ՀՀ ԱԺ նախագահն անիմաստ է համարում Արցախի հետ համագործակցության ձևաչափերի պահպանումը
ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանն այսօր մեկնարկել է արցախյան քննարկումներով։ Ընդդիմությունն ու խորհրդարանական մեծամասնությունը միմյանց ծանր մեղադրանքներ են ուղղել։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են նոր նախաձեռնությամբ հանդես գալ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով։ Իսկ խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ Հայաստան– Արցախ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը արմատական վերանայման կարիք ունի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խոսել է միջխորհրդարանական հանձնաժողովը լուծարելու մտադրության մասին։
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ պետք է քննարկել Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ձևաչափը չեղարկելու հարցը։ Նա այս պատասխանով արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ երկարատև ընդմիջումից հետո հանձնաժողովի նիստ գումարելու հարց–առաջարկին։ Միջխորհրդարանական համագործակցության այդ հանձնաժողովի նախագահը Հայաստանի խորհրդարանից հենց Ալեն Սիմոնյանն է։
«Երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այդ ֆորմատը այլևս չեղարկելու, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիճակ ՀՀ–ում որևէ մեկը այլևս չունի, և ես չգիտեմ՝ ում հետ պետք է դա քննարկեմ հավանական նիստի պարագայում։ Որպես իրավաբան՝ նույնպես համարում եմ, որ այլևս այդ ֆորմատը գոյություն չունի»։
Այդ նույն հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական խմբակցության» քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այլ հիմնավորմամբ է բացատրում առաջարկվող նիստին իր չմասնակցելը։
«Ես ցանկություն չունեմ անձնապես, օրինակ, հանդիպել ԼՂ պատգամավորների հետ, ինչ բառամթերքով են խոսում ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ մեծամասնության մասին։ Խայտառակություն ուղղակի, ու դուք մտածում եք, որ մենք իրենց հետ պետք է հանդիպե՞նք։ Իրենց հետ նախ՝ իրավապահները պետք է հանդիպեն, մի հատ հասկանան ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում լուծարեցին ԼՂ–ն»։
Խորհրդարանի ընդդիմությունը վկայակոչում է իրավական ակտերը, որոնցով որևէ մեկը իրավասու չէ Արցախի ԱԺ–ն և հանրության կողմից տրված մանդատները լուծարված համարել։ Այս թեման թեժացրեց ԱԺ նստաշրջանի մեկնարկը։
Արծվիկ Մինասյան. «Արցախի Հանրապետությունը ներկայացնող ժողովրդի կողմից ընտրված անձինք կան, և այդ անձինք պետք է իրացնեն իրենց իրավունքը»։
Արթուր Խաչատրյան. «ԼՂՀ օրենսդրության մեջ «Հանրապետության լուծարման» կետ չկա։ Ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահը այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի»։
Ալեն Սիմոնյան. «Նախ՝ ԼՂ նախագահ եզրույթ ինձ համար գոյություն չունի այլևս։ Երբ թուղթ էինք ստորագրում, տակը մի հատ կետ գրեիք։ Գրեիք՝ մեզ սրա մասին ուղղակի ասում են»։
Արծվիկ Մինասյան. «Եվս մեկ անգամ ականատես ենք լինում ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի այս ամբիոնից հերթական ուրացման դեպքերը»։
Ալեն Սիմոնյան. «Այդ մե՞նք էինք Արցախի, ՀՀ բանակը թալանում, մե՞նք էինք դղյակներ կառուցում, մե՞նք էինք փող աշխատում այդ ամեն ինչի մեջ։ Լո՞ւրջ։ Իսկ որ ասում եք՝ իրավական ակտերով։ Հարգելիներս, Սովետական Միության մասին տարբեր իրավական ակտերում շատ երկար ժամանակ հիշատակումներ կան և մինչև օրս վստահ եմ շատ երկրներումկա, բայց Սովետական Միությունը գոյություն չունի, չէ՞։ Եվ հերիք է աճպարարությամբ զբաղվեք խոսքի առումով»։
Նիստերի դահլիճից դուրս արդեն, լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԺ նախագահը պարզաբանեց, թե ինչու էին ՔՊ խմբակցության անդամների արձագանքները սուր։
«Մի քանի օրվա մեջ Արցախի էջը փակեցին։ Պատերազմից հետո ասում էին՝ այս իշխանությունը, մեկ տարի հետո պատերազմ է սկսվելու և այլն, և այլն։ Արցախի էջով փորձել են փակել ՀՀ էջը։ Դուք իրո՞ք չեք ընկալում դա։ Մենք ամեն ինչ արել ենք որ Արցախը ապագա ունենա, բայց Արցախի նորեկ իշխանությունները, որոնք ճնշմամբ Արցախի իշխանությունների հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա հանձնեցին և փախան Հայաստան։ Եկել են հիմա այստեղ Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում և փորձում են այդ մեղքը իրենց վրայից մաքրեն։ Չեն կարողանալու մաքրեն։ Երկրորդը՝ արդեն այդ շենքի իմաստը մենք պետք է նույնպես վերանայենք, այդ շենքը կարծում եմ, չպետք է այլևս նման բաներին ծառայի։ Ինչ վերաբերում է մնացածին, այո, ՀՀ–ում գոյություն չունի Արցախի նախագահ, Արցախի պատգամավորներ, ԱԺ նախագահ»։
Ալեն Սիմոնյանը չի ընդունում այն տեսակետը, որ Արցախից առաջինը հրաժարվել է հենց Հայաստանի գործող իշխանությունը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններով։
«Դա ռուսական նարատիվ է, որը իրականության հետ որևէ կապ չունի։ ՀՀ–ն երկու տարի գտնվել է հարձակումների ներքո Ռուսաստանի բաց աչքերի տակ, որը ՀՀ դաշնակիցն էր։ ՌԴ նախագահը բազմաթիվ անգամ նշել է, որ ԼՂ–ն հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մաս և նպատակը եղել է այդ չլուծված կարգավիճակը թողնել Հայաստանի վզին։ Պրահայի համաձայնագիրը դա ՀՀ ինքնիշխանությունը և անվտանգությունը ապահովող ամենավերջին և ամենահստակ փաստաթղթերից մեկն է»։
Չնայած թեմայի սրությանը, խորհրդարանական ընդդիմությունն ամեն դեպքում պատրաստվում է քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալ։ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթաց։ Հստակ ժամկետներ չեն նշում, խմբակցությունից ասում են՝ շուտով։