
Երևանի ավագանու արտահերթ նիստում մանդատից զրկվել են ավագանու միանգամից 3 անդամ՝ այդ թվում նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը։ Քաղաքային իշխանությունը պնդում է, որ մանդատից զրկված Մարությանը և «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը հերթական նստաշրջանի նիստերին ու քվեարկություններին չեն մասնակցել, ուստի պետք է հրաժարվեն մանդատից։
Ընդդիմադիրները, սակայն, համաձայն չեն, ասում են՝ ոչ թե բացակայել են, այլ բոյկոտել են նիստերը, իսկ իրենց մանդատից զրկելը պարզապես ընդդիմությանը լռեցնելու փորձ է։ Ավելի քան 4 ժամ տված քննարկումներից հետո նախ քաղաքապետի հետո ավագանու անդամի մանդատից զրկված Հայկ Մարությանը նիստերի դահլիճից հեռացել է՝ խոստանալով շարունակել պայքարը։
Ավագանու միանգամից 3 անդամ այսօր քաղաքապետարանից հեռացավ առանց ավագանու՝ ընդամենը 3 ամիս առաջ ստացած մանդատի։ Պահանջվող նվազագույն՝ 34 կողմ ձայնով մանդատներից զրկվեցին նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը։ Չնայած ընդդիմադիրների՝ արտահերթ նիստը բոյկոտելու, նիստին չմասնակցելու ու քվորում չապահովելու կոչերին «Հանրային ձայն» խմբակցության 2 անդամ նիստին ներկա էին։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը շեշտեց՝ չնայած ք ամենափոքր խմբակցությունն են, բայց փաստացի իրենց քվեից է կախված՝ ընդդիմադիր գործընկերները մանդատից կզրկվե՞ն, թե՞ ոչ։
«Ես ուզում եմ անպայման ասել, թե մենք ինչու ենք այսօր եկել։ Մեր խմբակցությունը՝ «Հանրային ձայնը» ամենափոքրն է, բայց որոշիչ ձայներ ունի, և մեր ձայներով մենք այսօր կլուծենք այն խնդիրները, որոնք կան Երևանում»,– ասում է Վահան Ավագյանը։

Ավագանու ընդդիմադիր արդեն նախկին անդամներին մանդատից զրկելու նախագծերը ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը առանց ընդդիմադիրների, կիսադատարկ դահլիճում է հիմնավորում նախաձեռնությունն ու անդրադառնում մեղադրանքներին։
«Օրենքը մի քանի հիմքեր է տալիս, շեշտում է՝ կամ նիստերին չներկայանալը, կամ հանձնաժողովի նիստերին չմասնակցելը, իսկ պարոն Մարությանի դեպքում այդ բոլոր հիմնավորումները կան։ Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է բարձր գնահատենք ավագանու ինստիտուտի և այն ավագանու անդամների դերը, որոնք արհամարհում են, թող հեռանան ու իրենց փոխարեն գան ավագանու այլ անդամներ նույն քաղաքական ուժից։ Քանի որ շատ է խոսվում, որ ընդդիմադիրներին փորձում ենք խոսքից զրկել, բայց այնպես չէ, որ այդ մանդատը մեզ է գալու»,– ասում է Գալջյանը։

Արդեն գրանցումից հետո դահլիճ են մտնում ընդդիմադիրները՝ «Ազգային առաջընթաց» և «Մայր հայաստան» խմբակցությունների անդամները։ Նախ քաղաքապետի, հետո ավագանու անդամի մանդատից զրկված Հայկ Մարությանը մեղադրանքներին մեղադրանքներով է արձագանքում, պնդում՝ երևանցիներն իրեն ավագանու մանդատ են տվել 5 տարի ժամկետով և ինքը հաշվետու է միայն ընտրողների առաջ։ Նախկին քաղաքապետն իր բացակայությունները ոչ թե անհարգելի, այլ քաղաքական բոյկոտ է անվանում։
«Պարզ ասած՝ ես չեմ եկել նիստերին, որ չմասնակցեմ ՔՊ–ի բերած նախագծերի ընդունմանը, չեմ եկել, որ չմասնակցեմ կարմիր գծերի վճարը 160 հազար դրամ դարձնելու խայտարակ որոշմանը, չեմ եկել, որ օղակաձև այգու 4-րդ մասը չբետոնապատեն, որ տրանսպորտի գինը չթանկացնեն, որ ասֆալտի վրա միլիոններ ծախսելու, բայց ամբողջ քաղաքը փոսերի մեջ թողնելու որոշմանը չմասնակցեմ»,– պնդում է Մարությանը։

Մարությանը համարում է, որ իշխող ուժը կարևոր որոշումներ կայացնելուց առաջ փորձում է չեզոքացնել իրեն։ Վստահեցնում է՝ քաղաքապետարանից դուրս էլ փողոցային պայքարով շարունակելու է ընդվզել, հատկապես տրանսպորտի սակագնի թանկացման դեմ։
«Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին, հրաժարվելու եք վճարել ձեզ սահմանած գումարը ու մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու, այնպես ինչպես 150 դրամ թանկացման ժամանակ։ Ես կոչ եմ անում, որ այնպես, ինչպես այն ժամանակ, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ու Ալեն Սիմոնյանը գան ու միանան մեր ակցիային»։
Եզրափակիչ ելույթից հետո Հայկ Մարությանը դուրս է գալիս դահլիճից ու արդեն միջանցում լրագրողներից տեղեկանում, որ 34 կողմ ձայնով զրկվել է ավագանու իր մանդատից։ Խոստանում է՝ նոր ներկայացում կլինի, որտեղ կանդրադառնա նաև այսօրվա իրադարձություններին։
«Ինչպես ասում են եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք ՔՊ-ի՝ որպես ժողովրդավար կուսակցություն հիշատակը․․․»,-եզրափակում է Հայկ Մարությանը։

Ավագանու աշխատանքը միայն նիստերին ներկա լինելը ու քվերակելը չէ՝ ընդդիմադիրներն այսպես են արձագանքում մանդատից զրկելու հիմնավորումներին, պնդում իշխանությունը պարզապես ցանկանում է լռեցնել ավագանու ոչ իշխանական անդամներին։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է հակադարձում։
«Որ ասում եք լռեցնել, լռեցնել, լռեցնել․․․ Դուք ընկալում եք, որ ընդհանրապես լռեցնում են այն մարդուն, ով խոսում է, այսինքն՝ եթե դուք նիստի չեք գալիս ու ելույթ չեք ունենում, ձեզ ինչի համար պետք է լռեցնենք»,-ասում է փոխքաղաքապետը։
Ավագանու անդամին մանդատից զրկելը միայն թույլ իշխանության քայլ է՝ իրավիճակին այսպես է արձագանքում ավագանու՝ մանդատից զրկված մյուս անդամը՝ Սոնա Աղեկյանը։ Վստահեցնում է՝ շարունակելու է պայքարել նույնիսկ առանց մանդատի։

«Մեզ մանդատ տվել է քաղաքացին և միայն քաղաքացին կարող է գնահատել մեր աշխատանքը, մյուսների արած քայլերը մեզ համար զրոյական նշանակություն ունեն։ Ավագանու մանդատը չէ, որ երբևէ թույլ է տվել ինձ գործել կամ չգործել։ Առանց մանդատի կամ մանդատով եղել եմ և լինելու եմ իմ քաղաքացիների շահերի պաշտպանը»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անկեղծանում է՝ ափսոսում է, որ «Մայր Հայաստան»–ից Սոնա Աղեկյանն ավագանիում այլևս չի լինի, բայց շեշտում է՝ սկզբունքը հստակ է՝ չեն կարող թույլ տալ, որ ավագանին անգործության մատնվի բոյկոտի անվան տակ։

«Մենք որևէ մեկին մանդատից չենք զրկում, որովհետև նրան չենք սիրում, մենք չենք զրկում որևէ մեկին ավագանու մանդատից, որովհետև նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում։ Մենք մանդատից զրկում ենք այն ավագանու անդամներին, ովքեր ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Օրենքը շատ հստակ է սահմանում՝ բոյկոտեք այնքան, մինչև 50 տոկոս քվեարկություններին մասնակցել եք, բայց բոյկոտի «անձրևանոցի» տակ անգործություն մի արեք»,-եզրափակում է Ավինյանը։
Արտահերթ նիստի օրակարգում նաև «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանին և Զարուհի Փոստանջյանին մանդատից զրկելու նախագծերն էին․ սակայն նրանք կշարունակեն լինել ավագանիում, քանի որ «Հանրային ձայն» խմբակցության՝ նիստին ներկա 2 անդամները դեմ քվեարկեցին և նախագծերը 32 կողմ ձայնով չընդունվեցին։




