ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Գազային» հակասություններ․ Բրյուսե՞լն է թաքցնում ճշմարտությունը, թե՞ Բաքուն

Իլհամ Ալիևի՝ Հռոմում արած հայտարարությունը, թե Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրամիությունը դիմել են Ադրբեջանին՝ աջակցելու գազի տարանցման բանակցություններում, լուրջ արձագանքներ է առաջացրել։ Ադրբեջանի նախագահն ասել  էր, թե «արդեն մի քանի ամիս կողմերը մեծ ջանքեր են գործադրում ընդհանուր հայտարարի գալու համար»։ Հայտարարությունն արվել էր Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ քննարկումների համատեքստում, մի քանի օր անց պաշտոնապես հերքվել  Եվրամիության կողմից։ Փորձագետները փորձում են հասկանալ՝ Բրյուսե՞լն է  թաքցնում ճշմարտությունը, թե՞ Բաքուն։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն արձագանքելով Ալիևի հայտարարությանը, շեշտել է, որ ԵՄ-ն երբևէ չի դիմել Ադրբեջանին՝ աջակցելու նման բանակցություններում։

«ԵՄ-ն որևէ կերպ չի մասնակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման հարցերով բանակցություններին»,- շեշտել է ԵՄ պաշտոնյան։  

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ գործ ունենք ոչ այնքան ընդհանրապես փաստի հերքման հետ, որքան այն խնդրի, որ պարզապես ԵՄ էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարի գրասենյակը ներգրավված չէ այդ գործընթացում։

«Առնվազն՝ առայժմ ներգրավված չէ այդ գործընթացում, և այստեղ առաջին հայացքից տարօրինակ պատկերը խորքային առումով, թերևս, հասկանալի է։ Այն հայտարարությունը, որն արել է Ալիևը, ըստ ամենայնի վերաբերում է քաղաքական քննարկումներին։ Այսինքն՝ այս հարցը պետք է նախ լինի աշխարհաքաղաքական համաձայնությունների առարկա, պետք է այդ համաձայնությունները տեղի ունենան, այդ տրամաբանությամբ, այսպես ասեմ, սակարկությունը պետք է տեղի ունենա առանցքային դերակատարների միջև»։

Այս հարցում հայտնի է Կիևի դիրքորոշումը։ Վերջին ամիսներին ուկրաինական իշխանությունները բազմիցս նշել են, որ մտադիր չեն երկարաձգել գազի տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի վերջին։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը վերջերս հաստատել է այս պնդումը՝ հավելելով, որ այս հարցով բանակցություններ չկան և չեն սպասվում։ Նույնը վերահաստատել է նաև նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ շեշտելով, որ Ուկրաինան ոչ մի պայմանով չի համաձայնի Ռուսաստանի հետ համագործակցության շարունակմանը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ այս դիրքորոշմամբ Ուկրաինան փորձում է Ռուսաստանի նկատմամբ ևս մեկ ճնշման միջոց գործադրել.

«Հավանաբար, սա Ռուսաստանի նկատմամբ ճնշման ևս մեկ միջոց է, որը բխում է պատերազմի ընդհանուր տրամաբանությունից, և հնարավոր է նաև, եթե Ռուսաստանը որոշակի այլ հարցերում զիջումների գնա, ապա Ուկրաինան չի դադարեցնի գազամատակարարումները»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, այսպիսի նկատառում ունի.  

«Բնականաբար, այդ գազի տարանցման հարցով ամենից շահագրգռված եռյակը դա Ուկրաինան, Մոսկվան և Ադրբեջանն են, որովհետև այդտեղ ունենալու են շատ կոնկրետ ֆինանսական օգուտներ, և մենք տեսնում ենք, որ չնայած պատերազմին, Ուկրաինան մեկ օր անգամ չի դադարեցրել ռուսական գազի մատակարարումը։ Չնայած հայտարարում են, որ իրենք չեն շարունակելու պայմանագիրը, բայց, անկասկած կարծում եմ, որ տողատակում բավական կառուցողական են տրամադրված լինելու որևէ  նոր ձևաչափով տարանցելու հարցում»։

Թե արդյունքն ինչպիսին կլինի, ըստ փորձագետների, կախված է լինելու հենց այդ քաղաքական առևտրից։ Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանի և Եվրոպայի միջև գազի մատակարարումների թեման արդեն մի քանի տարի քաղաքական սակարկումների առարկա է:  Այս փուլում Բաքուն աշխատում է որպես միջնորդ իր դերակատարությունը կարևորոելու ուղղությամբ։

Ռոբերտ Ղևոնդյան. «Ակնհայտ է, որ գազի հետ կապված խնդիրներ կան Եվրոպայում, բայց արդյոք Ալիևը որպես միջնորդ դիտարկվո՞ւմ  է,  թե՞ ոչ, դժվար է ասել։ Պետք է չմոռանանք, որ Ադրբեջանի միջոցով, այնուամենայնիվ, Ռուսաստանը կարողանում է էներգակիրներ արտահանել Եվրոպա  և «Գազային գործարքը» ակնհայտորեն մրցակցում է այս նախագծի հետ։ Այսինքն՝ եթե գազը գնա Ուկրաինայով, ապա՝ Ադրբեջանի մասնաբաժինը այդտեղ կարող է լինել ավելի քիչ, և քիչ հավանական է, որ Ալիևը կարող է դիտարկվել որպես միջնորդ այս հարցով բարեխոսելու համար»։

Հետագա զարգացումները ցույց կտան՝ արդյոք Ադրբեջանը կմնա՞ կարևոր խաղացող էներգետիկ ոլորտում, թե՞ կդառնա գործիք քաղաքական հակասությունների մեջ։

Կարդացեք նաև

Back to top button