ՀԴԲ-ն հետաքննում է Թրամփի դեմ «ակնհայտ մահափորձը». 58-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Երեկ կրակոցներ են հնչել գոլֆի ակումբի մոտ, որտեղ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը գոլֆ էր խաղում։
Դեպքից չորս ժամ անց հրավիրված մամուլի ասուլիսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Գաղտնի ծառայության և տեղական ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ գոլֆի ակումբի մոտ մի տղամարդ է բերման ենթարկվել, որը փորձել է փախչել մեքենայով։ Նշել են նաև, որ գոլֆի դաշտի մոտ գտնվող թփերում ինքնաձիգ է հայտնաբերվել։
Նախագահներին և նախկին նախագահներին պաշտպանող Գաղտնի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ իրենց աշխատակիցը նկատել է թփերից դուրս ցցված ատրճանակը և իր գործընկերների հետ անմիջապես կրակ է բացել։ Կա նաև վկայություն, թե ինչպես է տղամարդը թփերի միջից վազել դեպի սեւ «Նիսանը», նստել ղեկին ու հեռացել։
Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել հարևան շրջաններից մեկում: Թփերի մեջ հայտնաբերել են AK-47 տիպի ինքնաձիգ՝ օպտիկական դիտակետով, երկու ուսապարկ և GoPro տեսախցիկ։
Ասուլիսի մասնակիցները վստահեցրել են, որ Թրամփը ապահով տեղում է եղել, թեև կրակոցների վայրից գտնվել է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ։
Վարչաշրջանի շերիֆը հայտնել է, որ կասկածյալին արագորեն բերման են ենթարկել վկայի օգնությամբ. նա ոստիկաններին նկարագրել է տղամարդուն և նրա ավտոմեքենան՝ Nissan-ը, նույնիսկ հիշել է համարանիշը:
Ամերիկյան մի քանի առաջատար լրատվամիջոցներ, հղում անելով իրավապահ մարմինների անանուն պաշտոնյաներին, հայտնում են, որ ձերբակալվածի անունը Ռայան Ուեսլի Ռութ է, նա 58 տարեկան է, Հավայան կղզիների բնակիչ է։
Ձերբակալվածի անունը դեռ պաշտոնապես չի հաղորդվել։
Ֆլորիդայի Մարտին շրջանի շերիֆ Ուիլյամ Սնայդերը, որտեղ ձերբակալվել է տղամարդը, լրագրողներին ասել է, որ ձերբակալության ժամանակ նա իրեն հանգիստ է պահել: