Բուժաշխատողների համար որոշ դասընթացներ կդառնան պարտադիր
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած փոփոխությունները ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում: Գործադիրն առաջարկում է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար, առաջարկը հիմնավորվում է մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման անհրաժեշտությամբ։ Պարտադիր դասընթացների հիմքում բուժաշխատողների էթիկայի կանոններն են և արտակարգ իրավիճակները։
Եթե բուժաշխատողները չտիրապետեն էթիկայի կանոններին կամ, օրինակ, չկողմնորոշվեն արտակարգ իրավիճակներում, նույնիսկ ամենաբարձր կրեդիտների առկայության պարագայում չեն կարողանա շարունակել մասնագիտական գործունեությունը։ Օրենսդրական նախաձեռնությունն արդեն խորհրդարանում է։ Եթե գործող կարգավորումներով յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված են համապատասխան կրեդիտներ, որոնք նրանք ձեռք են բերում՝ մասնակցելով տարբեր դասընթացների, իսկ գիտաժողովների և կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, ապա նոր փոփոխություններով կլինեն նաև պարտադիր դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի կառավարության կողմից։ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով՝ դրանք կարող են լինել, օրինակ, արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ էլ պարզապես բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները:
«Առաջարկվող լրացումներով նախատեսվում է օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ դրանով նպաստելով միջազգային կրթության մասնակցությանը»:
ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը նկատեց, որ գործող կարգով արդեն իսկ նախատեսվում են համապատասխան կրեդիտներ, ու եթե պարտադիր դասընթացներով բուժաշխատողը չկարողանա հավաքել դրանք, առավերությունը որին է տրվելու։ Նաև հետաքրքվեց, թե ով է հոգալու այդ ծախսերը։
«Ֆինանսական բեռը բուժաշխատողի՞ վրա է մնում, թե՞ պետության, ինչպես նաև աշխատավարձ, ծախս հարաբերակցությունն որքան է կազմում»։
Նանուշյան. «Կառավարությունը հատկացրել է ֆինանսական միջոցներ, որի շրջանակներում սահմանամերձ շրջանների բուժաշխատողներին և սոցիալական որոշ կատեգորիաների բուժաշխատողներին անվճար դասընթացներ են տրամադրվում։ Իսկ այս նախագծի շրջանակում հնգամյա շրջափուլում պարտադիր սահմանում ենք, որ բուժաշխատողները պետք է անցնեն որոշակի դասընթացներ, որի ցանկը կառավարությունը պետք է սահմանի»։
Ինչ վերաբերում է ոչ բավարար կրեդիտներին, ապա ինչպես գործող կարգով, այնպես էլ նորով անհրաժեշտ կրեդիտները չունենալու դեպքում բուժաշխատողները պետք է հանձնեն թեստ, ստանան հավաստագիր և միայն դրանից հետո շարունակեն աշխատանքը, պարազբանեց փոխնախարարը։
Որոշ մտահոգություններ ուներ նաև իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Որպեսզի դասընթացներին մասնակցելը ինքնանպատակ չլինի, բուժաշխատողները թեստ են հանձնում, բայց մենք ունենք այդքան ռեսուրս, որ կարող են այդքան մեծ թվով բժիշկների թեստավորում անցկացնել, հասկանալ այդ մարդիկ այդ կոնֆերանսից, գիտության վերջին նվաճումներից որքան են տեղեկացել, և հասկանալ ՝իրականում այդ մարդիկ գնացել են կոնֆերանսի ժամանակ գիտելիք են ստացել, թե նկարվելու և սուրճ խմելու են գնացել։ Ունե՞նք մենք այդ ռեսուրսը արդյունքը ռեալ գնահատելու համար»։
Բաբկեն Թունյանի մտահոգությունը փոխնախարարը չի կիսում։ Վստահ է՝ դաշտը պատրաստ է ոչ միայն տրամադրել այդ դասընթացները, այլև ստուգել արդյունքները։ Ի դեպ՝ դասընթացները պատրադիր դարձնելու գաղափարին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը դեմ է, կարծում է, որ Կառավարության սահմանած ցանկը կարող է արդիական լինել տվյալ ժամանակաշրջանի համար, իսկ օրինակ մի քանի տարի անց դառնալ ժամանակավրեպ։
«Բժիշկը մայիսին հավաքել է իր անհրաժեշտ 220 կրեդիտները և հունիսին արտակարգ իրավիճակում Քովիդ 12 է հայտնաբերվել և կառավարությունը ասում է՝ դա պարտադիր դասընթաց է։ Հիմա որ իր հավաստագիրն արդեն ստացել է, հաջորդի ժամկետը հինգ տարի հետո է, երբ Քովիդ 12-ն այլևս արդիական չի լինելու։ Ստացվեց ծախսում է ռեսուրս, բայց կրեդիտները չեն գումարվում։ Արդյոք ճիշտ չէ, որ այդ պարտադիր թեմաները պետությունն ինքը իր վրա վերցնի, իր ֆինանսական միջոցներով կազմակերպի»։
Բժիշկները հավելյալ ծախսերի խնդրի առջև չեն կանգնելու՝ պարզաբանեց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Պարտադիր դասընթացները ներառված են լինելու 220 կրեդիտների մեջ։
«175 կրեդիտը արժի 105 000 դրամ, որոնք բժիշկները վվճարում են առողջապահության ազգային ինստիտուտին յոթ շաբաթանոց վերապատրաստման կուրս անցնելու դիմաց։ Ինչ վերաբերում է թեստերին և օնլայն դասընթացներին, սերտիֆիկատ տալու համար անցկացվում է թեստավորում։ Եթե անձը պարզապես միացրել է համակարգիչը և որևիցե ձևով չի մասնակցել դասընթացին, գրեթե չի կարող այդ թեստը լրացնել, ըստ այդմ կրեդիտների չի հավաքի։ Տիկին Կյուրեղյան, ակնհայտորեն ձեր ներկայացրած տեսակետը ես չեմ կիսում, և այն ընդհանրապես տրամաբանությունից զուրկ է»։
Նախագիծը խորհրդարանում կքվեարկվի վաղը։