Դպրություն

Առարկայական ծրագրեր, չափորոշիչներ․ ի՞նչ է դասավանդվում դպրոցներում. «Դպրություն»

Այսօր ողջ աշխարհում տեղի ունեցող գլոբալացումն իր հետքն ու ազդեցությունն է թողնում նաև պատմության, պատմական իրադարձությունների օբյեկտիվ ներկայացման կամ շարադրման վրա: Շատ պետություններ փոխում են սեփական ժողովրդի, երկրի պատմությունը՝ այն սրբագրելով, խմբագրելով, իսկ որոշ պատմական իրադարձություններից պարզապես հրաժարվելով:

Ծրագրային ի՞նչ նյութեր են տեղ գտնում մեր դպրոցական դասագրքերում, ի՞նչ գաղափարախոսություն է առաջ մղվում և ի՞նչ թեզեր են ամրագրվում։ Առարկայական ծրագրեր, չափորոշիչներ։                                                                                   

«Կան առարկաներ, որոնք դուրս են գալիս պարտադիր առարկայացանկից և կան նոր առարկաներ, որոնք մուտք են գործում՝ հաշվի առնելով հասարակության առաջնահերթությունները, կամ ռազմավարական այն փաստաթղթերը, կամ այն քաղաքացիները, որոնք պետք է հետագայում համալրեն մեր հասարակության շարքերը։ Եվ այս մասով կրթությունը դադարում է լինել զուտ կրթական գործընթաց և դառնում է պետության կարևորագույն գործընթացներից մեկը, որը գործիք է, և որը հնարավորություն է տալիս հասարակության որակի տեսանկյունից՝ այն ավելի կանխատեսելի դարձնել»,– ասում է քաղաքական գիտությունների թեկնածու, Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

«Բոլոր հասարակական հարաբերությունները կառուցվում են՝ առանցքում ունենալով կրթական գործընթացները և անչափ կարևոր է այն արժեքային համակարգը, որը դրվում է դպրոցական տարիքից՝ յուրաքանչյուր քաղաքացու մեջ, և որը պետք է իսկապես տիրապետող դառնա հասարակական հարաբերություններում ՝ սրանից 5-10 տարի հետո և ապահովի մեր երկրի առաջընթացը։ Վերջին հաշվով մենք չհայտարարված, բայց մրցակցության մեջ ենք տարբեր երկրների և ընդհանրապես աշխարհի հետ։ Եվ այստեղ սայթաքումը կամ զլանալը, ինչ որ բան չանելը շատ աղետալի հետևանքների կարող է բերել՝ երկրի համար։ Շատ մասնագետներ ասում են՝ եկեք պահպանենք այն ինչը գոնե ունենք, ի նկատի ունենալով և՛ դասագրքերը, և՛ այն ծրագրերն ու մնացած բաները, որ կան։ Բայց նույնիսկ հաստատուն պահպանելու պարագայում ՝ մենք աշխարհից ետ ենք ընկնելու», – ասում է ֆիզ․մաթ․գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Back to top button