3+3․ Երևանի ավագանիում արդեն 6 անդամ բացակայության հիմքով զրկվել է մանդատից
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/09/MHM0157553-scaled.jpg)
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստում մանդատից զրկվել է միանգամից 3 անդամ։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանի, ամիսներ առաջ «Հանրային ձայն» խմբակցությունց դուրս եկած Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի մանդատազրկման հիմքը նիստերից բացակայելը կամ քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելն է։ Ավագանու ընդդիմադիր անդամ Գրիգորի Երիցյանը, սակայն, փաստարկներն անհիմն է համարում, պնդում՝ իր բացակայությունները քաղաքական բոյկոտի միջոց են։
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբևէ որևէ խմբակցության ղեկավար չի զրկվել իր մանդատից իշխանության կողմից ու այն էլ այս հիմքով»։
Երևանի ավագանու արդեն նախկին անդամ Գրիգորի Երիցյանը նիստերի դահլիճից հեռանալիս այսպես է որակում իրեն մանդատից զրկելու քայլը, հայտնում՝ որոշումը վիճարկելու է դատական կարգով։ Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարը տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է համարում։
«Ինչտես տեսնում եք, ես Տիգրան Ավինյանի ամենամեծ ընդդիմախոսներից մեկն եմ, և այն բանից հետո երբ մեր ֆրակցիայի մյուս ղեկավարին հանեցին, հիմա նույնն անում են իմ նկատմամբ, սա քաղաքական հաշվեհարդար է»,– կարծում է Երիցյանը։
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/09/MHM0157556-1024x682.jpg)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/09/MHM0157556-1024x682.jpg)
Ավագանու անդամ Գրիգորի Երիցյանին լիազորություններից զրկելու նախագիծը օրակարգ էր բերել իրավական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը, հիմնավորմամբ, որ Երիցյանը բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում՝ 5 նիստերից 4-ից: Ավագանու անդամը հիմնավորումը չի ընդունում, ասում է՝ հանձնաժողովի նիստերից ոչ թե բացակայել է, այլ բոյկոտել է դրանք։ Մարատ Թոխյանը հակադարձում է։
«Պարոն Երիցյանին ես մի քանի անգամ հորդորել եմ, որ ներկայանա իրավական հանձնաժողովի նիստերին։ Հիմա ինքը որպես քաղաքական բոյկոտ է մեկնաբանում իր բացակայությունը, ես չեմ հասկանում՝ դա ինչ քաղաքական բոյկոտ է, փաստորեն ստացվում է, որ դուք 5 տարի պատրաստվում էիք չգալ իրավական հանձնաժողովի նիստերին ու գալ միայն ավագանու նիստերին ու հրապարակային ելույթ ունենալ։ Եթե դա եք համարում ավագանու անդամի գործառույթը, կարծում եմ՝ սխալվում եք»։
«Ազգային առաջընթաց»–ում սա մանդատից զրկվելու առաջին դեպքը չէ․ տարեսկզբին լիազորություններից զրկվեց նաև խմբակցության առաջնորդ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Այդ դեպքում ևս իշխանության հիմնավորումը Մարությանի բացակայություններին էին, որոնք ընդդիմադիր գործիչը կրկին բոյկոտ էր անվանում։ Գրիգորի Երիցյանն ասում է՝ իշխող ուժը այսպիսով փորձում է փոխել այն իրականությունը, որը երևանցիները իրենց քվեով հաստատել են։
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/09/MHM0157555-1024x685.jpg)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/09/MHM0157555-1024x685.jpg)
«Իմ ձեռքում Երևանի ավագանու մանդատն է, որը ես շատ կարևորում եմ, որովհետև այն ինձ տրվել է Երևանի բնակիչների կողմից․ 43765 երևանցիներ քվեարկել են, որպեսզի ես այստեղ ներկայացված լինեմ։ Այս մանդատը ինձ տվել եք դուք, այս մանդատը ինձանից խլում է իշխող խմբակցությունը։ Մանդատը ցանկացած ընտրված պաշտոնիայի տալիս է քաղաքացին, և միայն քաղաքացին կարող է այդ մանդատը վերցնել»,– ասում է Գրիգորի Երիցյանը։
Երիցյանի հետ նիստից առանց վկայականի է հեռանում ավագանու ևս երկու անդամ։ Ամիսներ առաջ «Հանրային ձայն» խմբակցությունից դուրս եկած Անույշ Խուդավերդյանին և Անուշ Գինոսյանին մանդատներից զրկելու նախագիծը ներկայացրել էին հենց նրանց նախկին գործընկերներ՝ «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը։ «Հանրային ձայնը» լքած կանայք նիստերի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել, սա էլ նրանց մանդատից զրկելու հիմքն է՝ պնդում է Վահան Ավագյանն ու հորդորում ավագանու մյուս անդամներին միանալ իրենց նախաձեռնությանը։
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/09/MHM0157557-1024x689.jpg)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2024/09/MHM0157557-1024x689.jpg)
«Դիմում եմ ավագանու անդամներին․ ես լսել եմ՝ ինչ հորդորներ ու շանտաժներ են եղել և կասեմ «երկու վախը մի մահ է», փորձեք ձեր սրտին լսել ու անել այն, ինչ պետք է անեք, այսքան ժամանակ բոլորդ տարբեր ճնշումների տակ եք եղել»։
33 կողմ ձայնով մանդատից զրկված ավագանու անդամ Անուշ Գինոսյանը կարճ ելույթով է արձագանքում՝ իր մանդատը ստացել է կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանի կամքով, իսկ մանդատից զրկված մյուս անդամը՝ Անույշ Խուդավերդյանը բացակայում էր նիստից։