Հաջողվել է համաձայնության գալ խաղաղության պայմանագրի նախագծում 13 հոդվածների և նախաբանի շուրջ։ Հայաստանի իշխանություններն առաջարկում են ստորագրել արդեն համաձայնեցված կետերը, «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձավ հաճախ հնչող մտքին, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է։
«Նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից հիմնականում, մասնակի համաձայնեցված են, եթե ավելի առարկայական լինեմ՝ դրանց նախադասություններից մեկը համաձայնեցված է, մեկը` չէ։ ՀՀ-ն, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր հիմնաքարային դրույթները, առաջարկում ենք այս պահին վերցնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»,- ասել է նա։