ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միգրանտը զրկվում է նաև իրավունքի խախտման բողոքարկման իրավունքից․ դեպի ՌԴ հոսքը նվազում է

Վիճակագրական տվյալները փաստում են, որ դեպի Ռուսաստան հայ միգրանտների հոսքը նվազում է։ Սա պայմանավորված է այդ երկրում տիրող իրավիճակով․ ռուբլու կուրսի առնվազն եռակի անկում, պատժամիջոցներ, ռուս–ուկրաինական պատերազմ և այլն։ Բացի այդ, Ռուսաստանը տարեցտարի խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը։ Սա նույնպես միգրանտների հոսքի նվազման պատճառ է դառնում։

Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիների համար արտագնա աշխատանքի ամենացանկալի երկրներից էր։ Այսօր էլ, հատկապես մարզերից, շատերը աշխատանք են փնտրում Ռուսաստանում․

«Նեղ ենք ապրում, աշխատանք չունենք։ Ստիպված գնում ենք, որ չգնանք, չենք կարող։ Ֆռում ենք, գտնում ենք աշխատանք։ Մշտական չունենք»։

Բայց ընդհանուր առմամբ, վերջին տարիներին դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է մոտ 9 տոկոսով։ Փորձագիտական դաշտում սա բացատրում են և՛ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանի տնտեսական վիճակով, և՛ միգրացիոն քաղաքականության խստացմամբ։ Վիճակագրական տվյալները «Ռադիոլուրին» փոխանցում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը․

«Եթե համեմատում ենք թվերը՝ աշխատանքի նպատակով՝ 2021–ին ՌԴ է մեկնել 389 809 ՀՀ քաղաքացի, աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրի առկայությամբ աշխատել է 138 946,  2022–ին 332 199, աշխատել է՝ 108 128–ը, 2023–ին՝ 234 541 քաղաքացի է մեկնել ՌԴ, աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրի առկայությամբ աշխատել է 82 420 ՀՀ  քաղաքացի»։

ՌԴ–ն կրկին խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը։ 2024թ. հուլիսի 23-ին է Պետդուման ընդունել նախագիծը։ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի տեղեկացմամբ, 2025թ. հունվարի 1-ից փոխվում է ՌԴ-ում առանց վիզային ռեժիմի ժամանակավոր գտնվելու ժամկետը։ Ռուսաստանում տարեկան գումարային 30 օրից ավելի գտնվող միգրանտից կպահանջվի ստորագրել «Ռուսաստանին լոյալության համաձայնագիր»:

 «Պարտավորվում են չխախտել ՌԴ օրենսդրությունը, հետևել ՌԴ սովորույթներին, հայրենական պատերազմի մասին չհայտնել այլ կարծիք, քան ընդունված է ՌԴ–ում։ ՌԴ–ի գործողություններին հայտնել իրենց լոյալությունը»։

Բացի այդ չպետք է չարաշահեն ՌԴ պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը։ Անձը տալիս է իր համաձայնությունը, որ լոյալ է ՌԴ կառավարութան բոլոր գործողությունների հետ

«Տարվա համար գումարային 30 օր։ Եթե ես երեք անգամ 10 օր գնամ, երրորդ անգամ եթե փորձեմ մնալ 11–րդ օրը պետք է լոյալության համաձայնագիրը ստորագրեմ։ Սա զրկելու է քաղաքացներին ցանկացած խախտում որևէ կերպ  բողոքարկելու իրավունքից»։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուրին» ասում է՝ երկրներն իրենք են ընտրում իրենց միգրացիոն քաղաքականությունը․

«Միգրացիայի ոլորտում շատ քիչ են միջազգային սահմանափակումները։ Մենք որոշակի նվազում կամ դանդաղում տեսնում ենք, ՌԴ ՆԳՆ թվային պատկերը ևս այս մասին է խոսում։ Իրականում մեր աշխատանքային միգրացիոն հոսքի մեծ հոսքը շարունակում է ուղղված լինել դեպի ՌԴ»։

Փորձագիտական դաշտում գրեթե վստահ են՝ օրենսդրական նոր խստացումներից հետո միգրանտների հոսքը կրկին կնվազի։

Back to top button