Ջրի կորուստն ու գողությունը կվերանան․ Կամո Արեյան
Երևան քաղաքի սեփական տներով թաղամասերում, որտեղ ջրագծերը վթարային վիճակում են, ջրամատակարարման համակարգի բաշխիչ ցանցերի վերականգնման աշխատանքներ են իրականացվում։ Հին ցանցն ամբողջովին մոնտաժվում է, տեղադրվում է նոր թողունակության ջրատար համակարգ։ Այս աշխատանքն իրականացվում է «Վեոլիա ջրի» և պետության համատեղ ջանքերով։ Առաջինը 5000, երկրորդը 7200 բաժանորդի խնդիր է լուծում ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դոլար է։
Երևանի հնագույն թաղամասերից մեկում՝ Սարի Թաղում, շինտեխնիկայի ձայնը վերջին ամիսներին սովորական է դարձել։ Թաղամասի բնակիչներն այստեղ հաստատվելուց հետո դեռ 50-70 ականներին են սկսել սեփական ուժերով ջրագծեր անցկացնել, արդյունքում թաղամասի ջրամատակարարման համակարգը տարիների ընթացքում դարձել է անկայուն, իսկ կարգավորելը ժամանակ և ֆինանսներ է պահանջում։
Պարտադիր կապիտալ աշխատանքային ծրագրով «Վեոլիա ջուր» ընկերությունն այս տարվա ապրիլին սկսել է Սարի Թաղի հյուսիսային հատվածի ջրամատակարարման ցանցի վերակառուցումը։ 980 բաժանորդի համար այժմ կառուցվում է մոտ 8 կմ ջրագիծ՝ ասում է Գլխավոր ինժեներ Էդվարդ Աղաջանյանը.
«Այստեղ ամբողջ ցանցը վթարային է, խողովակները բոլորը 60-ականների խողովակներ են, փոխարինվում են նորով։ Կառուցվում է մոտ 7600 մետր մագիստրալ խողովակ, 4700 մետր ներտնային միացումներ։ ԲՈլոր վթարները տեղում վերացվում է, որ մեր շինարարությանը չխանգարի»։
Մոտ 5 տասնամյակ առաջ կառուցված ցանցը նորոգելը դժվար գործ է՝ նկատում է «Վեոլիա ջուր» ընկերության Երևանի շահագործման համակարգող ավագ ինժեներ Նարեկ Դիպլոշյանը։ Ճանապարհները նեղ են, հնարավոր չէ գործի դնել ամբողջ շինտեխնիկան։ Մի կողմից՝ ջրագծերն անցնում են անհատական տնտեսությունների տարածքներով, և առկա են բազմաթիվ ապօրինություններ, մյուս կողմից՝ բաշխիչ ցանցի քայքայվածություն է բարդացնում շահագործումն ու սպասարկումը։ Այս իրավիճակի հետևանքով թաղամասում մեկ վայրկյանում 20 լիտր ջրի կորուստ է արձանագրվում։
«Աշխատում ենք անել այն թաղամասերը, որոնք ունեն առավել մեծ խնդիր։ Հիմնականում սեփական սեկտորն է արվում, որտեղ բավականին մեծ ջրակորուստներ կան, ջրամատակարարման ցանցը կառուցված է 50-70 թվականներին։ Մենք Երևանի բոլոր թաղամասերում տվել ենք սահմանված գրաֆիկով ջուր, ավելի ջրաքանակով։ Այս աշխատանքներից հետո ավելացած ջրաքանակը կուղղվի մեկ այլ թաղամասի, կբարելավվի ջրամատակարարման գրաֆիկը»։
Նոր ջրագծի կառուցումը, որն այժմ որոշակի անհարմարություններ է առաջացնում, ամիսներ անց խոստանում է անխափան և որակյալ ջրամատակարարում։ Պարզվում է՝ նույն խնդիրն առկա է մայրաքաղաքի մի շարք թաղամասերում։
Գաղտնիք չէ, որ Երևան քաղաքում ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերն ունեն լրջագույն խնդիրներ։ Եթե ցանցի մաշվածությունը ջրային կորուստների է հանգեցնում, ապա կոյուղատար ցանցի մաշվածությունը սպառնում է բնակֆոնդի ամրությանն ու հանրային առողջությանը՝ նկատում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Խնդիրը ոչ միայն ջրամատակարարման համակարգի տարիքն է, այլև ջրային ռեսուրսների անբավարար ծավալը։
«Ամբողջովին տեղադրվում է նոր թողունակության նոր ջրատար համակարգ՝ ներառյալ տնային միացումները։ Հին ամբողջ ցանցը վերանում է, թարմացվում է նոր ցանցը՝ իր փականային համակարգով, հիդրանտներով, դիտահորերով։ Երկրորդը՝ ջրաչափական նոր միացում անհատական տնատիրություններին, որը առաջնահերթ բերելու է նախ՝ ջրի կորստի նվազման, երկարաժամկետ շուրջորյա ջրապահովմանը, և ջրաչափական հանգույցները կկանոնավորվեն, կվերանա ջրագողությունը»։
Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրին մասնակցում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Եթե Վեոլիա ջուրը 5000 բաժանորդի խնդիր է լուծում, ապա 7200 բաժանորդի խնդիր էլ լուծվում է Սիլիկյան, Նոր Խարբերդ և Հաղթանակ թաղամասերում հիմնադրամի ջանքերով։
Ծրագիրը, որի արժեքը 29 մլն դոլար է, ոչ միայն սեփական տներն է ներառում, այլև բազմաբնակարանների բակային տարածքները՝ ասում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը։
«Ծրագրով հիմնականում նախատեսվում են Երևան քաղաքի սեփական տներով կառուցապատված թաղամասերում ջրամատակարարման համակարգի բաշխիչ ցանցերի վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև կփոխարինվեն տնային միացումները։ Ծրագրով նաև իրականացվում էբազմաբնակարան շենքերի բակային պոմպակայանների վերանորոգում, ինչպես նաև շենքերի մուտքագծերի վերականգնում։ Այժմ ընթացքի մեջ են Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքները։ Այժմ այդ տեղամասում ենք, աշխատանքները մեկնարկել են գարնանը, ավարտը՝ 2025-ի սկզբին։
Ծրագրի ավարտին ակնկալվում է ջրամատակարարման համակարգում ջրային կորուստների կրճատում, որի արդյունքում Երևանի կոնկրետ թաղամասերում կապահովվի շուրջօրյա և որակյալ ջրամատակարարում։
Քաղաքապետարանը խոստանում է, որ 2025 թվականի առաջին կիսամյակում 237 կմ ջրատար և կոյուղատար նոր ցանց կկառուցվի։