
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում քաղաքապետարանի պատասխանատուներից բացի նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներ և մայրաքաղաքի կրթական, մշակութային և աղոջապահական հիմնարկների տնօրեններ են: Հագեցած է նաև այցելության օրակարգը: Հանդիպումներ են եղել Ստեփանակերտի քաղաքապետարանում, ԼՂՀ նախագահն է ընդունել պատվիրակությանը, այցելություներ են եղել Արցախի շրջաններ և զորամասեր:
Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի, իսկ 2012 թվականին այն վավերացվել է համագործակցության հուշագրով: Այնպես որ՝ այս այցի ընթացքում արցախցի գործընկերոջ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ Տարոն Մարգարյանը քննարկել է երկամյա աշխատանքների արդյունքները: Քաղաքապետները եկել են այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է որ մայրաքաղաքների միջև հաջորդ համաձայնագիրը ստորագրվի ոչ թե երկու, այլ չորս տարով:
Մեկ այլ գաղափար, որ տարիների համագործակցության արդյունքում է ծնվել Երևանի և Արցախի շրջանների միջև կապերի հաստատումն է: Մարտունի քաղաքում Երևանի Արաբկիրի թաղապետարանն արդեն ներդրումներ ունի։
Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի պատվիրակության այցելության օրերին նաև մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել: Ստեփանակերտի տարբեր վայրերում տեղադրվել են Թերլեմեզյանի անվան գեղարվեստական քոլեջի ուսանողների քանդակները; Այցելություններ են եղել ոչ միայն Մարտունի, այլև Շուշի և Քարին Տակ գյուղ, տեսարժան վայրեր՝ Գանձասար, Ամարաս և Նիկոլ Դումանի տուն –թանգարան՝ Ծաղկաշատ գյուղում, ինչպես նաև զորամասեր և մարտական դիրքեր:
Այս օրերին Արցախ են հասել նաև Երևան-Ստեփանակերտ մարզա-առողջարարական արշավի մոտ 150 մասնակիցները, ովքեր հանգրվանել են Այգեստանի ճամբարում։




