
Աշոտ Հովակիմյանը մեզ ծանոթ է դեռևս հայ-հունական հարաբերություններից: Նա եղել է Հունաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը: Բայց արտակարգ և լիազոր դեսպանի իր կարիերան սկսվել է Լեհաստանում, որտեղ նրա հիմնած դեսպանությունից են մեկնարկել հայ-լեհական պաշտոնական հարաբերությունները:
Երևի արդեն գուշակեցիք, որ այս անգամ ևս Հայաստանի Հանրապետության դեսպանները նոր սերնդին են պատմելու պետականաշինության իրենց փորձի մասին, որի համար նպաստավոր պայմաններ ոչ միշտ է, որ եղել են:
Այսօրվա հաղորդումից մենք կիմանանք, թե ինչո՞ւ էր շտապ անհրաժեշտ դեսպանություն բացել Լեհաստանում, և ի՞նչ է նշանակում հայ լինել այնտեղ:
Դիվանագիտական գործ N1
— Ո՞րն էր Եվրոպայի ամենամեծ ու լուրջ երկիրը. Լեհաստանն էր: Դա արդեն 1997 թվականն էր, երբ որ մենք արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին պաշտոնական այցը կատարեցինք Լեհաստան:
Աշոտ Հովակիմյանը 1.5 տարի Հունաստանում ապրելուց և աշխատելուց հետո վերադառնում է Երևան և գործի անցնում ՀՀ ԱԳՆ-ում որպես Երկրորդ եվրոպական վարչության պետ: Եվ քանի որ ընդլայնվել էր նաև Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ համագործակցությունը, հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ պետք է արագացնել Կենտրոնական Եվրոպայի հետ պաշտոնական հարաբերությունների ստեղծումը: Խնդիրն հրատապ էր հատկապես Լեհաստանում:
-Դե, Լեհաստանն այն ժամանակ դարձել էր հայկական միգրացիայի, այսպես ասած, աճող երկներից մեկը, մեծ թվեր լսեցինք և մեզ լեհերը համոզում էին, որ դուք պետք է գաք: Խնդիրն իսկապես մեծ էր, որովհետև շատ մեծ թվեր էին մեզ ասում՝ մինիմում 30 000-ից սկսած մինչև 100 000 վերջացրած, ինչը իհարկե չափազանցված էր, բայց խոսքն, այնուամենայնիվ մեծ քանակի մասին էր:
1997 թվականին նախարարի կատարած այցելությունից հետո ՀՀ որոշում կայացրեց Լեհաստանում շտապ դեսպանատուն բացել: Այդ գործը հանձնարարեցին Աշոտ Հովակիմյանին:
-Ես արդեն գիտեի՝ ինչ է նշանակում շտապ դեսպանություն հիմնել, բայց կար նաև տարբերություն՝ այնտեղ չկար ոչ Հունաստանի իշխանությունները, այնտեղ չկար ձևավորված համայնքային կառույց, որը կարող էր ինչ-որ կերպ օգնել, այնտեղի զրոյի ընթացքը նույնիսկ ավելի դժվար էր, քան՝ Հունաստանինը:
***
—Տիկին Եկատերինա Իսահակյանի կողմից որոշվել է, որ պիտի հայտարարություն տալ թերթին, որպեսզի գտնի լեհական արմատներով որոշ մարդկանց, քանի որ գիտի, որ Հայաստանում կան, բայց կապ չունեն իրար հետ:

Գյումրիում տասնամյակից ավելի պոլոնյան համայնքը գլխավորած Լիանա Հարությունյանը մի օր դեսպանությունից առաջարկ է ստանում ընտրությունների մասնակցել և գլխավորել արդեն Հայաստանի պոլոնյան համայնքը, որի նպատակն ամենասկզբում, ինչպես հասկացաք, լեհական արմատներ ունեցող մարդկանց մի տանիքի տակ հավաքելն էր:
—Մոտ 150 անձ, ովքեր ունեին լեհական արմատներ և գրանցված անձերը՝ մոտ 300 հոգի որպես համայնքի անդամ, չնայած քիչ քանակ ունեցող համայնք ենք, բայց բավականին ակտիվ ենք և բոլոր տեղերում երևում ենք, նաև Լեհաստանում:
«Պոլոնիա Հայաստան»-ի լեհերի միությունը ակտիվ է մշակութային, մարզական, ուսումնական հարթակներում: Միությունում կարելի է լեհ ուսուցիչների մատուցմամբ լեհերեն սովորել՝ անվճար, և ինչու ոչ՝ եթե ունեք ձեր լեհական ծագման մասին անձնական պատմություն, ապա միության՝ 18 տարին անընդմեջ լույս տեսնող հանդեսում այն կտպագրեն:
-Եվ շատ հետաքրքիր ծրագիր ունենք, որը երրորդ տարին է լույս տեսել՝ իմ լեհական ընտանիքը, յուրաքանչյուր համարում ընտրում ենք 4 անձ, ներկայացնում են իրենց պատմությունը՝ ինչպես են եկել Հայաստան, ինչ պատճառներով ու հետո գալա երեկո ենք կազմակերպում և 4 անձը նստում են մեջտեղը, հյուր ենք ունենում, հետաքրքիր երեկո է լինում:
Ամեն տարի Լեհաստանի նախագահը ազգային ընթերցանության շրջանակում մի գիրք է ընտրում: Աշխարհում սփռված լեհական բոլոր համայնքները փորձում են այն ընթերցել, իսկ որոշ հատվածներ էլ բեմադրել: Վերջերս նախագահի ընտրած գիրքը գարնանամուտն է եղել:
-Գարնանամուտ գիրքը, որտեղ Հայոց ցեղասպանության մասին էլ մի հատված կա, ու մենք այն ներկայացրեցինք, շատ լավ ստացվեց: Ամեն տարի ընտրում ենք թանգարան, նույնականացնում ենք գրքի բովանդակության հետ ու ներկայացնում ենք: Ընտրել ենք Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, Հովհաննես Շիրազինը:
Լիանա Հարությունյանը Լեհաստանի հետ կապված է ոչ միայն աշխատանքով, այլ նաև ընտանեկան պատմությամբ: Նա 1990-ականերին Լեհաստան տեղափոխված հայ է, իրեն ծանոթ են բոլոր այն բարդությունները, որոնց մարդն առնչվում է նոր երկիր տեղափոխվելիս:
-Լեզուն չիմանալ, էստեղ բարեկամներ, ընկերներ, խաղը թողեցինք: Հետագայում լեզուն սովորեցինք և Լեհաստանը դարձավ մեր երկրորդ հայրենիքը: Երբ երկար ժամանակով եմ էստեղ՝ կարոտում եմ Լեհաստանը, ասում եմ՝ գնամ տուն, երբ էնտեղ եմ երկար մնում, ասում եմ գալիս եմ Հայաստան, վերադարձա տուն:
Հետաքրքիր է նաև Լեհաստանում հայկական համայնքը, որն աչքի է ընկնում բազմազանությամբ հին հայեր ու նոր հայեր բաժանմամբ: Լիանա Հարությունյանը այս հարցում լավատես է՝
—Դա միշտ է եղել և ես հույս ունեմ, որ մի օր դա անպայման կհաղթահարվի:
Դիվանագիտական գործ N2
-Ես ակնեղծ ասեմ, որ իմ աշխատանքային պատմությունը շատ տարօրինակ է, հիմա այդպիսի բաներ չկան։ Այն ժամանակ էլ ես գնացել էի Լեհաստան, նշանակվել էի գործերի հավատարմատար, համատեղության կարգով վարչության պետ էի նախարարությունում։ Մի ամիս գնում էի Լեհաստան, մի ամիս վերադառնում էի Երևան:
1998-ին Լեհաստանում ՀՀ գործերի նորանշանակ հավատարմատար, հետագայում արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի դիվանագիտական գործում «համատեղել» բայը հաճախ է հանդիպում: Այս մեկն էլ է օրինաչափություն՝ գրեթե 6 ամիս համատեղել Երևանն ու Վարշավան:
—Երբ Լեհաստանում էի, դա այն տարիներն էր, որ ես հետո հավատարմագրվեցի Վարշավայից Լիտվայում, Լատվիայում, Էստոնաիայում, այնտեղ էլ եմ առաջին դեսպանը եղել, բայց ոչ ռեզիդենտ: Այն ժամանակ բոլորն առաջին էր, բոլոր այցերը առաջինն էր, դու բացում էիր մի նոր ճանապարհ, հիմա մենք էդ բոլոր երկրների հետ ունենք կամ շատ զարգացած, կամ բարեկամական հարաբերություններ: Ես առաջինն էի ու վերջինը չէի, մարդիկ դա ընդարձակեցին:
Այն ժամանակ ոչ մի բան կատարյալ չէր, շատ խնդիրներ կային, դրան գումարվում էր նաև փորձի պակասը: Հետո պարզ էր դառնում, որ ոչ միայն մեզ համար է աշխարհը նոր, այլ նաև մենք ենք աշխարհի համար նոր:
-Դու բացում էիր ինչ-որ ուղիներ՝ համ սովորում էիր ինչպես է դա պետք բացել, հետո տեսնում էիր՝ ինչն է լավ, ինչն է վատ, համ փորձարկում էիր անում՝ ինչպես դիմացինը կնայի, համ սովորում էիր՝ ինչպես խոսել տարբեր երկրների տարբեր դիվանագետների հետ, որոնք մի ուղու վրա էին:
Աշոտ Հովակիմյանը Լեհաստանում իր 8 տարվա աշխատանքի ընթացքում հասցրել է մի շարք պատմական իրադարձությունների ականատեսն ու ժամանակակիցը լինել: Քաջածանոթ է այն գործընթացներին, որոնք հիմա Հայաստանն է ապրում:
-Երբ Լեհաստանը և Բալթյան երկրները դառնում էին Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ՝ անձամբ իմ աչքերի առաջ, տեսնում ես՝ ոնց է դա լինում, ինչպես են խոսում, ոնց են մարդիկ մեր երկրների պես երկրներին, որոնք համայնավար անցյալ ունեին, ոնց է այդ տրանսֆորմացիան լինում, ինչքան դժվար էր իրենց համար և մինչ հիմա որոշակի հարցեր ունեն:
Անձնական գործ
-Ուղիղ շփում ունեի նախագահի հետ, գիտեք՝ երբ երկրի նախագահը քեզ անունով գիտի, բայց ոչ առաջին օրվանից, արդեն 8-րդ տարում և երեք այց Հայաստան կատարելով, դա նաև երկարամյա աշխատանքի փորձ է:
Բավականին երկար մնալով Լեհաստանում՝ Աշոտ Հովակիմյանն արդեն ավագ դիվանագետի հեղինակություն և կշիռ ուներ: Այդ ընթացքում դիվանագիտական փորձն իրեն սովորեցրել է էմոցիաների հետ վարվելու կարևոր սկզբունքերից մեկը՝

-Էմոցիաներն առհասարակ լավ են այլ հարթակում, դիվանագիտության մեջ էմոցիաները քո աշխատանքի արդյունքն են՝ լավ ես արել՝ ապրես, լավ չես արել՝ վատ ես արել, բայց պիտի փորձես առաջ գնալ:
Բարդ էր նաև լեհահայ համայնքի հետ, մանավանդ, որ համայնքի պատմությունը զարգացման տարբեր փուլեր է անցել:
-Ժամանակին Լեհաստանում հայ լինելը համարվում էր արիստոկրատ՝ շլյախտա լինելը։ Այսինքն, այդ ընտանիքները մեծ կշիռ ունեին, օրինակ՝ արքեպիսկոպոս Թեոդորովիչը, նկարիչ Աքսենտովիչը կամ սենատոր Աբագրովիչը, որը Լեհաստանում սենատոր էր, մարդիկ կային, որոք ասում էին՝ ես լսել եմ, որ ես հայկական ծագում ունեմ ու մարդիկ հպարտանում էին դրանով:
Բայց հիմա խնդիրն այլ էր, պետք էր ինչ-որ չափով օգնել հայերին՝ մերվել իրար: Հարկ էր ավանդական համայնքը մոտիկ բերել Հայաստանին, հայ միգրանտներին էլ օգնել ինտեգրվել լեհական միջավայրում։
— Դա այն ժամանակ անհավանական էր թվում, բայց 30 տարվա ընթացքում ես տեսնում եմ, որ բավականին մերվեցին, Հայաստանից գնացած հայերը սկսել են հպարտանալ լեհահայոց պատմությունով, իսկ հին լեհահայերը սկսել են գալ Հայաստան:
Լեհաստանում հեշտ չէր նաև աշխատել Արցախի խնդրի շուրջ, պետք էր գործել զգուշավոր ու գործողություններում հեռատես լինել:
— Լեհաստանում Արցախը նորություն էր, դա մեր օրակարգում էր, բայց այդ թեմայով հենց առաջին հանդիպման ժամանակ չես մտնում, պիտի հող նախապատրաստես՝ համախոհների խմբեր, մարդիկ, որոնք այդ գաղափարները տեղ են հասցնում:
Գրեթե երեք տասնամյակ արտգործնախարարությունում աշխատող Աշոտ Հովակիմյանն այսօր ամենակարևոր գաղափարն է փոխանցում Հայաստանի ապագա դիվանագետներին:
-Որ ժամանակներում էլ որ լինես՝ ծանր կամ թեթև, դու ներկայացնում ես ՀՀ-ն՝ իր ինքնիշխանությունը և իր ժողովրդին։ Ուրիշ գաղափար չեմ էլ քննարկում։ Ով այդ մտքով չի գալիս պաշտոնի՝ իր համար դժվար է լինելու:




