից այն կողմ չի անցնում, Ուրուգվայի ներկա և նախկին իշխանությունների հայանպաստ դիրքորշումը չի դրսևորվում միայն հայերին գովերգելով կամ զսպվածութան կոչեր անելով: Այստեղ հայամետ քաղաքականությունը հստակ բանաձև ունի:
— Ուրուգվայի նախագահից սկսած, որի հայրն էլ է երկրի նախագահ եղել, առանձնահատուկ սեր ու համակրանք ունեն Հայաստանի նկատմամբ, և դա դրսևորվել է նաև տարբեր քաղաքական իրավիճակերում բանաձևերի ընդունմամբ, քաղաքական որոշումների կայացմամբ:
Անձնական գործ
-Արդեն երրորդ, չորրորդ կուրսերից ամեն անգամ ԱԳՆ-ի շենքի մոտով անցնելիս սրտի փոքր թրթիռով ես երազանք էի միշտ պահում, որ օրերից մի օր հայտնվեմ այդ շենքում, մաս կազմեմ իմ հայրենիքի արտաքին քաղաքականությանը:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտ Մարիամ Գևորգյանը դեռ մանկուց ժամանցային հաղորդումների փոխարեն նախընտրում էր միջազգային անցուդարձի մասին պատմող լուրերը, բայց երբևէ մտքով չէր անցնի, որ դեսպան կդառնա:
-Ես երբեք չեմ պատկերացրել, որ կլինեմ առաջին դեսպանը: Դա տարբեր էմոցիաներ է իմ մեջ արթնացրել՝ հուզմունք, պատասխանատվություն, երջանկության զգացում, բայց նաև դրանց համադրությամբ ես յուրահատուկ էներգիա եմ ստանում:
ԲՈՒՀ-ն ավարտելուն պես Մարիամ Գևորգյանին ԱԳՆ-ում հնարավորություն է տրվել փորձաշրջան անցնել: Դրան մեծապես նպաստել է իսպաներենի իմացությունը, որ այն ժամանակ այնքան էլ տարածված չէր: Չիմացողները շատ էին, իմացողները՝ աչքի ընկնող:
-Ինձ շատ հեշտությամբ ԱԳՆ-ում համաձայնեցին վերցնել փորձաշրջանի: 6 ամիս փորձաշրջան անցնելուց հետո ես աշխատանքի անցա ԱԳՆ-ում, բայց դեռևս ոչ որպես դիվանագետ, որովհետև այն ժամանակ միայն արտաքին մրցույթով էր հնարավոր անցնել գործի, դեռ չկար Դիվանագիտական դպրոցը, իսկ արտաքին մրցույթը տեղի էր ունենում 3-4 տարին մեկ անգամ, և երկու անգամ դիմելուց հետո առաջին երկու դեպքում էլ գրավոր փուլերը հաղթահարել էի, բանավորը չգիտես՝ ինչու, չէր ստացվում:
Բայց եթե վստահ ես, որ ինչ-որ մի տեղ քեզ համար մի կարևոր առաքելություն կա պահված, երրորդ անգամից հաղթահարվում է նաև բանավոր փուլը: 2015 թվականից Մարիամ Գևորգյանը ՀՀ ԱԳՆ-ում էր արդեն դիվանագետի կարգավիճակով և աշխատում էր Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնում:
-2023 թվականի հոկտեմբերին արդեն հրատապ էր դեսպանության հիմնումը Ուրուգվայում, որովհետև որշումը կայացվել էր ամենաբարձր մակարդակով դեռևս 2021 թվականին, բայց ամենատարբեր տեխնիկական պատճառներով այն անընդհատ հետաձգվում էր։ Նշանակվեցի գործերի ժամանակավոր հավատարմատար, որպեսզի այնտեղ հիմնեմ ՀՀ դեսպանություն և 2023-ի հոկտեմբերին գործուղվեցի Ուրուգվայ:
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում կազմակերպված միջոցառմանը՝ երկրի նախագահ Լուիս Լակաժե Պոուի, Արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի, ԱՀ նախարարի տեղակալ Նիկոլաս Ալբերտոնիի, Առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաջյանի հետ։
Դեսպանություն հիմնելուց հետո Մարիամ Գևորգյանը, սակայն, չվերադարձավ Հայաստան, այլ մնաց Ուրուգվայում և իրականացրեց իր երազանքերից ևս մեկը՝ մուտք գործեց Ուրուգվայի խորհրդարանի շենք: Այն աշխարհի առաջին օրենսդիր մարմինն է, որ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի մասին մասնավոր զրույցները վերածվեցին հրապարակային ելույթների:
-Ու ասել, որ «ՀՀ-ն կարծում է», այսինքն՝ դու պատասխանատվության այնպիսի ծավալ ես քեզ վրա վերցնում, որ թերևս յուրաքանչյուրի կյանքում նման բախտ չի վիճակվում, հատկապես դիվանագետի համար որևէ բարձր ամբիոնից ՀՀ-ի անունը տալ։ Դա մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է։
Այսօր Մարիամ Գևորգյանն իր առջեւ խնդիր է դրել Ուրուգվայում Հայաստանի ճանաչելիությունն ավելի մեծացնել։
— Չնայած, որ Հայաստանն այդքան սիրված երկիր է, բայց Հայաստանի մասին իրազեկվածության ուղղությամբ բազմաթիվ աշխատանքեր կան անելու, որովհետև Ուրուգվայը Հայաստանին ճանաչում է մեծապես Հայոց ցեղասպանության թեմայով և պատկերացումները Հայաստանի մասին սուղ են. այն է, որ Հայաստանը ցեղասապանություն վերապրած փոքրիկ, միգուցե ոչ այնքան զարգացած երկիր է։ Եվ ես հիմա շատ աշխատում եմ այդ ուղղությամբ ներակայացնելու, որ Հայաստանն այսօր զարգացած, կայուն, ժողովրդավար երկիր է՝ աշխարհի շատ երկներին չզիջող: