ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում iPhone-ի մասին է գրվում․ Ժաննա Անդրեասյան

Նախորդ տարի կրթական համակարգը համալրվել է 3000 նոր ուսուցիչներով, նրանցից 500-ը Արցախից բռնի տեղահանվածներն են, 330-ը գործուղվել են սահմանամերձ բնակավայրեր ու ստացել ամսական  50 հազար դրամ հավելավճար։ Նոր ուստարվա մեկնարկին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ նախորդ տարվա ուշադրության արժանի փաստերն է առանձնացնում․ 

«Գյուղական դպրոցներում նախորդ սեպտեմբերից ներդրել էինք նոր կարգ, որը վերաբերում էր բոլոր առարկաների բոլոր ուսուցիչներին, որոնք մեկ դրույքից պակաս զբաղվածություն ունեին օբյեկտիվորեն, և նրանց մեկ դրույքը լրացնելու հնարավորություն է տրվել, բնագիտական առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճարով վարձատրվելու հնարավորություն են ստացել, և դա վերաբերվում է ավելի քան 8400 ուսուցիչների»։

Նոր ուսուցիչների 16 տոկոսը տղամարդիկ են, ինչը նախարարի գնահատմամբ, ուրախալի ցուցանիշ է, նախորդ տարիների վիճակագրությունն ավելի ցածր թվեր են նշել։ Կառավարության որոշմամբ՝ վերանայվել են բնագիտական ուղղություններով մանկավարաժական ծրագրերում սովորողների կրթաթոշակները, ինչի արդյունքում 2-3 անգամ ավելացել է ուսուցիչներ դառնալ ցանակցողների թիվը։ Նախարարի խոսքով՝ տարիներ առաջ եղած մտավախությունը, թե շուտով ֆիզիկայի ու քիմիայի ուսուցիչներ չենք ունենա, անցյալում է։ Կառավարությունն այս տարի էլ ֆինանսավորելու է ագրոոլորտում սովորողներին։ Բարձրագույն կթության ոլորտում խնդիրներն ավելի քիչ են, հանրակրթության ոլորտում՝ անհամեմատ շատ։ 300 դպրոցներ, օրինակ, այս պահին տնօրեն չունի, դպրոցների զարգացման ծրագիր գրել չի ստացվում։ Նախարարը որոշ հուշումներ է անում։

«Էդ զարգացման ծրագիրը ճիշտ է և ունիվերսալ ձև չկա, ճիշտ է այն ծրագիրը, որը արտացոլում է տվյալ դպրոցի խնդիրները, դրանք տարբեր դպրոցներում տարբեր են»։

2022-ին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխմամբ՝ դպրոցի տնօրեն դառնալ ցանակցողները 3 փուլ պիտի հաղթահարեն։ Առաջին՝ գրավոր թեստավորման ու հավաստագրման փուլից սովորաբար դիմողների 85 տոկոսը դուրս է մնում, իսկ հաջորդ փուլ անցածների 60 տոկոսը կրթության կառավարման գիտելիքների պակաս ունի։ Զարգացման ծրագիր գրելն այնքան դժվար է դիմորդների համար, որ Կառավարությունը ՄԱԿ-ի, Եվրոպական միության ու ԱՅԲ կրթական հիմնադրամի հետ վերապատրաստման դասընթացներ է նախաձեռնել․

«Վերապատրաստման դասընթաց կլինի, որտեղ կսովորեցնեն կրթության կառավարման հիմնական հմտություննները, մենք էլ ռեսուրս կունենանք, որը արդեն կարող է ավելի որակյալ գալ համալրել թափուր տեղերը, բայց զիջումների գնալ չենք կարող»։ 

Անդրեասյանը դասագրքերի հարցը լուծված է համարում։ Չափորոշիչով երաշխավորված բոլոր ուղղություններով դասագրքերը տպագրվել ու հասել են դպրոցներ։ Մի շարք առարկաների՝ օտար լեզուների, 10-րդ դասարանի քիմիայի ու կենսաբանության նոր դասագրքեր այս տարի չեն լինի, դասապրոցեսը կկազմակերպվի նախորդ տարվա դասագրքերով։ Իսկ 7-րդ և 8-րդ դասարաններում թվային գրագիտություն, 10-րդ ում էլ պատմություն առարկան դասագիրք չի ունենա։ Նախարարն ասում է՝ այդպես կզարգացնենք սովորողների ստեղծագործական հմտությունները․

«Մեր լավագույն դպրոցները և մեր լավագույն ուսուցիչները, եթե այս պահին էլ մտնեք նրանց դասասենյակներ, երբեք մի գրքից կառչած չեն, նրանց դասերին միշտ տարբեր նյութեր են, միշտ տարբեր մեթոդներ են, և հենց դա է որակյալ կրթության գրավականը, մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից»։ 

Անդրադառնալով սոցցանցերում շահարվող թեմաներին, թե նոր դասագրքերում բովանդակային թերություններ կան՝ նախարարը նշեց, հրապարակվող հատվածները հիմնականում կոնտեքստից կտրված են, դրանք վերլուծելու համար պետք է մանրամասն ուսումնասիրել՝ որ թեմայի ներքո է, ի՞նչ խնդիր է լուծում, հետո հետևություններ անել։ Դպրոցն իրականությունից կտրվել չի կարող, բացատրում է Անդրեասյանը, տարիներ շարունակ կրթական խնդիրներից մեկը նաև սա է եղել․

«Մարդիկ հուզվում են, երբ դասագրքում iPhone-ի մասին է խոսք գնում, հուզվում են, որ դասագրքերում ժամանակակից երաժշտությանն է անդրադարձվում, ամեն ինչից հուզվում են իրականում, դպրոցը պիտի մոտ լինի կյանքին, չի կարող իրականությունը լինի մի բանի մասին, մեր դպրոցը լինի տրամագծորեն ուրիշ բանի մասին, սա է եղել խնդիրը նաև, երբ դպրոցը կապը կորցրել է աշակերտի  հետ»։

Նախարարի կարծիքով՝ ուսուցիչների ատեստավորման ներդրումը վերջին տարիների կրթական ամենակարևոր բարեփոխումներից է․

«Այն պահին, երբ ես տեսնում եմ ցուցանիշները, որ դպրոցում աշխատելը դարձել է մրցունակ և մեր բազմաթիվ քաղաքացիներ որոշում են ընտրել ուսուցչի մասնագիտությունը, ես հասկանում եմ, որ մենք հիմնականում խոսում ենք կամավոր ատեստավորման արդյունքի  մասին, որովհետև ամենաէական բարձրացումը ուսուցիչերը գրանցում են կամավոր ատեստավորման միջոցով»

Նախարարը նաև վերահաստատեց՝ այս ուսումնական տարին մշակութային կրթության տարի է լինելու։ Բոլոր դեպքերում, երբ մշակույթի կենտրոններ այցելությունները նախաձեռնվեն ուսուցիչների կողմից, նախարարությունը կհոգա տրանսպորտային փոխադրման միջոցները, մշակույթի տարբեր գործիչներ կայցելեն դպրոցներ։ Արդյունքում՝ Անդրեասյանը հուսով է, որ կփոխվեն դպրոցական միջոցառուների ձևն ու բովանդակությունը։ Այս տարի օրինակ հայտարարվելու է «Լավագույն մշակությաին Վերջին զանգ» մրցույթը, որ ավարտական երեկոյի չարչրկված սցենարների փոխարեն, նոր արժեքներ ներկայացվեն բեմում՝ եզրափակում է նախարարը։

Back to top button