ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ամառային զորակոչի ընթացքում բողոքները հիմնականում բուժզննմանն են վերաբերել․ ՄԻՊ–ի գրասենյակը 145 դիմում է ստացել

2024 թվականի ապրիլի 29-ից մինչև օգոստոսի 15-ը շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչն էր: Դրա  ավարտից մեկ ամիս անց իրավապաշտպան կառույցները նկատում են` քաղաքացիների դիմում-բողոքները նախորդ տարրիների համեմատ աճել են։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս ամփոփել է վիճակագրությունը՝ բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն ու փորձաքննություններին:

2024թ ամառային զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը գրեթե 2 անգամ ավելի շատ բողոք–դիմումներ է ստացել, քան նախորդ տարիներին։ Պաշտպանի գրասենյակում սա առաջին հերթին իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ են պայմանավորում։ Չնայած սրան՝ պաշտպանության նախարարությունը վերջին զորակոչը հաջողված է համարում։ Նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Սարգսյանն ասում է՝ թեև խնդիրներ եղել են, բայց զորակոչը պատշաճ է անցել։ Այս տարի գործընթացում նաև նորամուծություն կար։

«Այս զորակոչը միակն էր, որ ամբողջությամբ սկսվեց և անցավ քաղաքացիների՝ առողջական վիճակի հետազոտման գործընթացը էլեկտրոնային «Արմեդ» ծրագրով իրականացնելով։ Սա առաջին դեպքն  էր, երբ զորակոչի ենթակա բոլոր քաղաքացիները հետազոտության ուղեգրվեցին և հետազոտական արդյունքները զինկոմիսարիատ հասան բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը բացառեց մարդկանց մասնակցությունը գործընթացին, նաև զինկոմիսարիատները հնարավորինս քիչ առնչվեցին բուժհիմնարկների հետ»,– ասում է Սարգսյանը։

Սա նշանակում է, որ հետազոտությունից անմիջապես հետո քաղաքացիները կարող են ծանոթանալ հետազոտությունների արդյունքներին։ Սա պաշտպանական գերատեսչությունում թափանցիկության երաշխիք են համարում։ Մինչդեդ Մարդու իրավունքների պաշտպանի գրրասենյակն արձանագրում է՝ ստացված 145 բողոք դիմումների մեծ մասը հենց բժշկական հանձնաժողովի եզրակացություններին ու կրկնակի հետազոտություններ անցնելու իրավունքին է վերաբերում։ Պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն ասում է՝ բողոքների բովանդակությունը նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել։

«Արդյունքում, գրեթե բոլոր դեպքերում զորակոչիկները ուղեգրվել են կրկնակի ստուգիչ հետազոտությունների, հանձնաժողովների որոշումներ են փոխվել, զորակոչիկները, որոնք ճանաչվել էին պիտանի, դարձել են սահմանափակումներով ծառայության պիտանի, տրվել են տարկետումներ և այլն։ Այսինքն՝ այն խնդիրները, որոնք քաղաքացիները հասցեագրել են մեզ, մեր գործընկերների հետ մենք հասել ենք դրանց լուծմանը»։

Զորակոչը մշտադիրտարկել է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Այստեղ 4 տասնյակից ավելի բողոք–դիմում են ստացել, մեծամասամբ՝ բժշկական սպասարկման, մասնավորապես՝ ուղեգրումների հետ կապված։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է՝ կան դեպքեր, երբ զորակոչիկն ունի մի շարք խնդիրներ,  բայց նրան ուղեգրում են դրանց մի մասի վերաբերյալ բուժզննում անցնելու։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արեն Սարգսյանը հակադարձում է՝ քաղաքացին ներկայանում է զինվորական կոմիսարիատ ու անցնում օրենքով նախատեսված 12 կետանի հետազոտությունը։ Իսկ իր ներկայացրած գանգատները պետք է փաստարկված լինեն՝ ասում է պաշտապնության նախարարության ներկայացուցիչը։

«Եթե զորակոչիկը գալիս է ու ասում է, որ ինքն ունի, օրինակ, վահանաձև գեղձի խնդիր, այդ խնդիրը ֆիզիկապես տեսանելի չէ, հնարավոր չէ դրա մասին տեղեկանալ՝ առանց ուլտրաձայնային հետազոտության կամ արյան քննության։ Մարդ, եթե գանգատ է ներկայացնում, պետք է հիմնավորի այդ գանգատը։ Մենք ստանում ենք նրա ամբուլատոր քարտից քաղվածք, որ թերապևտն ամբողջ կյանքը վարել է, գրել է առողջ, սահմանված հետազոտություններն արել ենք, ոչ մի խնդիր չկա, բայց քաղաքացին գանգատվում է։ Ես հիմա էլ հրապարակային հայտարում եմ, որ այս քաղաքացուն լրացուցիչ ստոգման ուղարկելը ոչ արդյունավետ է»,– ասում է ՊՆ ներկայացուցիչը։ 

Սարգսյանը շեշտում է՝ հաճախ բարձրացված խնդիրների մի մասը ծագում է բուժհաստատություններում և իրենց պատասխանատվության տիրույթում չէ։  Նշում է, որ  ավանդաբար փոխանցվող մեղադրանքներն ու կարծրատիպերը խանգարում են ճիշտ հասցեագրել խնդիրները։

Back to top button