ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

90 րոպե փոխադարձ մեղադրանքներ․ Թրամփ-Հարրիս բանավեճից գոհ են թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկարտները

Դոնալդ Թրամփ– Քամալա Հարրիս բանավեճից ժամեր անց էլ միանշանակ չէ, թե ով է հաղթել դեբատներում․ թե’ դեմոկրատները, թե’ հանրապետականները հաղթանակն իրենց թեկնածուին են վերագրում, իսկ դեբատներին հաջորդած նախնական հարցումների արդյունքներով՝ Հարրիսն ավելի համոզիչ էր, քան Թրամփը: Քննադատներն այս դեբատները հատկապես կարևոր են համարում, քանի որ նոյեմբերին սպասվող ընտրությունների արդյունքը, ըստ նրանց, շարունակում է անկանխատեսելի մնալ։

Ձեռքսեղմումով մեկնարկած, 90 րոպե տևած և փոխադարձ մեղադրանքներով ընթացած ամերիկյան թոփ 1 բանավեճից հետո թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները հայտարարում են, որ գոհ են արդյունքներից։ Թեև բանավեճին հաջորդած նախնական հարցումների արդյունքներով՝  Հարիսն ավելի համոզիչ էր, քան Թրամփը:

Սեպտեմբերի 10-ին Ֆիլադելֆիայում կայացած բանավեճն ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի և դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսի առաջին դեմառդեմ հանդիպումն էր, նաև՝ Հարրիսի առաջին փորձն այս կարգավիճակում։ Փոխարենը սա Թրամփի յոթերորդ նախընտրական բանավեճն էր։ 2016-ին նա 3 անգամ բանավիճել է Հիլարի Քլինթոնի հետ, իսկ նախորդ երկու տարիներին 3 անգամ՝ Ջո Բայդենի հետ։

Բանավեճից անմիջապես հետո, օրինակ, աշխարհահռչակ երգչուհի Թեյլոր Սվիֆթը հայտարարեց, որ իր քվեն տալու է հենց դեմոկրատներին։

Տնտեսություն, գնաճ, անօրինական միգրացիա, հղիության արհեստական ընդհատում, արտաքին ու ներքին քաղաքականություն․ նախագահական բանավեճն ընթացել է այս թեմաների շուրջ։ Քննադատներն ասում են՝ 90 րոպեների ընթացքում թեկնածուներն ավելի շատ միմյանց են մեղադրել ու քննադատել, քան խոսել սեփական ծրագրերի մասին։

Իսկ մեղադրանքները սկսվեցին հենց առաջին հարցից։

Այսօր ամերիկացիներն ավելի լա՞վ են ապրում, քան 4 տարի առաջ հարցին Հարրիսն առաջինն է պատասխանել։ Նախատեսում են կառուցել «հնարավորոթյունների տնտեսություն», խոստանում են օգնել երիտասարդ ընտանիքներին ու փոքր բիզնեսին։ Թրամփը հակադարձել է՝ նախորդ 4 տարիներին դեմոկարտները քանդել են տնտեսությունը։

Ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի․ հանրապետական թեկնածուն հայտարարել է, որ ինքը կարող է հասնել պատերազմի ավարտին, հիշեցրել, որ լավ է ճանաչում Պուտինին ու Զելենսկուն, իսկ նրանք հարգում են իրեն։ Հարրիսն էլ պնդել է, թե Պուտինը վաղուց Կիևում կլիներ, եթե Թրամփը շարունակեր ղեկավարել Սպիտակ տունը։ Մեղադրանքներին ի պատասխան՝ նախկին նախագահը հիշեցրել է, որ Հարրիսը չի կարողացել կանխել ռուս–ուկրաինական պատերազմը՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ լինելով։ Ավելին՝ պատերազմը սկսվել է Հարրիսի՝ Կիև այցելելուց երեք օր հետո։

Ավանդաբար  նախագահական բանավեճերը հիշվում են դրվագներով, որոնք հետո մեմեր են դառնում։ Այս անգամ քննադատները դժգոհում են նման դրվագների պակասից։ Միակ հավանական թեկնածուն  Թրամփի պատասխանն է միգրացիայի մասին հարցին։ Հանրապետականների թեկնածուն մի քանի անգամ կրկնել է, որ Օհայո նահանգում միգրանտները ընտանի կենդանիներ են ուտում:

Նոյեմբերին սպասվող ընտրությունների արդյունքներն անկանխատեսելի են, ու հենց այդ պատճառով նախագահական բանավեճերը կարևոր են ընտրողներին կողմնորոշելու առումով։ Մինչև բանավեճը New York Times–ի անցկացրած հարցումները ցույց էին տվել, որ ընտրողների ¼-ը ցանկանում է ավելին իմանալ դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսի մասին։ Իսկ բանավեճից անմիջապես հետո CNN-ի կողմից անցկացված առաջին հարցման արդյունքներով՝ դեբատներին հետևած ամերիկացիների 63 տոկոսը նշել է, որ դրանց ընթացքում Քամալա Հարիսն անհամեմատ ավելի համոզիչ ու վստահ տպավորություն էր թողնում քան Դոնալդ Թրամփը։

Մինչդեռ հանրապետական թեկնածուն սա իր լավագույնն էր բանավեճն էր համարել:

Նախորդ աղմկահարույց բանավեճը հունիսին էր։ Այդ ժամանակ Թրամփի բանավիճում էր Բայդենի հետ։ Մեկուկես ժամ տևած հեռուստաբանավեճը հիշվեց 81-ամյա Բայդենի կիսատ նախադասություններով ու անվստահ կեցվածքով։ Այն մտահոգիչ էր նույնիսկ նրա կուսակիցների ու աջակիցների համար։ Հենց այդ բանավեճից հետո էլ Բայդենը հայտարարեց  ընտրապայքարից դուրս գալու մասին։ Նրան փոխարինելու եկավ 59-ամյա Քամալա Հարիսը։ ԱՄՆ գործող փոխնախագահը եկավ ապացուցելու, որ գործող նախագահից ավելի լավ կարող է ներկայացնել դեմոկրատական թեզերը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահ կընտրի նոյեմբերի 5-ին։ Հաղթողը 2025-ի տարեսկզբից կղեկավարի Սպիտակ տունը։

Back to top button