Անահիտն ու Գենադին Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից էին, հասակակիցներ։ Սիրահարված էին դեռ տասնհինգ տարեկանից։ «Հանդիպումներին ընտանիքս դեմ չէր, քանի որ գյուղի լավագույն տղաներից էր Գենադին ու դեմ լինելու պատճառ չկար»,-ասում է Անահիտը։ 2020-ին Անահիտն ավարտել էր Արցախի պետական համալսարանի «Մաթեմատիկա» բաժնի չորրորդ կուրսն, իսկ Գենադին վերադարձել զինվորական ծառայությունից, մարտին նշանվեցին, իսկ սեպտեմբերին պատերազմ էր:
Ամուսնացան պատերազմից հետո՝ 2021-ի հունվարի 30-ին, 2022-ի հունվարի 9-ին ծնվեց որդին՝ Կարենը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում դարձյալ պատերազմ էր, կրակի տակ էին Սարուշենի դիրքերը։ Այս պատերազմը տարավ Անահիտի եղբորը, հորեղբորը, որոնք զոհվեցին 2023-ի սեպտեմբերի 23-ին Սարուշեն գյուղի դիրքերը պաշտպանելիս։ Ավելի ուշ ստացան ամուսնու պապիկի ու հարազատ քրոջ ամուսնու զոհվելու լուրը։ Անահիտի խոսքով ՝ մեկ էլ ստացանք ամենածանր լուրը՝ Արցախը լքում ենք․․․
Դժոխքը չէր ավարտվել․ Ստեփանակերտի բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունի ժամանակ Անահիտը կորցրեց նաև ամուսնուն ու նրա փոքր եղբորը՝ 15-ամյա Արենին։ Կորուստների սարսափելի բեռով ու ցավը սրտում Անահիտն ամուսնու ընտանիքի հետ այսօր բնակվում է Օշականում։ Աշխատում է «Խոխա» կենտրոնում, որտեղ հաճախում են 3-6 տարեկան արցախցի փոքրիկներ։ «Կենտրոնը օգնում է երեխաներին զերծ պահել լեզվական խոչընդոտների հետևանքով առաջացած սթրեսից ու նպաստում Արցախի բարբառի պահպանմանը։ Նայելով երեխաների աչուկներին ինձ թույլ չեմ տալիս թուլանալ»,-ասում է Անահիտը։