Վերնատուն

Երբ երեխաները «դաստիարակում» են իրենց ծնողներին ու «փոխում աշխարհը»․ «Վերնատուն»

«Պետք է մտնել մանկական գրքերի աշխարհ, որպեսզի հասկանալ, թե մենք ինչ կարող ենք տալ երեխաներին», – ասում է գրող, հոգեթերապևտ, Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի մրցանակակիր Մարիամ Հերգնյանը։

Լիովին հասկանալու համար, թե ինչն է հետաքրքրում ժամանակակից երեխաներին, ինչու են նրանք նախընտրում այս կամ այն գիրքը, Մարիամ Հերգնյանին օգնում է հոգեթերապիան։ Նա ուսումնասիրել է հայկական արքետիպային հերոսներին և փորձել դրանք հոգեբանության դաշտ բերել։

Խոսելով իր ստեղծագործության առանձնահատկության մասին, նշում է, որ հիմնականում երեխաների շրջանում ամենաարդիական խնդիրներին է անդրադառնում։ Օրինակ՝ սմարթֆոններից ու գաջեթներից կախվածությանը, ուղիղ շփման ու հաղորդակցման բացակայությանը և այլ խնդիրների, որոնք փորձում է համատեղել հայկակական արքետիպային կամ բանահյուսական կերպարների հետ։

Հեղինակը ձգտում է, որ երեխան ինքը դառնա գրքի հերոսը և գրքի այլ հերոսների հետ միասին «աշխարհը փրկեն»։ Մարիամն ասում է, որ եթե երեխան հերոս չդառնա, չի ընկալի ստեղծագործությունը և գրքի թերապևտիկ և այլ ուղերձներ տեղ չեն հասնի։

«Շատ երեխաներ աշխարհ են գալիս իրենց ծնողներին դաստիարակելու համար։ Մեր երեխաները մեզ ավելի շատ բան են սովորեցնում, քան մենք սովորում ենք ամբողջ կյանքի ընթացքում։ Իրենք մեզ տալիս են մի բան, ինչ մենք իրենց տեսանկյունից չենք կարող նայել։ Եվ շատ հաճախ ծնող– երեխա կոնֆլիկտը այդ թեմաների հետ է կապված։ Երեխան նոր տեսահորիզոն է բացում ծնողի համար, որը ծնողի համար խորթ է», – ասում է Մարիամ Հերգնյանը։

Աշխարհը փոխելու առաքելությունը Մարիամը հանձնել է երեխաներին։ Պահական չէ, որ իր ստեղծագործութունների առաջին ընթերցողները հենց երեխաներն են, և հետո՝ մեծահասակները, քանի որ, ինչպես ինքն է ասում ՝ նրանց խոսքն ավելի դիպուկ է, նրանք ավելի ազնիվ են։

Back to top button