Ինքնագլոր վարողներն ու շահագործման հանձնողները կտուգանվեն երթևեկության կանոնները խախտելու համար
ՆԳՆ-ն գտել է չմուշկների, սկուտերների, սքեյբորդների, ինքնագլորների, սեգվեյների, միանիվների ու հիրոսկուտերների տրանսպորտային անվանումը․ անհատական շարժունակության միջոց։ Նախ՝ կառավարությունը, ապա ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել օրենքի նախագծին, որով սահմանվում են տրանսպորտային ամենանոր տեսակը, այն վարելու պայմանները, տեղը, իրավախախտ վարորդների տուգանքները։
ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյան․«Մինչև 18 տարեկանների համար սահմանվելու են վայրեր տվյալ ՏԻՄ մարմնի կողմից, որոնք անվտանգության տեսանկյունից համապատասխան են, իսկ 18-ից բարձրերի համար սահմանվել են ճանապարհների մասերը ըստ առաջնահերթության՝ սկսած հեծանիվային ուղիներից, վերջացրած ճանապարհների աջ եզրագծով գնալու հնարավորությունից»։
Վարորդներ կարող են դառնալ 16 տարեկանից բարձր անձինք։ Մինչև չափահաս դառնալը՝ նրանց կտրվի «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Արագությունը չպետք է գերազանցի ժամում 20կմ-ը։ Կարգելվի ուղևոր կամ բեռ տեղափոխելը՝ բացառությամբ առաքման համար նախատեսված միջոցների։ Եթե վարորդը ապրանք առաքի առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով, կտուգանվի նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, իսկ երթևեկության խախտումների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Վերահսկողությունն իրականացնելու է պարեկային ոստիկանությունը։
«Պետք է տեղի ունենա անձի իդենտիֆիակացում և, եթե 18-ից ցածր է, համապատասխան վարչարարություն իրականացվի։ Իսկ 18-ից բարձրի դեպքում ամեն ինչ պարզ է, իդենտիֆիկացումը տեղում է լինում՝ կամ վարորդական իրավունքի, կամ համապատասխան փաստաթղթի հիման վրա։ Մեծ հաշվով՝ պարեկային ոստիկանության վերահսկողության տակ է գտնվում ամբողջը»,- ասում է Դավիթ Համբարյանը։
Կարգելվի ինքնագլորներով երթևեկը թունելներում, հետիոտների համար նախատեսված անցումներում, բնակավայրերից դուրս ճանապարհներին, կթույլատրվի վարել հեծանիվային ուղիներում և որոշ մայթերի աջ հատվածներում։ Այլընտրանքային փոխադրամիջոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, բեռնաթափում են քաղաքը և խթանում առողջ ապրելակերպը, բայց դրանք նաև անհարմար իրավիճակներ են ստեղծում․
«-Ես ինչքան հասկանում եմ, որևէ երեխա կարող է հավելվածով վերցնի գնա, եթե ասենք հարվածի ավտոմեքենայի, տերը պիտի գնա ծնողին ասի՝ էս հարցը լուծի՞։
—Փաստորեն սովորական քաղաքացիաիրավական վեճ է դառնում, բայց տեխնիկապես կարծում եմ՝ դա անհնարին է, որովհետև էդ էն դեպքում կլինի, եթե արձանագրվի, բայց 90 տոկոսում չեն էլ արձանագրվում»։
Որ բացառվեն նման իրավիճակները, օրենքի նախագիծն օր առաջ պիտի իրականություն դառնա՝ կարծում են գործադիրում, իսկ խորհրդարանում պատգամավորները հարցեր ունեն։ Սիսակ Գաբրիելյանը, օրինակ, հետաքրքրվում է՝ եթե այնուամենայնիվ մայթերին հետիոտնի ու ինքնագլորների ճանապարհները հատվեն, ո՞վ պիտի զիջի։
ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյան․ «Սահմանված է, որ հետիոտն ամեն դեպքում ունի առավելություն վարողի նկատմամբ, նաև սահմանված է անցումները անցնելու ժամանակը և արագությունը»։
Թույլատրված արագությունը չգերազանցելու պատասխանատուն ոչ միայն վարողն է, այլև սարքերը վարձակալությամբ հանձնող ընկերությունը։ Ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու որոշ դեպքերում, օրինակ՝ պատահարի մասին ոստիկանությանը չհայտնելու և դեպքի վայրից փախչելու դեպքում, նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կտուգանվեն նաև վարձակալությամբ հանձնողները։
Ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովի դիտարկմամբ՝ որոշումն ուշացած է․
«4 տարի է՝ սկուտերների ոլորտը զարգանում է, օրեցօր է զարգանում , օրինակ՝ օգտվողների քանակը, բիզնեսը մի քանի հարյուր քայլով առաջ է ընկել էդ օրենքից, հիմա ո՞նց են գալու հասնեն»։
Փորձագետը կարծում է՝ օրենքի նախագիծը քննարկելուն զուգահեռ ճանապարհային կահավորանքի մասին է պետք մտածել․
«Հիմա զրոյից մի ամբողջ քաղաքի սկուտերների գիծ պիտի գծվի»։
Քանի դեռ չեն հրապարակվել 18 տարեկանից ցածր վարորդների համար նախատեսված վայրերի ցանկը և հստակ չեն վերահսկման մեխանիզմները, Խաչատուրովը կասկածում է նախագծի արդյունավետությանը․
«Ո՞վ, ո՞ւմ համար և ի՞նչ է առանձնացրել։ Նախագիծը օրենք դարձավ, ես վստահեցնում եմ՝ նույն տեմպով ու դեպի դրական աճով էլի մարմնական վնասվածքները լինելու են, մի երկու կետ կա, դրա վերահսկողությունն է հետաքրքիր, որ ասենք՝ էս ինչ տարիքից ցածր պիտի չտրամադրեն, էդ արագությունը սահմանափակ լինի, մի հոգուց ավելի չլինի, ո՞վ է դրան հետևելու, վատ չի, բայց դրանից ստատիստիկան չի փոխվի»։
Նախագծի քննարկման առաջին փուլում նաև վիճակագրական տվյալներ ներկայացվեցին՝ անցած տարվա ընթացքում սկուտերի մասնակցությամբ վթարից զոհվել է անչափահաս քաղաքացի, մեկ ամսում առնվազն 40 անձ ինքնագլորներից տարբեր աստիճանների վնասվածքներ է ստանում, իսկ մեկ տարվա տվյալներով՝ վթարներից տուժածների 95 տոկոսը եղել են սկուտեր կամ այլ ինքնագլորներ վարողները։